Սեռ (կենսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Սեռ (լատին․՝ sexus ՝ «սեռ»), օրգանիզմների հատկանիշների ամբողջությունն է, որը սերտորեն կապված է բազմացման հետ և որով տարբերվում են արական և իգական անհատները[1][2]։ Սեռական բազմացումը գենետիկական հատկանիշների միավորումն է և փոփոխումը. հատուկ մասնագիտացած բջիջները՝ գամետները (սեռական բջիջները), միավորվում են՝ առաջացնելով ապագա օրգանիզմը, որը ժառանգում է ծնողական հատկանիշները։ Գամետները կարող են իրենց կառուցվածքով և գործառույթով միանման լինել (իզոգամիա), սակայն սովորաբար էվոլյուցիայի հետևանքով ձևավորվել են սեռականորեն տարբերակված գամետներ (հետերոգամետներ, երևույթը՝ անիզոգամիա)։
- Այս հոդվածը կենսաբանական սեռի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սեռ (այլ կիրառումներ)։
Մարդու և կաթնասունների մոտ արական օրգանիզմը սովորաբար կրում է XY սեռական քրոմոսոմներ, այն դեպքում, երբ իգական օրգանիզմի մոտ առկա են XX քրոմոսոմները։ Սա XY սեռի որոշման համակարգն է։ Այլ կենդանիների մոտ կան սեռի որոշման այլ համակարգեր, ZW սեռի որոշման համակարգը՝ թռչունների և X0 սեռի որոշման համակարգը՝ միջատների մոտ։
Առանձնյակի մոտ ձևավորվող գամետների տեսակը պայմանավորված է օրգանիզմի սեռով։ Արական առանձնյակների մոտ ձևավորվում են արական գամետներ (սպերմատոզոիդներ կամ սպերմա՝ կենդանիների մոտ և փոշի՝ բույսերի մոտ), իսկ իգական առանձնյակների մոտ՝ իգական գամետներ (ձվաբջիջներ)։ Առանձին օրգանիզմների մոտ կարող են ձևավորվել և՛ արական, և՛ իգական գամետներ։ Այս օրգանիզմներն անվանվում են հերմաֆրոդիտներ։ Ավելի հաճախ տարբեր սեռ ունեցող օրգանիզմները ֆիզիկապես տարբեր են։ Այս երևույթն անվանվում է սեռական տարբերակում (երկձևություն)։ Սեռական տարբերակումը հատուկ է կենդանիների և բույսերի հսկայական մեծամասնությանը և պայմանավորվում է բջջաբանական, ձևաբանական, կենսաքիմիական և ֆիզիոլոգիական մի շարք հատկանիշների տարբերությամբ։ Տարբեր օրգանիզմների սեռական տարբերակման աստիճանը և բնույթը տարբեր են։ Օրգանիզմների մեծամասնության, հատկապես կենդանիների արական և իգական անհատներն իրարից տարբերվում են հստակ, առաջին հայացքից հեշտորեն որոշվող հատկանիշներով, իսկ ցածրակարգ ձևերի սեռական տարբերությունները ավելի թույլ են արտահայտված և երբեմն աննկատելի են։