Ոտքերի երիզակապում
From Wikipedia, the free encyclopedia
Ոտքերի երիզակապում կամ Լոտոսի ոտնաթաթ (չինարեն՝ 纏足), 10-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը Չինաստանում կիրառված սովորույթ (հիմնականում արիստոկրատ հասարակության մեջ)։ Աղջիկների ոտքերի մատները, բացի բութ մատից, գործվածքի շերտով ամրացվել են ոտնաթաթին և նրանց ստիպել քայլել փոքր չափ ունեցող կոշիկներով, ինչի հետևանքով ոտնաթաթերը զգալիորեն ձևախախտվել են՝ որոշ դեպքերում զրկելով հետագայում քայլելու հնարավորությունից։ Այդպիսի ոտքերն ավանդաբար անվանվել են «ոսկյա լոտոսներ»։ Ոտնաթաթի չափից էր կախված հարսնացուի հեղինակությունը, ընդ որում, համարվել է, որ բարձր հասարակությանը պատկանող կանայք չպետք է ինքնուրույն քայլեն։ Այդ «անզորությունը»՝ առանց կողմնակի օգնության քայլելու անընդունակությունը, ըստ գրական վկայությունների, կին-արիստոկրատների գրավիչ առանձնահատկություններից մեկն է համարվել. առողջ և չձևախախտված ոտքերն ասոցացվել են գյուղական աշխատանքի և «նվաստ ծագման» հետ։
Ոտքերի երիզակապում | |
---|---|
Տեսակ | Չինաստանի մշակույթ, բռնություն երեխաների նկատմամբ և մարմնի ձևափոխություն |
Ենթադաս | մարմնի ձևափոխություն, ոտքի ձեռքբերովի դեֆորմացիա և փոփոխություն |
Foot binding Վիքիպահեստում |
Մոնղոլական Յուան և մանջուրական Ցին դինաստիայի տիրապետության ներքո Չինաստանում փոքր ոտքերը դարձել են ազգային նույնականության և «քաղաքակրթվածության» խորհրդանիշ[1], քանի որ մոնղոլ և մանջուր կանայք ոտքերը չեն երիզակապել։
20-րդ դարի սկզբին Կան Յուվեյը, Սու Մանշուն և այլ հասարակական գործիչներ ոտքերի երիզակապումը խստորեն քննադատել են։ Սինհայական հեղափոխությունից հետո՝ 1911 թվականին, և հանրապետություն դառնալուց հետո այս սովորույթն աստիճանաբար վերացել է։ 21-րդ դարի սկզբին չինական հասարակության մեջ դեռևս կարելի է տեսնել տարեց կանանց, ովքեր այս եղանակով խեղված ոտնաթաթեր ունեն։