Տաք երկրներում
From Wikipedia, the free encyclopedia
«Տաք երկրներում» (ռուս.՝ «В тёплых краях»), Ռուսաստանի Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության նկարիչ Նիկոլայ Յարոշենկոյի՝ 1890 թվականին Կիսլովոդսկում ստեղծված նկար։ Կտավը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանի հավաքածուի մշտական ցուցադրության կազմում։ Կտավը թանգարանին է նվիրել նկարչի կինը 1898 թվականին՝ նրա մահից անմիջապես հետո :
Տաք երկրներում | |
---|---|
տեսակ | նկար |
նկարիչ | Նիկոլայ Ալեքսանդրովիչ Յարոշենկո |
տարի | 1890 |
բարձրություն | 107 |
լայնություն | 81[1] |
նյութ | կտավ, յուղաներկ |
գտնվում է | Ռուսական թանգարան |
հավաքածու | Ռուսական թանգարան |
քաղաք | Սանկտ Պետերբուրգ |
Ծանոթագրություններ | |
In warm countries by Yaroshenko Վիքիպահեստում |
Նկարում պատկերված է մանկագիր ու հրապարակախոս Աննա Կոնստանտինովա Չերտկովան՝ հրատարակիչ ու հասարակական գործիչ Վլադիմիր Գրիգորևիչ Չերտկովի կինը։ Վերջինս Լև Տոլստոյի մտերիմ ընկերն էր։ Նկարի ստեղծման ընթացքում Յարոշենկոն տառապել է կոկորդի տուբերկուլյոզ կոչվող ծանր հիվանդությամբ: Ավելի ուշ նա, Աննա Չերտկովային ուղղված նամակում, հայտնել է. «Մեկուկես ամիս ես ինձնից ներկայացնում էի գրեթե անշարժ ու ոչ պիտանի մարմին, որը կարողանում էր միայն պառկել կամ նստել բարձերով շրջապատված թիկնաթոռին... ինչպես Դուք այն նկարում, որը ես եմ նկարել»։ Նկարի ստեղծումից մեկ տարի առաջ Աննա Չերտկովան ծանր ցնցում է ապրել. ընդամենը երկու օր տևած հիվանդության հետևանքով վախճանվել էր նրա սիրելի երկամյա դուստրը։ Դրանից հետո երկար տարիներ նրա մոտ նկատվել է կենսունակության անկում և նա սկսել է հաճախակի հիվանդանալ: Պահպանվել են Չերտկով ամուսնական զույգի նկարչին այցելության լուսանկարները, ինչպես նաև՝ նկարի ստեղծման գործընթացին առնչվող Նիկոլայ Յարոշենկոյի, նկարիչ Միխայիլ Վասիլևիչ Նեստերովի և Վլադիմիր Չերտկովի ուրվանկարները:
Ժամանակակիցները միանգամից «ճանաչել և բարձր գնահատանքի են արժանացրել» «Տաք երկրներում» նկարը։ Այն բազմիցս գրավել է Նիկոլայ Յարոշենկոյի ստեղծագործությունների ուսումնասիրողների, մշակութագետների, պատմաբանների և գավառագետների ուշադրությունը ինչպես խորհրդային շրջանում, այնպես էլ հետխորհրդային Ռուսաստանում: