Սուրբ Պետրոսի տաճար
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Պետրոսի պապական բազիլիկ Վատիկանում (իտալ.՝ Basilica Papale di San Pietro in Vaticano) կամ պարզապես Սուրբ Պետրոսի բազիլիկ (լատին․՝ Basilica Sancti Petri), կաթոլիկ տաճար Վատիկանում։
Կառուցվել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանում[1], և նրա կերտման գործում մեծ ներդրում են ունեցել Դոնատո Բրամանտեն, Միքելանջելոն, Կառլո Մադերնան և Լորենցո Բերնինին։ Աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է[2]։ Չնայած նրան, որ Կաթոլիկ եկեղեցու մայր տաճարը չէ, և ոչ էլ Հռոմեական թեմի առաջնորդարանը, համարվում է ամենանվիրական կաթոլիկ սրբավայրերից մեկը։ Սուրբ Պետրոսի տաճարը նկարագրվել է որպես «Քրիստոնեական աշխարհում եզակի դիրք ունեցող»[3] և «Քրիստոնեական աշխարհի բոլոր եկեղեցիներից ամենամեծը»[1][4]։
Ըստ կաթոլիկ ավանդությա՝ տաճարը կառուցվել է Հիսուսի առաքյալներից մեկի՝ Պետրոս առաքյալի շիրիմի վրա։ Վերջինս համարվում է Հռոմի քրիստոնյա համայնքի առաջին եպիսկոպոսը և, ըստ այդմ՝ առաջին Հռոմի պապը։ Սուրբ Պետրոսի գերեզմանը ենթադրաբար գտնվում է անմիջապես բազիլիկի Ավագ խորանի տակ։ Այդ իսկ պատճառով, վաղ քրիստոնեական ժամանակաշրջանից սկսած՝ շատ պապեր հուղարկավորվել են Սուրբ Պետրոսում։ Դեռևս Կոստանդիանոս Մեծ կայսեր ժամանակաշրջանից տաճարի տեղում գոյություն է ունեցել եկեղեցի։ Ներկայիս կառույցը փոխարինել է վերոհիշյալ՝ Հին Սուրբ Պետրոսի բազիլիկին․ վերջինիս շինարարությունը սկսվել է 1506 թվականի ապրիլի 18-ին և ավարտվել 1626 թվականի նոյեմբերի 18-ին[5]։
Սուրբ Պետրոսի տաճարը հայտնի է որպես ուխտավայր, ինչպես նաև կրոնական գործառույթների անցկացման վայր։ Տարվա ընթացքում Հռոմի պապը մի շարք պատարագներ է մատուցում, որոնք իրականացվում են թե՛ բազիլիկում, և թե՛ նրա հարակից Սուրբ Պետրոսի հրապարակում[6]։ Դրանց մասնակցում է 15000-80000 մարդ։ Սուրբ Պետրոսի բազիլիկը շատ պատմական զուգորդումներ ունի Վաղ քրիստոնեության, Պապության, Ռեֆորմացիայի և Հակառեֆորմացիայի բարեփոխումների, ինչպես նաև բազմաթիվ արվեստագետների հետ, ինչպիսին է Միքելանջելոն։ Որպես ճարտարապետական կառույց, այն համարվում է իր ժամանակի ամենահոյակերտ շինությունը[7]։ Նաև աշխարհի չորս Մեծ բազիլիկներից մեկն է։ Հարկ է նշել, որ այդ վարկանիշին պատկանող բոլոր բազիլիկներն էլ գտնվում են Հռոմում։ Ի տարբերություն հանրային ընկալման, դա տաճար չէ, քանի որ եպիսկոպոսական աթոռանիստ չէ։ Հռոմի Պապի նստավայրը գտնվում է Սան Ջիովանի ին Լաթերանո բազիլիկում։