From Wikipedia, the free encyclopedia
Սադափ, (գերմ.՝ Perlmutter «մարգարիտի մայր»), քաղցրահամ ջրերի և ծովային փափկամարմինների խեցիների ներքին շերտը, բնական ծագում ունեցող օրգանական և անօրգանական նյութերի համակցություն, արտադրվում է փափկամարմինների կողմից, կազմում է նաև մարգարիտների արտաքին ծածկույթը։ Ամուր է, դիմացկուն և ծիածանագույն փայլով։ Գտնվում է երկփեղկանիների, փորոտանիների և գլխոտանիների մի քանի հնագույն տարատեսակների խեցիներում։ Փափկամարմինների խեցիների ճնշող մեծամասնության մեջ ներքին շերտն օժտված չէ սադափե երփներանգ փայլով։ Մարգարիտի արտաքին, նրա ոստրեի ներքին շերտերը և քաղցրահամ ջրերի մարգարիտների ոստրեների մակերևույթը իրենցից ներկայացնում են սադափ։
Սադափի խեցիների արդյունահանման գլխավոր վայրերն են Պարսից ծոցը, Կարմիր ծովը, Ցեյլոնը, Ճապոնիան, Բոռնեոն, Ֆիլիպինները, Խաղաղ օվկիանոսի մի քանի արևադարձային կղզիներ։ Սադափը ստանում են նաև քաղցրահամ ջրերում ապրող փափկամարմինների մի քանի տեսակներից, մասնավորապես սովորական մարգարտախեցիներից։
Հաճախ այդ խեցիները հանդիսանում են մարգարտի արտադրության (մարգարտի արհեստական աճեցում) կողմնակի արդյունքը։
2012 թվականին հետազոտողները, նմանակելով սադափի աճի բնական ընթացքը, լաբորատորիայում ստացան կալցիումական սադափ[1]։ 2014 թվականին սադափի անալոգ ստանալու նպատակով հետազոտողներն օգտագործեցին լազերային ճառագայթներ ապակու մեջ եռաչափ միկրոճաքեր առաջացնելու համար։ Այնուհետև, երբ այդ շերտերը հարվածների ենթարկվեցին, միկրոճեղքերը ցրում էին էներգիան և թույլ չէին տալիս ապակուն փշրվել։ Ընդհանուր առմամբ մշակված ապակին ըստ հաղորդած տվյալների 200 անգամ ավելի կարծր է քան անմշակ ապակին[2]։
Սադափը բաղկացած է 10-20 մկմ լայնությամբ և 0,5 մկմ հաստությամբ արագոնիտի (կալցիումի կարբոնատ) հեքսագոնալ սկավառակներից։ Այդ շերտերն իրարից բաժանված են օրգանական մատրիցաների թերթիկերով, որոնք իրենցից ներկայացնում են էլաստիկ կենսապոլիմերներ, ինչպիսիք են խիտինը և մետաքսանման սպիտակուցները։ Այդ փխրուն շերտերի ու էլաստիկ բիոպոլիմերների ամբողջությունը նյութը դարձնում է ամուր և առաձգական, Յունգի մոդուլը 70ԳՊա, երբ սադափը գտնվում է չոր վիճակում[4]։ Ամրությունն ու առաձգականությունը կապված են նրա շերտերի «աղյուսաձև» կառուցվածքի հետ, որը խոչընդոտում է ուղղահայաց ճեղքերի առաջացմանը։ Շերտերի ավելացմանը զուգընթաց մեծանում է ամրությունը, խոշոր չափերի դեպքում սադափի ամրությունն այնքան է մեծանում, որ այն կարելի է համեմատել սիլիցիումի ամրության հետ։
Սադափը ծիածանափայլ է երևում, որովհետև արագոնիտի թիթեղների հաստությունը մոտ է տեսանելի լույսի ալիքի երկարությանը։ Շերտավոր կառույցները քայքայում են տեսողության տարբեր անկյուններից տարբեր ալիքի երկարություն ունեցող լույսի ալիքները, առաջացնելով կառուցվածքային գունավորում։
