From Wikipedia, the free encyclopedia
Վիկտոր Անդրեևիչ Յուշչենկո (ուկրաիներեն՝ Віктор Андрійович Ющенко , փետրվարի 23, 1954[1], Խորուժևկա, Նեդրիգայլովի շրջան, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ, Ուկրաինայի վարչապետը 1999-2001 թվականները, Ուկրաինայի նախագահը 2005-2010 թվականներին։
Վիկտոր Յուշչենկո ուկրաիներեն՝ Віктор Андрійович Ющенко | |
Կուսակցություն՝ | Մեր Ուկրաինան, ԽՄԿԿ և People's Democratic Party? |
---|---|
Կրթություն՝ | West Ukrainian National University? |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1998) |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | փետրվարի 23, 1954[1] (70 տարեկան) |
Ծննդավայր | Խորուժևկա, Նեդրիգայլովի շրջան, Սումիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Віктор Андрійович Ющенко |
Ամուսին | Kateryna Yushchenko? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է 1954 թվականի փետրվարի 23-ին Սումի մարզի Նեդրիգայլովսկի շրջանի Խորժևկա գյուղում՝ ուսուցիչների ընտանիքում։ Ըստ Ուկրաինայի ԳԱԱ Պատմության ինստիտուտի ծագումնաբանական և հերալդիկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վիկտոր Տոմազովի հոդվածում հրապարակված պնդման՝ Յուշչենկոյի ընտանիքը կազակական ծագում ուներ[4]։
Գյուղի դպրոցի ուսուցիչների հիշողություններով, ապագա նախագահը լավ և ջանասեր տղա էր՝ առաջնորդության ձգտմամբ[6]։
1975 թվականին Յուշչենկոն ավարտել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։ Դիպլոմը ստանալուց հետո երկու ամիս (օգոստոս-սեպտեմբեր) աշխատել է Իվանո-Ֆրանկովսկի մարզի Յավորով գյուղում որպես կոլխոզի գլխավոր հաշվապահի տեղակալ, այնուհետև զորակոչվել է բանակ։ 1976 թվականին վերադարձել է բանակից։ 1977 թվականին անդամակցել է ԽՄԿԿԿ-ին և նրա շարքերում մնացել ընդհուպ մինչև կուսակցության լուծարումը։
1976 թվականի դեկտեմբերին որպես տնտեսագետ աշխատանքի է անցել ԽՍՀՄ պետական բանկի շրջանային բաժանմունքում՝ Սումի մարզի Բելոպոլի շրջանի Ուլյանովկա գյուղում։ 1984 թվականին ավարտել է Ուկրաինայի էկոնոմիկայի և գյուղատնտեսության կազմակերպության ասպիրանտուրան[7]։ 1985 թվականի հուլիսից աշխատել է ԽՍՀՄ պետական բանկի գյուղատնտեսության վարկավորման և ֆինանսավորման բաժնում և տեղափոխվել է Կիև։
1993 թվականի հունվարի 26-ին Վադիմ Գետմանի առաջարկով առաջադրվել է Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավարի պաշտոնում և այդպիսով դարձել ազգային բանկի երրորդ ղեկավարը անկախության ընթացքում։ Եղել է Ուկրաինայում դրամական բարեփոխումների հիմնական կատարողներից մեկը ազգային արժույթի՝ գրիվնայի շրջանառության մեջ դնելուց հետո ստեղծվել է պետական գանձարան։
Անատոլի Գալչինսկու պնդմամբ՝ «Ազգային բանկի փաստացի ղեկավարը Յուշչենկոն չէր։ Եթե պետք էր ինչ-որ հարցեր լուծել, դրանք լուծվում էին ոչ թե ղեկավարի, այլ նրա առաջին տեղակալ Ստելմահի հետ»[8]։
1996 թվականին երկրում Ազգային բանկը իրականացրել է դրամական բարեփոխումներ։ Վիկտոր Յուշչենկոն, լինելով բանկի ղեկավարի պաշտոնում, հրապարակավ իր վրա է վերցրել անձնական պատասխանատվություն այն բանի համար, որ այդ բարեփոխումը ֆիսկալ չի լինի, և ոչ ոք դրա արդյունքում չի տուժի։ Իր խոսքը պահելով՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ստացել է «Տարվա լավագույն բանկիրի» կարգավիճակ։
1997 թվականին «Global Finance» ամսագրի վարկածով զբաղեցրել է 6-րդ տեղը աշխարհի լավագույն բանկիրների վարկանիշում։
1998 թվականին Յուշչենկոն Ուկրաինայի բանկային գործի ակադեմիայում պաշտպանել Է «Ուկրաինայում փողի առաջարկի և պահանջարկի զարգացումը» թեմայով ատենախոսություն և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան[9]։
