McFly
From Wikipedia, the free encyclopedia
McFly, բրիտանական փոփ ռոք/փոփ պանկ խումբ, որ ձևավորվել է 2003 թվականին։ Խմբի անդամներն են Թոմ Ֆլեթչերը (վոկալ, ուկելելե, կիթառ, դաշնամուր), Դենի Ջոնսը (վոկալ, հարմոնիկա, կիթառ), Դուգի Փոյնթերը (բաս կիթառ, վոկալ) և Հարի Ջուդը (հարվածային գործիքներ)։ Նրանք պայմանագիր են կնքել Island Records լեյբլի հետ 2004 թվականին։ Լեյբլի հետ պայմանագիրը ավարտվել է 2007 թվականին, երբ նրանք ստեղծեցին իրենց սեփական լեյբլը, որ կրում է Super Records անունը։
McFly | |
---|---|
Հարի Ջուդ, Դուգի Փոյնթեր, Դենի Ջոնս. Թոմ Ֆլեթչեր | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | փոփ ռոք |
Գործունեություն | 2003–ներկա |
Լեյբլ |
|
Կապված | Busted |
Կայք | mcfly.com |
Անդամներ | |
Թոմ Ֆլեթչեր Դենի Ջոնս Դուգի Փոյնթեր Հարի Ջուդ | |
McFly Վիքիպահեստում |
McFly-ը հայտնի դարձավ Busted երաժշտախմբի հետ 2004 թվականին համերգային շրջագայության մեկնելուց հետո։ 2005 թվականին նրանք հաղթեցին Brit Award մրցանակաբաշխությունում «Լավագույն փոփ կատարում» անվանակարգում[1]։ McFly-ի առաջին ալբոմը՝ Room on the 3rd Floor, UK Album Chart-ում մեկնարկեց առաջին հորիզոնականում և կրկնակի պլատինե հավաստագիր ստացավ[2]։ Դա թույլ տվեց նրանց դառնալ ամենաերիտասարդ երաժշտական խումբը, որի ձայնասկավառակը չարթում հենց մեկնարկից գրավել է առաջին հորիզոնականը. այս ցուցանիշով նրանք գերազանցեցին Բիթլզին։ Ձայնասկավառակի թողարկումից մեկ ամիս անց խումբը սկսեց իր առաջին շրջագայությունը Մեծ Բրիտանիայում[3]։
Խմբի երկրորդ ձայնասկավառակը՝ Wonderland, որը թողարկվեց 2005 թվականին, նույնպես Բրիտանիայում մեկնարկեց առաջին հորիզոնականից[4]։ Նրանց երրորդ ձայնասկավառակը՝ Motion in the Ocean, թողարկվեց 2006 թվականի նոյեմբերի 6-ին և Մեծ Բրիտանիայի չարթերում մեկնարկեց վեցերորդ հորիզոնականից[5]։ McFly-ը թողարկեց իր All the Greatest Hits («Բոլոր մեծագույն հիթեր») հավաքածուն 2007 թվականի նոյեմբերի 5-ին. ձայնասկավառակը բրիտանական չարթերում մեկնարկեց չորրորդ հորիզոնականից։ Խմբի չորրորդ ստուդիական ձայնասկավառակը՝ Radio:Active, թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հինգերորդ ձայնասկավառակը՝ Above the Noise, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին և չարթերում մեկնարկել 20-րդ հորիզոնականից։ 2014 թվականի փետրվարի տվյալներով՝ McFly խումբը Մեծ Բրիտանիայի թոփ 20 սինգլների չարթում 18 իրար հաջորդող երգ է ունեցել, որոնցից 7-ը առաջինն են եղել ՄԲ Սինգլների չարթում և 17-ը ներառվել են լավագույն տասնյակի մեջ։
2006 թվականին խմբի անդամները իրենք իրենց դերն են կատարել «Համբույր հաջողության համար» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարներն են Լինդսի Լոհանը և Քրիս Փայնը[6]։ Նրանք թողարկել են Just My Luck ձայնասկավառակը, որը ևս գործածվել է ֆիլմում որպես վերջինիս սաունդթրեք[7]։ Նրանք նաև ելույթներ են ունեցել տարբեր նախագծերում, ինչպիսիք են Comic Relief, Children in Need, Live 8, Sport Relief և Earth Hour:
Միայն Մեծ Բրիտանիայում խումբը վաճառել է ձայնասկավառակների նվազագույնը 1.5 միլիոն օրինակ[8]։ Ընդհանրապես, McFly-ը վաճառել է ավելի քան 7 միլիոն ձայնագրություն ողջ աշխարհում։
2013 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ McFly-ը կմիանա Busted խմբին՝ ձևավորելով McBusted խումբը։ Նրանք շրջագայեցին՝ կատարելով երկու խմբերի երգերն էլ[9]։