Սադափի բյուրեղի c առանցքը համարյա ուղղահայաց է նրա արտաքին մակերևույթին, մնացած առանցքների ուղղությունները փոփոխվում են խմբերի միջև։ Գտնվել է, որ սադափի հարակից շերտերի c առանցքի կողմնորոշումները կտրուկ տարբերվում են միմյանցից, սովորաբար անկանոն, ուղղահայաց առանցքի նկատմամբ մինչև 20° շեղումներով[5][6]։ Երկփեղկանի և գլխոտանի փափկամարմինների խեցիներում բյուրեղի b առանցքն ուղղված է նրա աճման մակերևույթին ուղղահայաց, այն դեպքում, երբ մոնոպլակոֆորների մոտ այդ առանցքը զուգահեռ է մակերևույթին[7]։ Սադափի բյուրեղում «աղյուսների» բլոկավորումը մեծ ազդեցություն է թողնում ինչպես նրա դեֆորմացիայի այնպես էլ ամրության վրա[8]։ Բացի դրանից հանքային և օրգանական կառուցվածքն ապահովում է ավելորդ առաձգականությամբ և ամրությամբ[9][10][11]։
Սադափի ձևավորումը դեռ ամբողջությամբ հասկանալի չէ։ «Pinna nobilis» փափկամորթի վրա դիտարկումները ցույց են տվել, որ սկզբում գոյանում են 50-80 նմ չափերով օրգանական մատրիցաները, որոնք ունեն թելանման բազմաբյուրեղային կառուցվածք[12]։ Օրգանական բաղադրիչներն աստիճանաբար բազմանում են և, երբ հասնում է իրենց կրիտիկական քանակին, միաձուլվում են նախկինում ձևավորված շերտերին։ Սադափի աճը պայմանավորված է անօրգանական շերտերի աճով՝ միջնորդավորված օրգանական բաղադրիչով, որն էլ վերահսկում է բյուրեղի աճի սկիզբը, տևողությունը և ձևը[13]։ Ենթադրվում է որ արագոնիտային «աղյուսները» արագ աճում, տարածվում են մինչև հարևան «աղյուսները»[7]։ Դա բերում է սադափին բնորոշ հեքսագոնալային խիտ դասավորություն[7]։ Աղյուսները կարող են լինել պատահական դիսպերսված տարրերի վրա[14], սպիտակուցների հստակ որոշակի տեղակայումներով[15], կամ էլ կարող են աճել հանքային ծագում ունեցող կամրջակներից, որոնք ձգվում են հիմնական շերտից[16][17]։ Սադափը տարբերվում է թելիկավոր արագոնիտից՝ նույն տեսակին պատկանող փխրուն միներալից, նրանով, որ բյուրեղի c առանցքի (սադափում խեցու մակերևույթին ուղղահայաց) աճը սադափի մոտ դանդաղ է, թելիկավոր արագոնիտի մոտ՝ արագ[18]։ Սադափն արտադրվում է տարբեր փափկամարմինների արտաքին էպիթելային հյուսցածքի բջիջների կողմից։ Սադափն անընդհատ նստում է խեցու ներքին մակերևույթի վրա առաջացնելով ծիածանափայլ սադափի շերտեր, որոնք հարթեցնում են պատյանի պատերը, միևնույն ժամանակ պահպանում են փափուկ հյուսվածքները պարազիտներից և մեկուսացնում են աղբը, այն թողնելով սադափի հերթավորված շերտերի մեջ։ Վերջին դեպքում կամ առաջանում է պատյանի ներսի մակերևույթին կպած մարգարտի բշտիկ, կամ ազատ մարգարիտ՝ փափկամարմնի հյուսվածքներում։ Այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ փափկամարմինը կենդանի է։