Յուշչենկոն ազգային բանկի ղեկավարի պաշտոնից հեռացել է 1999 թվականի դեկտեմբերին՝ գլխավորելով Ուկրաինայի կառավարությունը։
1999 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցել է Լեոնիդ Կուչմայի նախընտրական քարոզարշավին։ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի ապրիլ Յուշչենկոն եղել է Ուկրաինայի վարչապետը։
Ի տարբերություն նախորդ բոլոր վարչապետների՝ Յուշչենկոն իրեն բավականին անկախ է պահել նախագահ Կուչմայի նկատմամբ և բավական նորարարական քաղաքականություն է վարել (առաջին հերթին՝ տնտեսության ոլորտում)․ Յուշչենկոյի առաջին քայլը աշխատավարձերի և կենսաթոշակների բյուջետային վճարումների համար «առևտրային բանկերից վերցված կարճաժամկետ վարկերի» օգտագործման պրակտիկայից հրաժարվելն էր։
Վիկտոր Յուշչենկոյի քաղաքական գործունեության բեկումնային պահն են դարձել 2002 թվականի խորհրդարանական ընտրությունները, որտեղ Յուշչենկոն առաջին անգամ հանդես է եկել որպես քաղաքական ուժի առաջնորդ, այդ ընտրություններում ստեղծվել է «Մեր Ուկրաինան» դաշինքը։ Նա զբաղեցրել է առաջին տեղը՝ հավաքելով 23,6 % (ընդամենը 112 մանդատ)։
2004 թվականի հուլիսի 3-ին սկսվել է Ուկրաինայի նախագահի ընտրությունների քարոզարշավը։
2004 թվականի հուլիսի 6-ին Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի № 136 որոշմամբ գրանցվել է որպես ինքնաառաջադրված թեկնածու Ուկրաինայի նախագահի պաշտոնի համար։ Նախընտրական արշավի ընթացքում, ենթադրաբար, սեպտեմբերի 5-ին, թունավորվել է օրգանիզմում դիօքսինի զգալի չափաբաժնի առկայության պատճառով, ինչի հետևանքով մի քանի շաբաթ անց Վիկտոր Յուշչենկոյի արտաքին տեսքն այլանդակվել է, գրեթե մեկ ամիս Յուշչենկոն չի կարողացել (առողջական վիճակի պատճառով) ելույթ ունենալ հանրահավաքներում, և նրա վարկանիշը փոքր-ինչ նվազել է։ Դիօքսինային թունավորումից հետո մարմնի աստիճանական վերականգնման գործընթացը շարունակվում է մինչ օրս։ «Ռեգիոնների կուսակցությունը», Կոմունիստական կուսակցությունը, նախագահ Կուչմայի վարչակազմը (Յուշչենկոյի թունավորման առաջին օրերից, երբ նա կյանքի ու մահվան եզրին էր) պնդում էին, որ Յուշչենկոն ընդամենը թունավորվել է «սուշի» ուտեստից, իսկ 2009 թվականի ամռանը Ժվանիան (որը մինչ այդ վիճել էր Յուշչենկոյի հետ) անսպասելիորեն հայտարարել էր, որ թունավորում չի եղել[10][11]։ 2019 թվականին հանցակազմի բացակայության մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի գլխավոր զինդատախազ Անատոլի Մատիոսը[12]։
2004 թվականի հոկտեմբերի 31-ի նախագահական ընտրությունների առաջին փուլում Յուշչենկոն հավաքել է ձայների 39,87 %-ը, ինչը մի փոքր ավելի էր, քան Յանուկովիչը (ԿԸՀ-ի ձայների հաշվարկի գործընթացը տևել է երեք շաբաթ)։
Նոյեմբերի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ԿԸՀ-ի հայտարարության համաձայն Յուշչենկոն հավաքել էր ձայների 46,69 %-ը և զբաղեցրել 2-րդ տեղը։ Սակայն նա որոշման հետ չի համաձայնել և հայց է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները հակաիրավական ճանաչելու և ընտրությունների կեղծման զանգվածային փաստերը ճանաչելու մասին։
Դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը քվեարկության երկրորդ փուլի արդյունքները ճանաչել է «ընտրողների իրական կամարտահայտությանը չհամապատասխանող» և որոշել է կրկնել դեկտեմբերի 26-ի քվեարկությունը։
2005 թվականի հունվարի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է «քվեարկության երկրորդ փուլի» հաղթող՝ հավաքելով 15 115 712 ձայն (ընտրողների 51,99 %-ը) և պաշտոնապես հայտարարվել է Ուկրաինայի երրորդ նախագահ։
Յուշչենկոյի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2005 թվականի հունվարի 23-ին[13]։
Ուկրաինայի նախագահի քարտուղարությունը ստեղծվել է Վիկտոր Յուշչենկոյի կողմից 2005 թվականի հունվարի 24-ին՝ նախագահական երդմնակալությունից հետո, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի վերակազմավորման ճանապարհով։ Տարբեր ժամանակներում քարտուղարությունը գլխավորել են Ալեքսանդր Զինչենկոն, Օլեգ Ռիբաչուկը, Վիկտոր Բալոգան[14][15][16] և Վերա Ուլյանչենկոն[17]։ Վիկտոր Յուշչենկոյի գրասենյակի աշխատակիցների ընդհանուր թիվը, ըստ պաշտոնական տվյալների, գերազանցել է 600-ը[15][18]։ Պետական բյուջեից նրա աշխատակազմի պահպանման ծախսերը գնահատվել են 1,6 միլիարդ գրիվնա տարեկան, ինչը զգալիորեն գերազանցել է Գերագույն ռադայի (1 միլիարդ) և նախարարների կաբինետի (0,5 միլիարդ) պահպանման ծախսերը[19]։ Ուկրաինայի նախագահի քաղաքական ընդդիմախոսների քարտուղարության գործունեությունը նշվում է Վիկտոր Յուշչենկոյի՝ 2008 թվականի վերջին նախագահական խիստ ցածր վարկանիշի գլխավոր պատճառների թվում[20]։
2008 թվականի հոկտեմբերի վերջին Վիկտոր Յուշչենկոն նախաձեռնել էր իշխանության պետական ապարատի պահպանման բյուջետային ծախսերի կրճատում Կենտրոնական և տեղական մակարդակներում, ինչպես նաև նախագահի քարտուղարությունում՝ հանդես գալով ոչ ռացիոնալ բնույթի ծախսերի արմատական կրճատման օգտին։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը ֆինանսական ճգնաժամին հակազդելու միջոցների մասին գործողության մեջ դնելուց 10 օր անց Յուշչենկոն հրամանագիր է ստորագրել բյուջեի ծախսերի նվազեցման և պետության ղեկավարի գործունեությունն ապահովող կառույցների հաստիքների կրճատման մասին։
Իր հրամանագրով նախագահը որոշել է կրճատել նախագահի քարտուղարության աշխատողների թվաքանակը՝ մինչև 550, ԱԱՊԽ աշխատակազմից՝ մինչև 210, գործերի պետական կառավարումից՝ մինչև 160 մարդ[21][22]։
Վարվող արտաքին քաղաքականության մեջ Յուշչենկոն նախապատվությունը տալիս էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև եվրոպական և հյուսիսատլանտյան գրացիիայի հետ մերձեցմանը։ Արևելյան Եվրոպայում ՀՀՊ տեղակայման հարցում աջակցել է ԱՄՆ-ն։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կարծիքով, Յուշչենկոյի նախագահության տարիներին Ուկրաինան հեռացել է Ռուսաստանի բարեկամութֆյան և գործընկերության սկզբունքներից։ Մի շարք ուկրաինացի և ռուս քաղաքագետներ Վ. Յուշչենկոյի քաղաքականությունը բնութագրել են որպես «հակառուսական»[24][25]։
Նա կոչ է արել Ռուսաստանի Դաշնությանը վաղաժամկետ վերադարձնել ուկրաինական պարտքը անկախության առաջին տարիներին սպառված գազի համար և անցնել շուկայական հարաբերությունների Ղրիմում ռուսական Սևծովյան նավատորմի գտնվելու հարցում[26][27][28][29][30][31]։
2010 թվականին մասնակցել է Ուկրաինայի նախագահի ընտրություններին որպես ինքնաառաջադրված թեկնածու։ 2010 թվականի հունվարի 17-ի ընտրությունների առաջին փուլում հավաքել է ընտրողների ձայների 5,45 %-ը՝ հավաքած ձայների թվով զբաղեցնելով 5-րդ տեղը։ Սա համաշխարհային պատմության մեջ գործող նախագահի հավաքած ձայների նվազագույն տոկոսն էր[32][33]։ Այնուամենայնիվ, Յուշչենկոն իր նախագահության ժամանակը լավագույնն է համարում Ուկրաինայի պատմության մեջ[34]։
Հարկ է նշել, որ 2006 թվականի օգոստոսի 4-ից մինչև նախագահության ժամկետի ավարտը (2010 թվականի փետրվարի 25) Յուշչենկոյի փաստացի իշխանությունը՝ որպես երկրի առաջնորդ, սահմանափակված էր. նրա լիազորությունները նա ստիպված էր կիսել նախարարների կաբինետի ոչ լոյալ ղեկավարության հետ (վարչապետներ՝ Յանուկովիչ և Տիմոշենկո)։ Նախագահի ազդեցությունը նախարարների կաբինետում նշանակվելու և այդ մարմնի քաղաքականության վրա թուլացել է քաղաքական ֆորմայի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև նախարարների կաբինետի ղեկավարների հետ անձնական առճակատման պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.