Իմունիտետ
From Wikipedia, the free encyclopedia
Իմունիտետ, օրգանիզմի անընկալությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ։ Դրա շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և այլ ախտածիններին ու վնասազերծում դրանց։ Տարբերվում են բնական և արհեստական իմունիտետ։ Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի։ Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար, սերնդեսերունդ։ Այն տեսակային է՝ բնորոշ է տվյալ տեսակին պատկանող բոլոր անհատներին։ Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ, և որի հարուցիչների նկատմամբ արյան պլազմայում առաջանում են համապատասխան հակամարմիններ։ Այս դեպքում հետագայում նա այլևս չի հիվանդանում այդ հիվանդությամբ։
Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ։ Այն կարող է լինել ակտիվ և պասիվ։ Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են մտցվում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները՝ պատվաստուկների ձևով։ Այդպիսի պատվաստումը, որը կոչվում է վակցինացիա, հիվանդություն չի առաջացնում, բայց պահպանում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը։ Պասիվ արհեստական իմունիտետի դեպքում օրգանիզմ են մտցվում բուժիչ կամ իմունային շիճուկներ, որոնք պարունակում են պատրաստի հակամարմիններ։ Իմունային համակարգն օրգանիզմի հզոր պաշտպանական հարմարանք է հիվանդաբեր մանրէների դեմ պայքարելու և նրանց վնասազերծելու համար։