Չժենգ Հե
From Wikipedia, the free encyclopedia
Չժենգ Հե (չինարեն ավանդ. 鄭和, հեշտ. 郑和 , պինին: Zhèng Hé, 1371[1][2][3][…], Կունմին, Յուան - 1433[4][5][6] կամ 1435[7], Նանկին, Մին դինաստիա), չինացի ճանապարհորդ, նավատորմի հրամանատար և դիվանագետ։ Ղեկավարել է յոթ խոշոր ծովային ռազմա-առևտրական արշավախմբեր դեպի Հնդկաչին, Հինդուստան, Արաբական թերակղզի և Արևելյան Աֆրիկա։ Ներկայումս Չինաստանում Չժենգ Հեն համարվում է ամենաականավոր չինացիներից մեկը, որի արշավները ներկայացվում են որպես Չինաստանի՝ իր հարևանների հետ տարվող խաղաղ քաղաքականության մի մաս[9]։
Չժենգ Հե չինարեն՝ 鄭和 | |
---|---|
Ծնվել է | 1371[1][2][3][…] |
Ծննդավայր | Կունմին, Յուան |
Մահացել է | 1433[4][5][6] կամ 1435[7] |
Մահվան վայր | Նանկին, Մին դինաստիա |
Գերեզման | Tomb of Zheng Da Chia |
Քաղաքացիություն | Մին դինաստիա[8] |
Ազգություն | Hui people? |
Կրոն | իսլամ |
Երկեր | Ճանապարհորդություն դեպի Չժենգ Հե |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, դիվանագետ, ղեկապետ, ներքինի և ճանապարհորդ |
Աշխատավայր | Yongle Emperor?, Hongxi Emperor? և Xuande Emperor? |
Ծնողներ | հայր՝ Hajji Ma? |
Zheng He Վիքիպահեստում |
Չինական առևտրական մասնավոր նավերը Հարավային Չինաստանի ու Հարավարևելյան Ասիայի միջև նավարկում էին դեռ Սուն արքայատոհմի տիրապետության ժամանակվանից, իսկ մոնղոլական Յուան արքայատոհմի օրոք կատարվում էին նաև ռազմադիվանագիտական արշավանքներ Հարավարևելյան Ասիայի երկրներ ու անգամ Շրի Լանկա, սակայն Չժենգ Հեի արշաբախումբն աննախադեպ էր իր մեծությամբ ու Չժու Դի կայսեր կողմից արշավին տրված մեծ նշանակությամբ։ Այս արշավախմբերը, թեև ձևականորեն ու կարճ ժամանակով (մի քանի տասնամյակ), բայց Մալայական թերակղզու թագավորությունները, Ինդոնեզիան, Շրի Լանկան ու Հարավային Հնդկաստանը դարձրին Մինյան կայսրության վասալներ և Չինաստան հասցրին նոր տեղեկություններ Հնդկական օվկիանոսի ափերին բնակվող ժողովուրդների մասին։ Ենթադրվում է, որ Մալայական թերակղզու, Սումատրայի ու Յավայի պատմական զարգացման վրա չինական նավատորմն ավելի երկարատև ազդեցություն է ունեցել, քանզի նրանք եղան այն գործոններից մեկը, որ նպաստեցին չինացիների նոր խմբերի գաղթին դեպի այդ տարածաշրջան և այդտեղ չինական մշակույթի դերի մեծացմանը։
Նույնիսկ Չժենգ Հեի գլխավոր հովանավորի՝ Չժու Դի կայսեր օրոք Չժենգ Հեի արշավանքները ենթարկվում էին սուր քննադատության Չինաստանի կոնֆուցիական բարձր խավի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, որոնք համարում էին, որ կայսեր այդ նախաձեռնությունները պետք չեն և թանկ են նստում։ Չժենգ Հեի ու Չժու Չժանցզիի (Չժու Դիի թոռան) մահից հետո արշավանքներին դեմ արտահայտվողներ կային արդեն Մինյան Չինաստանի կառավարության բոլոր մակարդակներում։ Արդյունքում ծովային արշավանքները դադարեցվեցին, իսկ Չժենգ Հեի նավատորմի մասին եղած տեխնիկական տեղեկությունների մեծ մասը ոչնչացվեց կամ կորավ։ Պաշտոնական «Մինի պատմությունը», որ կազմվել է 17-18-րդ դարերում, այդ արշավանքների մասին արտահայտվում է քննադատաբար, սակայն Չինաստանի բնակիչներից շատերի ու հատկապես Հարավարևելյան Ասիայում բնակություն հաստատած չինացիների համար Չժենգ Հեն մնում է ազգային հերոս։
20-րդ դարի սկզբում, երբ սկիզբ է առել Չինաստանն օտար տիրապետությունից ազատագրելու շարժումը, Չժենգ Հեի կերպարը նոր ժողովրդականություն ստացավ[10]։ Ժամանակակից ՉԺՀ-ում Չժենգ Հեն դիտվում է որպես երկրի պատմության ամենանշանակալի մարդկանցից մեկը, իսկ նրա նավարկությունները (սովորաբար դրանք ներկայացվում են որպես Չինաստանի խաղաղ քաղաքականություն հարևան երկրների նկատմամբ) հակադրվում են եվրոպական գաղութարարների՝ 16-19-րդ դարերի նվաճողական արշավանքներին[11]։