Փայտացման պատվաստանյութ
From Wikipedia, the free encyclopedia
Փայտացման դեմ պատվաստանյութ, հայտնի նաև փայտացման անատոքսին անվանումով, ինակտիվացված (ապաակտիվացված) պատվաստանյութ, որն գործածվում է փայտացման կանխարգելման առթիվ կատարվող պատվաստման դեպքում[1]։ Մանկական տարիքում խորհուրդ է տրվում կատարել հինգ դեղաչափով, իսկ վեցերորդը արդեն դեռահասության տարիներին[1]։ Բացի դրանից կարևոր է հետագա ամեն 10 տարին մեկ անգամ պատվաստման կրկնումը[2]։ Երեք դեղաչափից հետո սովորաբար ցանկացած անձի մոտ արդեն ձևավորվում է սկզբնական իմունիտետ տվյալ հիվանդության նկատմամբ[1]։ Այն անձիք որոնք չեն պատվաստվել պետք է պարտադիր ստանան պատվաստում վնասվածք ստանալուց 48 ժամվա ընթացքում[3]։ Բոլոր բարձր ռիսկի խմբում գտնվող վնասվածքներ ունեցողների շրջանում ովքեր ոչ լիարժեք են ստացել պատվաստումը նույնպես խորհուրդ է տրվում կրկնել։ Պետք է նաև վստահ լինել,որ հղի կանայք ժամանակին ստացել են իրենց պատվաստումները, քանզի ժամանակին ստացած պատվաստումը կարող է կանխել նեոնատալ (նորածնային) փայտացումը[1]։
Պատվաստանյութը լիովին անվտանգ է բոլորի համար` անգամ հղիների ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով տառապող անձանց դեպքում[1]։ Կարող է ի հայտ գալ ներարկման վայրում կարմրություն և ցավ, այն հանդիպում է պատվաստվածների 25–85 %-ի մոտ[1]։ Տենդը (մարմնի ջերմաստիճանի բարձրացում), հոգնածության զգացողությունը և աննշան ցավը մկաններում դիտվում է պատվաստվածների մոտ 10 %-ի դեպքում[1]։ Իսկ անաֆիլակտիկ ռեակցիա (սուր ալերգիկ պատասխան) հանդիպում է ավելի պակաս քան 1 դեպք 100 000 անձանց շրջանում[1]։
Կան մի շարք պատվաստանյութերի համակցումներ ինչպիսիք են ԱԴՓ-ն (դիֆթերիա,փայտացում) և ԱԿԴՓ-ն (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ), որոնք պարունակում են ոչ միայն փայտացման այլ նաև դիֆթերիայի և կապույտ հազի դեմ ուղված պատվաստանյութեր[4]։ ԱԿԴՓ-ն կատարվում է մինչև 7 տարեկան հասակը, իսկ ԱԴՓ-ն 7 տարեկանից հետո[4]։ Ինչպես արդեն պարզ է 7 տարեկանից հետո կատարվող պատվաստման մեջ ներառված չէ կապույտ հազի դեմ պատվաստանյութը[4]։
Փայտացման դեմ պատվաստանյութը ստեղծվել է 1924 թվականին և արդեն հասանելի է եղել Միացյալ Նահանգներում 1940 թվականից[1][5]։ Դրա լայնածավալ գործածումը բերել է փայտացման դեպքերի թվի պակասի 95 %-ով[1]։ Այն ներառված է ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվնաս դեղամիջոցներից մեկը[6]։ Դրա մեծածախ արժեքը զարգացող պետություններում կազմում է 0,17-ից 0,65 ամերիկյան դոլար մեկ դեղաչափի համար 2014 թվականի տվյալներով[7]։ ԱՄՆ-ում փայտացման դեմ պատվաստման ամբողջական կուրսը կազմում է 25-ից 50 ԱՄՆ դոլար[8]։