Առևտրային մարգարիտի հիմնական աղբյուրները եղել են մարգարտային ոստրեները, քաղցրահամ ջրերի մարգարտային միդիաները, և ավելի քիչ՝ ականջախեցին, որը հայտնի է դարձել իր ամրությամբ և գեղեցկությամբ XIX դարի երկրորդ կեսին։
Լայնորեն կիրառվում էր սադափե կոճակների արտադրությունում, հատկապես 1900-ական թվականներին։ Մարգարտի միջազգային առևտուրը կարգավորվում է վայրի ֆլորայի և ֆաունայի՝ ոչնչացման վտանգի տակ գտնվող տեսակների մասին միջազգային Կոնվենցիայով, համաձայնությունը ստորագրել են ավելի քան 170 երկրներ[19]։
Բոլոր գույների սադափներն օգտագործվում են ճարտարապետության մեջ։ Բնական սադափը արհեստականորեն կարելի է ներկել ցանկացած գույն, այն կարելի է նաև կտրել, խճանկարներ ձևավորել։ Սադափե խճանկարները ձեռքով կիպ դասավորելուց հետո լամինացնում են (լամինացիոն շերտի հաստությունը մոտ 2 մմ)։ Այնուհետև լաքապատում ու փայլեցնում են, նրան հաղորդելով ամուր և ապակենման փայլուն մակերևույթ։ Այս կերպ սադափե խճանկարը կարելի է կպցնել ոչ միայն մարմարի, կամ շինարարական սալիկի հիմքի վրա, այլ նաև թեթև սինթետիկ նյութերի մակերևույթներին, արդյունքում ստացվում է թեթև շինանյութ, որի չափերը սահմանափակ չեն։ Այդպիսի սադափե սալիկները կարող են օգտագործվել ներսի հատակների համար, արտաքին և ներքին պատերի համար, դռների, առաստաղների և սեղանի երեսների համար։ Սադափը հեշտությամբ է ներդրվում ճարտարապետեկան տարրերում, օրինակ՝ սյուներ, կահույք և այլն։
Սադափը հաճախ օգտագործվում է երաժշտական գործիքների ստեղնաշարերի վրա, ինչպես նաև այլ դեկորատիվ նպատակներով։ Երբեմն ակկորդեոնների և տարբեր այլ համերգային գործիքների ամբողջ իրանը պատված են լինում սադափով, իսկ որոշ կիթառների նվագատախտակը, կամ գլուխը պատում են սադափով։ Երբեմն կիթառների համապատասխան մասերը պատում են պլաստիկի շերտով սադափի տեսք ստանալու համար։ Բուզուկին և բուլամին (ջնարի կամ վինի ընտանիքին պատկանող հունական կսմիթավոր լարային գործիք) սովորաբար ունենում են սադափե զարդանախշեր այնպես, ինչպես մերձավոր արևելյան ուդը (սովորաբար ձայնային անցքերի շուրջը և գործիքի հակառակ կողմը)։ Աղեղնալարային գործիքներ, ինչպիսիք են ջութակը և թավջութակը, ևս հաճախ ունենում են սադափե դրվագազարդում։ Այն ավանդաբար օգտագործում են սաքսոֆոնի բանալիների, ինչպես նաև փողային և լատունից պատրաստված այլ գործիքների ստեղնների վրա։
Սադափը երբեմն օգտագործվում է ձկան խավիարի համար նախատեսված գդալներ պատրաստելու համար, որպեսզի նրա համը չփչանա մետաղյա գդալներից։
Սադափե կոճակներն օգտագործվում են հագուստների վրա կամ ֆունկցիոնալ կամ դեկորատիվ նպատակներով։
Սադափն օգտագործվում է նաև դեկորատիվ ժամացույցների, դանակների, զենքերի, ինչպես նաև ոսկերչության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.