From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիա Ֆրիլանդ (անգլ.՝ Chrystia Freeland, օգոստոսի 2, 1968[1], Peace River, Ալբերտա, Կանադա[1][2]), կանադացի կին քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետի տեղակալ և ֆինանսների նախարար, 2013 թվականի նոյեմբերի 24-ից Համայնքների պալատի անդամ։ 2017 թվականի հունվարի 10-ից[6] մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը եղել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։ Լրագրողը տարբեր խմբագրական պաշտոններ է զբաղեցրել «Financial Times», «Globe and Mail» և «Thomson Reuters» հրատարակություններում, որտեղ եղել է սպառողական նորությունների կառավարիչ և խմբագիր, երբ հայտարարել է Լիբերալ կուսակցությունից Կանադայի խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին։
Քրիստիա Ֆրիլանդ անգլ.՝ Chrystia Freeland | |
Կուսակցություն՝ | Կանադայի լիբերալ կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Հարվարդի համալսարան, United World College of the Adriatic?, Սբ. Անտոնիի քոլեջ (1993) և Old Scona Academic High School? |
Մասնագիտություն՝ | հրապարակախոս, քաղաքական գործիչ, լրագրող և գրող |
Ծննդյան օր | օգոստոսի 2, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Peace River, Ալբերտա, Կանադա[1][2] |
Քաղաքացիություն | Կանադա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Christina Alexandra Freeland |
Ամուսին | Graham Bowley? |
Կայք՝ | chrystiafreeland.liberal.ca |
Պարգևներ | |
Քրիստիա Ֆրիլանդը ծնվել է Ալբերտա նահանգի հյուսիսային մասում գտնվող Փիս Ռիվեր քաղաքում[7][8]։ Նրա հայրը՝ Դոնալդ Ֆրիլենդը, Կանադայի Լիբերալ կուսակցության իրավաբան և անդամ էր՝ անգլիական և շոտլանդական արմատներով[9]։ Մայրը՝ Գալինա Խոմյակը (1946-2007), ծնվել է Բավարիայում գտնվող Գերմանիայի օկուպացիայի ամերիկյան հատվածում (Բադ Վյորիսհոֆեն)՝ ուկրաինական ընտանիքում[10]։ Նա նույնպես փաստաբան է եղել և 1988 թվականին առաջադրվել է Էդմոնտոն-Ստրատկոն շրջանի ընտրություններում Նոր դեմոկրատական կուսակցությունից[11][12]։ Հորական գծով Քրիստիայի պապը՝ Ջոն Ֆրիլենդը (1916-2011), ծնվել է Կանադայում, եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան (թեև ռազմական գործողություններին չի մասնակցել, Մեծ Բրիտանիայի ափերի մոտ զբաղվել է փրկարարությամբ), պատերազմից հետո Ալբերտայի Փիս Ռիվեր հայրենի քաղաքում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ և գյուղատնտեսությամբ։ Հորական գծով տատիկը՝ Հելեն Քոուլֆիլդը, ծնունդով Գլազգոյից է, ամուսնացել է Ջոն Ֆրիլենդի հետ, երբ նրա մի մասը հաստատվել է Շոտլանդիայում։
Մորական գծով պապը՝ Միխայիլ Խոմյակը (1905-1984), ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ և եղել է կոլաբորացիոնիստական ուկրաինալեզու «Краківські вісті»[13] և «Холмська земля» թերթերի գլխավոր խմբագիրը, որոնցում փառաբանվել են Ադոլֆ Հիտլերը, վերմախտը և ՍՍ-ն, տարվել է հակասեմական, անտիպոլական և հակախորհրդային քարոզչություն[14][15]։ Պատերազմի ավարտից առաջ Վիեննայով փախել է Բավարիա, որտեղ հանձնվել է ամերիկյան իշխանություններին և ավելի ուշ գաղթել Կանադա։ Անձամբ Քրիստիա Ֆրիլանդը հայտարարել է, որ իր պապը փախել է Կանադա «այն բանից հետո, երբ Հիտլերը և Ստալինը ստորագրել են չհարձակվելու մասին դաշնագիրը 1939 թվականին», և պատերազմի զոհ էր[14][15]։ Նրա պապի կոլաբորացիոնիզմի մասին ջրի երես դուրս եկած տվյալները նա անվանել է «ռուսական ապատեղեկատվություն»[16]՝ չնայած, ինչպես պարզվել է, այդ մասին իմացել է ավելի վաղ[17]։
Ֆրիլանդը սովորել է Իտալիայի Դուինո քաղաքում Միացյալ աշխարհի Ադրիատիկ քոլեջում[18]։ Հարվարդի համալսարանում ստացել է ռուսական պատմության ու գրականության բակալավրի աստիճան և 1993 թվականին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիո քոլեջում՝ սլավոնական հետազոտությունների մագիստրոսի աստիճան, որտեղ սովորել է Ռոդսի կրթաթոշակով[19][20]։
Ֆրիլանդն Ուկրաինայում իր լրագրողական գործունեությունը սկսել է որպես «Financial Times», «The Washington Post» և «The Economist» սթրինգեր[21]։ Ավելի ուշ Լոնդոնում աշխատել է «Financial Times»-ում որպես խմբագրի տեղակալ, բրիտանական նորությունների խմբագիր, Մոսկվայի բյուրոյի պետ, Արևելյան Եվրոպայում թղթակից, կիրակնօրյա հրատարակության խմբագիր և «Financial Times» — «FT.com» վեբ-կայքի խմբագիր[21]։
1999-2001 թվականներին աշխատել է կանադական «Globe and Mail» թերթի խմբագրի տեղակալ[21], որից հետո Միացյալ Նահանգներում զբաղեցրել է «Financial Times»-ի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2010 թվականի մարտին Ֆրիլանդն անցել է «Thomson Reuters»-ի խմբագրի պաշտոնին[22], իսկ 2011 թվականի ապրիլին դարձել է «Thomson Reuters Digital»-ի խմբագիր[23]։ «Thomson Reuters»-ից հեռանալուց առաջ Ֆրիլանդը եղել է սպառողական նորությունների գործադիր տնօրեն և խմբագիր[24]։ Նա նաև աշխատել է որպես «Globe and Mail»-ի շաբաթական մեկնաբան[25]։
Ֆրիլանդը ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հաճախակի հյուրն է։ Նա վեց անգամ մասնակցել է «Real Time with Bill Maher» թոք-շոուին[26]։ Մասնակցել է նաև «The McLaughlin Group», «The Dylan Ratigan Show», «Imus in the Morning», «Fareed Zakaria GPS» և «The Colbert Report» հաղորդումներին։ «KCRW» ռադիոկայանի «Left, Right & Center» քաղաքական թոք-շոուի հաճախակի հյուրն է։ 2013 թվականի հունիսին Ֆրիլանդը ելույթ է ունեցել «TED Talks»-ում՝ նվիրված տնտեսական անհավասարության, պլուտոկրատիայի և գլոբալացման հարցերին[27]։
Կոմունիզմից դեպի կապիտալիզմ Ռուսաստանի անցման մասին «Դարի վաճառք» (2000)[19] և «Պլուտոկրատներ․ գլոբալ գերհարուստների բարգավաճումը և մնացած բոլորի անկումը» (2012)[28] գրքի հեղինակն է։ «Պլուտոկրատները» հայտնվել են «The New York Times» բեսթսելլերների ցուցակում և ստացել Լայոնել Գելբերի մրցանակը՝ միջազգային գործերի ոչ գեղարվեստական լուսաբանման համար[29], ինչպես նաև Ազգային գործարար գրքի մրցանակը՝ որպես բիզնեսի հետ կապ ունեցող ամենանշանավոր կանադական գիրք։
2013 թվականի հուլիսի 26-ին Ֆրիլանդը թողել է լրագրությունը, որպեսզի առաջադրվի Տորոնտո-Սենթեր շրջանի Լիբերալ կուսակցությունից Կանադայի Համայնքների պալատի ընտրություններում։ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին նա հաղթել է բաց նախնական ընտրությունում (փրայմերիզում)[30], իսկ նոյեմբերի 25-ին ստացել է ձայների 49,38 %-ը՝ հաղթելով Նոր դեմոկրատական կուսակցությունից (ՆԴԿ) լրագրող Լինդա ՄաքՔվեգին[31]։
2014 թվականի մարտից ընդգրկվել է Կանադայի պաշտոնատար անձանց ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ Կանադայի պատժամիջոցների[32]։
2015 թվականի հոկտեմբերի 19-ին կրկին ընտրվել է խորհրդարանում, այժմ արդեն Յունիվերսիթի-Ռոզդեյլ նոր շրջանից (մասնակիորեն գտնվում է Տորոնտո-Սենթերի շրջանի տարածքում)՝ հավաքելով ձայների 49,80 %-ը՝ հաղթելով հեռուստահաղորդավարուհի և քաղաքական ակտիվիստ Ջենիֆեր Հոլեթին ՆԴԿ-ից։ 2015-2017 թվականներին Կանադայի արտաքին առևտրի նախարարն է։
2017 թվականի հունվարի 10-ին Ստեֆան Դիոնի փոխարեն նշանակվել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջասթին Թրյուդոյի կառավարությունում, որն այդ օրը փոխել է վեց նախարարությունների ղեկավարներին[33]։
2019 թվականի նոյեմբերի 20-ին նշանակվել է վարչապետի տեղակալ և արտաքին գործերի նախարարի պաշտոնից տեղափոխվել միջկառավարական հարաբերությունների նախարարի պաշտոն։
2020 թվականի օգոստոսի 18-ին ազատվել է միջկառավարական հարաբերությունների նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարար։
Ամուսնացած է բրիտանացի գրող և «The New York Times»-ի լրահաղորդ Գրեմ Բոուլիի հետ[34]։ Նրանք ունեն երկու դուստր և որդի[35], որոնք ստացել են ուկրաինական անուններ՝ Նատալկա, Գալյա և Իվան։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, ուկրաիներենին, ռուսերենին, լեհերենին և իտալերենին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.