Սկանդինավյան մոդել
From Wikipedia, the free encyclopedia
Սկանդինավյան մոդել (տարածված են նաև Շվեդական մոդել, Հյուսիսեվրոպական մոդել, Հյուսիսեվրոպական սոցիալ-դեմոկրատիա տարբերակները[1][2]), Հյուսիսային Եվրոպայի երկրների՝ Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի սոցիալ-տնտեսական մոդել։
Չնայած, որ հյուսիսեվրոպական երկրների մեջ կան էական տարբերություններ, նրանք բոլորը ունեն ընդհանուր որոշակի գծեր։ Դրանց թվում են սոցիալական պետություն կատեգորիան, որը կոնկրետ ուղղված է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության կայունությունը։ Սկանդինավյան մոդելը, սոցիալական պետության մյուս մոդելներից, տարբերվում է աշխատուժի բարձր մասնակցությամբ (համընդհանուր զբաղվածություն), գենդերային հավասարությամբ, էգալիտար և համընդհանուր սոցիալական պաշտպանությամբ, ռեսուրսների բաշխվածության բարձր մակարդակով[3]։
Սկանդինավյան մոդելին բնորոշ է համընդհանուր բարեկեցությունը, ինչպես նաև անհատականության լայն դրսևորումը։ Մոդելի հեղինակը համարվում է Էրստա Շկոնդալ համալսարանի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Լարս Տրագարդը։ Տրագարդը մոդելը անվանել է նաև «պետական ինդիվիդուալիզմ»[4]։ Շատ հաճախ այս մոդելը անվանում են սոցիալիստական, իսկ որոշ տեսաբաններ էլ մոդելը անվանում են «կապիտալիստական սոցիալիզմ»։ Սկանդինավյան մոդելը, որպես այդպիսին, կարելի է բնութագրել որպես «ոսկե միջին»։ Մոդելը ոչ կապիտալիստական է և ոչ էլ սոցիալիստական՝ փորձելով համադրել երկու ուղղությունների հաջողված ասպեկտները[5]։ 2013 թվականին The Economist-ը հայտարարել է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները ունեն կառավարման ամենաարդյունավետ համակարգը[4]։
Հյուսիսային երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ տնտեսական և սոցիալական մոդելները, որոնք կարող են միմյանցից էականորեն տարբերվել։ Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ վերջին 20 տարիներում էլ ավելի են զարգացրել իրենց տնտեսություններին բնորոշ լիբերալ-շուկայական մեխանիզմները։ Շվեդիայում, վերջին տասնամյակի ընթացքում, նեոլիբերալ քաղաքականությունը և պետական հատվածի դերի կրճատումը հանգեցրել են ՏՀԶԿ անդամ երկրների շարքում բնակչության անհավասար աճի ամենաբարձր ցուցանիշներին[6]։ Սակայն, Շվեդիան սոցիալական հավասարության տեսանկյունից զբաղեցնում է առաջին հորիզոնականներից մեկը[7]։