From Wikipedia, the free encyclopedia
Քեթանջի Բրաուն Ջեքսոն (անգլ.՝ Ketanji Brown Jackson սեպտեմբերի 14, 1970[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2][5],), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր 2022 թվականի հունիսի 30-ից, այս պաշտոնում առաջադրվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։ Նախկինում աշխատել է որպես ԱՄՆ պատիժների սահմանման հանձնաժողովի փոխնախագահ (2010-2014), Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր (2013-2021) և Կոլումբիայի շրջանի ԱՄՆ Վերաքննիչ դատարանի դատավոր (2021-2022)։
Քեթանջի Բրաուն Ջեքսոն անգլ.՝ Ketanji Brown Jackson | |
Կրթություն՝ | Հարվարդի իրավունքի դպրոց (1996), Մայամի Պալմետոյի ավագ դպրոց և Հարվարդի համալսարան (1992) |
---|---|
Մասնագիտություն՝ | փաստաբան և դատավոր |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 14, 1970[1][2] (53 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ketanji Onyika Brown |
Ամուսին | Patrick Jackson?[3] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քեթանջի Բրաուն Ջեքսոնը առաջին աֆրոամերիկացին է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորների շարքում։
Քեթանջի Օնիկա Բրաունը ծնվել է 1970 թվականին Վաշինգտոնում՝ ուսուցիչներ Ջոնի և Էլերի Բրաունների ընտանիքում։ Քեթանջիի երկու հորեղբայրներն աշխատել են Մայամիի ոստիկանությունում, իսկ նրա մյուս հորեղբայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման ոչ բռնի թմրանյութերի հանցագործությունների համար, ազատ է արձակվել 2017 թվականին, երբ նախագահ Բարաք Օբաման մեղմացրեց նրա դատավճիռը և շուտով մահացավ։ Կետաջը՝ Քեթանջիի կրտսեր եղբայրը, ոստիկան էր Բալթիմորում, Այնուհետև ծառայում էր Մերիլենդի ազգային գվարդիայի բանակում։ Նրա ծնվելուց մի քանի տարի անց Քեթանջիի ընտանիքը վերադարձավ Մայամի՝ ծնողների հայրենի քաղաքը։ 1992 թվականին Քեթանջի Բրաունը ստացել է արվեստի բակալավրի աստիճան Հարվարդի համալսարանից, իսկ 1996 թվականին դարձել է իրավունքի դոկտոր Հարվարդի իրավաբանական դպրոցում[6][7]։
Քեթանջի Բրաուն Ջեքսոնը աշխատել է որպես դատական գործավար (օգնական) շրջանային դաշնային դատավոր Փեթի Սերիսի (1996-1997), ԱՄՆ առաջին շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր Բրյուս Սելի (1997-1998), ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Բրայերի (1999-2000) հետ:2003-2005 թվականներին Ջեքսոնը եղել է ԱՄՆ-ի պատիժների սահմանման հանձնաժողովի հատուկ խորհրդականի օգնական, իսկ 2005-2007 թվականներին՝ Կոլումբիայի շրջանի դաշնային հանրային պաշտպանի օգնական։ Մասնավոր պրակտիկայով զբաղվել է նաև Վաշինգտոնում և Բոստոնում[6]։
2009 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Քեթանջի Բրաուն Ջեքսոնի թեկնածությունը ԱՄՆ պատիժների սահմանման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում[8]։ Ջեքսոնն այդ պաշտոնում աշխատել է 2010-2014 թվականներին[6]։
2012-ի սեպտեմբերին նախագահ Օբաման առաջադրեց Ջեքսոնին Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարանի դատավորի պաշտոնում, բայց Սենատի քվեարկությունը տեղի չունեցավ։ 2013 թվականի հունվարին Օբաման կրկին առաջադրել է Ջեքսոնին այդ պաշտոնում, որից հետո նույն թվականի մարտին նրա թեկնածությունը հաստատվել է Սենատի կողմից և Ջեքսոնը դարձել է դատավոր[6]։ Դաշնային դատավորի պաշտոնում Ջեքսոնը մի քանի անգամ որոշումներ է կայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։ Այսպես, նա Սպիտակ տան նախկին իրավախորհրդատու Դոնալդ Մաքգանին պարտավորեցրել է ենթարկվել Ներկայացուցիչների պալատի ծանուցագրի՝ որոշման մեջ գրելով «նախագահները թագավորներ չեն» արտահայտությունը[9]։ Բացի այդ, դատավոր Ջեքսոնը համազգային դատական արգելք է դրել միգրանտների արտաքսման հարցում վարչակազմի լիազորությունների ընդլայնման վրա[9]։ Պահպանողականների և հանրապետականների մի մասը քննադատում էր Ջեքսոնի որոշ որոշումներ, որոնք չեղարկվել էին վերադաս դատարանների կողմից։ Միևնույն ժամանակ, հանուն արդարադատության ազատական դաշինքի նախագահ նեն Էրոնը նշել է, որ Ջեքսոնի՝ դատարանում աշխատելու ութ տարվա ընթացքում իր գրեթե 600 որոշումներից մեկ տասնյակից պակաս չեղյալ են հայտարարվել[10]։
2021 թվականի ապրիլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ջեքսոնին առաջադրեց ԱՄՆ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում՝ Մերիկ Գարլանդի փոխարեն[6]։ Նույն թվականի հունիսին Սենատը հաստատեց նրա թեկնածությունը (կողմ քվեարկեցին 100 սենատորներից 53-ը՝ Սենատի բոլոր դեմոկրատները, ինչպես նաև հանրապետականներ Սյուզան Քոլինզը, Լիզա Մերկաուսկին, Լինդսի Գրեհեմը)[11]։
2016-ին Ջեքսոնը ԱՄՆ Գերագույն դատարանի պոտենցիալ թեկնածուների թվում դիտարկվում էր մահացած դատավոր Անտոնին Սկալիային փոխարինելու համար[12][13][14][15]։ 2022 թվականի հունվարին Գերագույն դատարանի դատավոր Սթիվեն Բրայերը (նախկին գլխավոր Ջեքսոնը) հայտարարեց հրաժարական տալու պլանների մասին, որից հետո նախագահ Բայդենը հաստատեց իր նախընտրական խոստումը՝ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Գերագույն դատարան սևամորթ կին նշանակելու մասին[16]։ Ավելի վաղ Ջեքսոնը Բայդենի ամենահավանական թեկնածությունների թվում էր նշվում Գերագույն դատարանում թափուր պաշտոնի դեպքում[17][18]։
Նույն թվականի փետրվարի վերջին Բայդենը պաշտոնապես առաջադրեց Ջեքսոնին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում, իսկ մարտի վերջին Սենատի իրավաբանական հանձնաժողովում լսումներ անցկացվեցին նրա թեկնածության վերաբերյալ[19]։ Ապրիլի 4-ին Սենատի իրավաբանական կոմիտեում քվեարկությունն անցել է խիստ կուսակցական գծով և ավարտվել ոչ-ոքի, կոմիտեի բոլոր 11 դեմոկրատները քվեարկել են Ջեքսոնի օգտին, իսկ բոլոր 11 հանրապետականները՝ նրա դեմ։ Քվեարկության այս արդյունքի պատճառով Սենատը հատուկ քվեարկություն է անցկացրել՝ Սենատի ամբողջական կազմից առաջ Ջեքսոնի թեկնածությունը հետագա քննարկելու համար[20]։ Ապրիլի 7-ին ԱՄՆ Սենատը 53 ձայնով (դեմոկրատներին միացել են հանրապետական սենատորներ Սյուզան Քոլինզը, Լիզա Մերկաուսկին և Միթ Ռոմնին) 47-ի դիմաց հաստատել է Ջեքսոնի թեկնածությունը Գերագույն դատարանում։ Ջեքսոնը դատարանի անդամ է դարձել 2022 թվականի հունիսի 30-ին՝ Սթիվեն Բրայերի լիազորությունների ավարտից հետո՝ դառնալով ԱՄՆ Գերագույն դատարանի առաջին սևամորթ կինը և նրա առաջին անդամը՝ որպես հանրային պաշտպան աշխատելու փորձով[21][22]։
1996 թվականին Քեթանժի Բրաունն ամուսնացավ վիրաբույժ Պատրիկ Գրեյվս Ջեքսոնի հետ։ Ամուսնության շնորհիվ նա դարձել է հանրապետական Փոլ Ռայանի հեռավոր ազգականը, որը որոշ ժամանակ եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի սպիկերը։ Ռայանը դրական է արտահայտվել Ջեքսոնի թեկնածության և ինքնության մասին 2012 և 2022 թվականներին դատավորական պաշտոնների համար նրա թեկնածության քննարկման ժամանակ՝ չնայած նրանց քաղաքական տարբերություններին։ Քեթանջին և Պատրիկը երկու դուստր ունեն՝ Թալիան և Լեյլան[23]։
Ջեքսոն՝ ոչ կրոնական բողոքական[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.