Ջրհեղեղից հետո
Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի նկարը / From Wikipedia, the free encyclopedia
«Ջրհեղեղից հետո» (անգլ.՝ After the Deluge), այլ անվանումները՝ «Քառասունմեկերորդ օրը» (անգլ.՝ The Forty-First Day) և «Արևը» (անգլ.՝ The Sun), անգլիացի նկարիչ Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի նկարը՝ նկարված 1891 թվականին։
Ջրհեղեղից հետո After the Deluge | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջորջ Ֆրեդերիկ Ուոթս[1] |
տարի | 1891 և 1886[2] |
բարձրություն | 104 սանտիմետր[3] |
լայնություն | 178 սանտիմետր[3] |
ուղղություն | սիմվոլիզմ |
ժանր | հոգևոր արվեստ և ծովանկար |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Watts Gallery?[1] |
հավաքածու | Watts Gallery?[2] |
հիմնական թեմա | Ջրհեղեղի մասին բիբլիական պատմություն |
Ծանոթագրություններ |
Նկարում պատկերված է ջրհեղեղի մասին առասպելի սյուժեից մի տեսարան, որտեղ 40 օր անընդհատ տեղացող անձրևից հետո Նոյը բացում է տապանի պատուհանը և տեսնում, որ այն վերջապես ավարտվել է։ Կտավը նկարված է ծովանկարչության ոճով՝ առավելապես վառ գույներով, տեսարանում գերիշխում է այն, թե ինչպես է ամպերի միջով ծակում անցնում արևի լույսը։ Նույն սյուժեն Ութսոնի կողմից օգտագործվել է 1878 թվականին «Հունական պոեզիայի հանճարը» աշխատանքում, որը, սակայն, տարբերվում է ջրհեղեղի այլ փուլի ներկայացմամբ։ Միևնույն ժամանակ «Ջրհեղեղից հետո» նկարում նկարիչն ակնհայտորեն ցանկացել է արտահայտել աշխարհի մոնոթեիստական տեսլականը՝ միտումնավոր խուսափելով արարման ժամանակ Աստծուն ուղղակիորեն պատկերելուց։ Իր գեղարվեստական կարիերայի նույն ժամանակաընթացքում Ուոթսը՝ սիմվոլիզմի ապագա ներկայացուցիչը, նկարել է ջրհեղեղի և հասարակությունն անարժան մարդկանցից մաքրելու թեմաներով բազմաթիվ կտավներ՝ ենթադրելով, որ աշխարհը կդառնա բարոյական արժեքների անկման զոհ։ Դիտմամբ պարզեցված «Արև» անվանումով նկարը ցուցադրվել է 1886 թվականին Ուայդչեպելի Սուրբ Հուդայի եկեղեցում, բայց հետագա 5 տարիների ընթացքում Ուոթսը շարունակել է աշխատել կտավի վրա։ 1891 թվականին նկարի վերջնական տարբերակը՝ «Ջրհեղեղից հետո» անվանումով, ցուցադրվել է Լոնդոնի Նոր պատկերասրահի ցուցադրության ժամանակ, իսկ 1902-1906 թվականների ընթացքում ցուցադրվել է ամբողջ երկրում։ Չնայած նկարի վերաբերյալ ժամանակակիցների ունեցած հիացական արձագանքներին՝ Ուոթսն այն չի ներառել ազգին տված պարգևների շարքում, քանի որ տվյալ աշխատանքը չէր համարում իր առավել նշանակալի ստեղծագործություններից մեկը։ 1904 թվականին՝ նկարչի մահից շատ չանցած, նկարը հանձնվել է Կոմպտոնում գտնվող Ուոթսի պատկերասրահին (Գիլֆորդ, Սուրրեյ կոմսություն, Անգլիա), որտեղ էլ այժմ գտնվում է։