Վուլիագմենի
From Wikipedia, the free encyclopedia
Վուլիագմենի (հուն․՝ λίμνη Βουλιαγμένης), աղի լիճ է Հունաստանում, տեղակայված համանուն փոքր քաղաքի մոտ, գտնվում է Արևելյան Ատտիկե նոմոսի Ատտիկա վարչատարածքային բաժանման տարածքում։ Հանքային ջրերը լիճն են բարձրանում 50-ից 100 մ խորությունից և ունեն 22 մինչև 29 °C տաքություն։ Լիճ է նաև լցվում քաղցրահամ ջուր, 17 մետր խորությամբ աղբյուներից[1]։ Լիճը ստորգետնյա քարանձավով կապվում է ծովի հետ։ Լիճը գտնվում է Իմիտոս լեռան հարավային մասում, ծովից ոչ հեռու։ Այն ունի ձվաձև տեսք, երկարությունը 260 մ է, լայնությունը 145 մ, տարածքը 1,59 հեկտար[2]։ Ջրային մակերևույթը գտնվում է ծովի մակարդակից կես մետր բարձրության վրա[3]։ Նատուրա 2000 պահպանվող տարածքների մեջ է ներառված[4]։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Ատտիկա Հունաստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 0,5 մ | |
Ավազանի մակերեսը | 0,0159 կմ² | |
Լիճը ձևավորվել է ստորգետնյա մեծ քարանձավի առաստաղի փլուզումից հետո, որը մոտավորապես 2000 տարի առաջ է տեղի ունեցել էրոզիայի և տեկտոնական ակտիվության հետևանքով։ Լճի մասին առաջինը հիշատակել է հին հույն աշխարհագիր Պավսանիասը։ Քարանձավը առաջացել է կրաքարային ժայռերում, որոնք բնորոշ են տվյալ շրջանի համար։ Լճի հետ կապ ունեցող քարանձավային համակարգը ուսումնասիրվել է 3123 մ երկարությամբ։ Քարանձավում կա 14 թունելներ որոնցում հայտնաբերվել են ստորջրյա ստալագմիտներ[1]։ Լճի հատակը կազմված է տիղմային սուբստրատներից, որոնք հարուստ են ծծմբային միացություններով։ Լճի ջուրը ունի հանքանյութերի և միկրոէլեմենտների բարձր կենտրոնացում։ Դրանցից են՝ կալիումը, նատրիումը, ամոնիումը, լիթիումը, կալցիումը, երկաթը, քլորը և յոդը։ Լճի ջուրը օգտակար է՝ ռևմատիկ հիվանդությունների, սպորտային վնասվածքների, նյարդային համակարգի հիվանդությունների, մաշկային հիվանդությունների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում[5]։ Լճում լողանալը վճարովի է։
1980-ական թվականներին լճում հայտնաբերվել է ակտինիաների նոր տեսակ Paranemonia vouliagmeniensis, որը էնդեմիկ է ճանաչվել։ Նաև հայտնաբերվել են անողնաշարավորների երկու այլ տեսակ՝ Abra segmentum[6] և Cerastoderma glaucum։ Վերջին տեսակը նպաստում է միկրոբներից ջրի մաքրմանը[1]։ Լճում նաև Garra rufa ձկան տեսակն է ապրում[7]։