Սահմանական եղանակ
From Wikipedia, the free encyclopedia
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ կերպով կատարվող, կատարված կամ կատարելի գործողություն կամ եղելություն։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս ստույգ գործողություն ոչ թե բացարձակ կերպով, այլ խոսողի ներկայացմամբ, այսինքն՝ սահմանական եղանակով կարող են արտահայտվել նաև այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, բայց դա քերականական տեսակետից նշանակություն չունի[1]։
Հայերենում բայի սահմանական եղանակն ունի յոթ ժամանակաձև, որոնցից վեցը բաղադրյալ են, մեկը՝ պարզ։ Բաղադրյալ ժամանակաձևերը կազմվում են անկատար, ապակատար, վաղակատար ձևաբայերով ու օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերով։
Սահմանական եղանակի յոթ ժամանակաձևերից մեկը (անկատար ներկա) մտնում է ներկա ժամանակի մեջ, մեկը (ապակատար ներկա)` ապառնի ժամանակի մեջ, իսկ մնացած հինգը (վաղակատար ներկա, վաղակատար անցյալ, անկատար անցյալ, ապակատար անցյալ, անցյալ կատարյալ) մտնում են անցյալ ժամանակի մեջ։