Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել (գերմ.՝ Friedrich Wilhelm Bessel; հուլիսի 22, 1784(1784-07-22)[1][2], Մինդեն, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[3][4][1] - մարտի 17, 1846(1846-03-17)[4][1][2][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[1]), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ[7], Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։
Կառլ Գաուսի աշակերտը։
Մասնագիտական կրթություն չի ստացել և գիտելիքներ ձեռք է բերել բացառապես ինքնակրթությամբ։ Հալլեյի գիսաստղի ուղեծրի ճշգրիտ հաշվարկը (1804) Բեսելին հնարավորություն է տվել Շրյոտերի մասնավոր աստղադիտարանում (Լիլիենթալ) 1806 թվականից ստանձնել դիտորդ–ասիստենտի պաշտոնը։ 1810 թվականին նշանակվել է Քյոնիգսբերգի համալսարանի պրոֆեսոր և կառուցել է ժամանակի ամենակատարյալ գործիքներով սարքավորված աստղադիտարան, որի դիրեկտորն էլ եղել է մինչև կյանքի վերջը։
1824 թվականին ավարտել է 75011 աստղերի (ընդգրկելով +47° և –16° հակումների միջև ընկած 9-րդ մեծության բոլոր աստղերը) դիտումները։ Ֆրիդրիխ Բեսելի աշխատանքներն էապես ազդել են աստղագիտական դիտումների բնույթի և ընդհանրապես աստղագիտության հետագա զարգացման վրա։ Նա մշակել է աստղագիտական գործիքների ու դիտողի սեփական սխալների տեսությունը։ Դիտումները մշակելիս կիրառել է հավանականությունների տեսությունը և ամենափոքր քառակուսիների եղանակը։
1838 թվականին որոշել է Կարապի 61–ի պարալաքսը։ Մշակել է Արեգակի խավարումների տեսությունը, որոշել մոլորակների զանգվածները և Սատուրնի արբանյակների տարրերը։ Արժեքավոր են Բեսելի աշխատանքները նաև գեոդեզիայի բնագավառում։ Մաթեմատիկայում Բեսելի անունն են կրում առաջին կարգի գլանային ֆունկցիաները (Բեսելի ֆունկցիաներ) և դիֆերենցիալ այն հավասարումը (Բեսելի հավասարում), որին բավարարում են այդ ֆունկցիաները, անհավասարությունը Ֆուրյեի շարքի գործակիցների համար (Բեսելի անհավասարություն) և այլն։