Սիրտ
From Wikipedia, the free encyclopedia
Սիրտ(լատին․՝ cor, հուն․՝ καρδιά, kardia), մարդու և կենդանիների մկանային օրգան, որն արյունատար անոթներ է մղում արյունը[1]։ Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր, ինչպես նաև ապահովում նյութափոխանակության արգասիքների հեռացում[2]։ Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում[3]։
Սիրտ | |
---|---|
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան |
Մասն է | արյան շրջանառության համակարգ |
Կազմված է | աջ և ձախ նախասրտեր, աջ և ձախ փորոքներ |
Անատոմիական տեղայնացում | կրծքավանդակ |
Լատիներեն անվանում | cor |
Համակարգ | սիրտանոթային |
Զարկերակ | աորտա, թոքային ցողուն, աջ պսակային զարկերակ, ձախ հիմնական պսակային զարկերակ |
Երակ | վերին սիներակ, ստորին սիներակ, թոքային երակներ, մեծ սրտային երակ, փոքր սրտային երակ, միջին սրտային երակ, առաջային սրտային երակ |
Նյարդ | թափառող նյարդ, |
Նյարդայնացած | cardiac plexus? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | heart development? |
Միանում է | զարկերակներ և երակ |
Արտադրում է ձայն | Սրտի տոներ |
Մասնագիտություն | սրտաբանություն |
Տաքսոն | կենդանիներ |
MeSH | A07.541 |
Terminologia Anatomica 98 | A12.1.00.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, 1911 Encyclopædia Britannica, The New Student's Reference Work և Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում |
Heart (organ) Վիքիպահեստում |
Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից[4][5]։ Աջ փորոքը և նախասիրտը միասին ընդունված է անվանել աջ սիրտ, իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ[6]։ Ձկների սիրտը կազմված է երկու խոռոչից՝ մեկ նախասրտից և փորոքից, սողունների սիրտն ունի երեք խոռոչ[5]։ Առողջ սրտում արյունը սրտի փականների շնորհիվ հոսում է միայն մեկ ուղղությամբ․ սրտի փականները արգելակում են արյան հետադարձ շրջանառությունը[3]։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝ սրտապարկում (պերիկարդում), որը պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդից, միոկարդից և էնդոկարդից[7]։
Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են գրգիռներ, որոնք անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով և սրտի հաղորդչական համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։ Արյան շրջանառության մեծ շրջանից վերին և ստորին սիներակների միջոցով աջ նախասիրտ է լցվում թթվածնով աղքատ արյունը, որն այնուհետև անցնում է աջ փորոք, որտեղից այն մղվում է թոքային շրջանառության։ Արյունը մղվում է թոքեր, որտեղ արտազատվում է ածխաթթու գազը և արյունը նորից հարստանում է թթվածնով։ Արյունը թոքային շրջանառությունից վերադառանում է սրտի ձախ նախասիրտ, անցնում՝ ձախ փորոք և աորտայի միջոցով մղվում դեպի օրգաններ, որտեղ թթվածինն օգտագործվում է նյութափոխանակության մեջ՝ վերածվելով ածխաթթու գազի[8]։ Սիրտը կծկվում է րոպեում մոտ 72 անգամ[9]։ Ֆիզիկական վարժությունները ժամանակավոր մեծացնում են սրտի կծկման ռիթմը, ապա երկարաժամկետ նվազեցնում այն, որն օգտակար է սրտի առողջության համար[10]։
Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը[11][12]։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով[11]։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն[13]։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ, ստետոսկոպով սրտի տոների և աղմուկների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ[3]։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ[12]։