NBA բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստների ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստներ (անգլ.՝ NBA All-Star Game Most Valuable Player Award, (MVP)) տիտղոս, որն ամեն տարի շնորհվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղերի ամենաարժեքավոր բասկետբոլիստին։ Հիմնադրվել է 1953 թվականին։ Հենց այդ նույն թվականին էլ նշվել են նախորդ երկու մրցախաղերի լավագույն բասկետբոլիստները՝ Էդ Մակոլին (1951) և Փոլ Արիզինը (1952)[1]։ Քվեարկությունը տեղի է ունենում մրցախաղին ներկա գտնվող լրագրողների և մեկնաբանների շրջանում։ Տիտղոսը շնորհվում է առավելագույն ձայներ հավաքած խաղացողին[2]։ 1999 թվականին մրցախաղը չի կայացել՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում տեղի ունեցած լոկաուտի պատճառով[3]։
2009 թվականին Կոբի Բրայանտը և Շաքիլ Օ'Նիլը իրենց կարիերայում երրորդ անգամ արժանացել են MVP կոչմանը՝ միանալով Օսկար Ռոբերտսոնի և Մայքլ Ջորդանի շարքերին։ Տիտղոսների քանակով առաջատարներ են նաև Բոբ Փեթիթը և Կոբի Բրայանտը, որոնք 4 անգամ արժանացել են մրցախաղի ամենաարժեքավոր խաղացողի տիտղոսին։ Բոբ Կոուզին, Ջուլիուս Իրվինգը, Այզեա Թոմասը, Մեջիք Ջոնսոնը, Կարլ Մելոունը, Ալեն Այվերսոնը, Ռասսել Վեսթբրուքը, Լեբրոն Ջեյմսը և Քևին Դյուրանտը տիտղոսին արժանացել են երկու անգամ։ Լեբրոն Ջեյմսը առաջին անգամ տիտղոսը նվաճել է 2006 թվականին 21 տարեկան հասակում՝ դառնալով մրցանակին արժանացած ամենաերիտասարդ խաղացողը[4]։ Տիտղոսի շնորհման պատմության ամբողջ ընթացքում 4 անգամ միաժամանակ երկու խաղացող՝ Էլջին Բեյլորը և Բոբ Փեթիթը (1959 թվական), Ջոն Սթոքթոնը և Մելոունը (1993 թվական), Օ'Նիլը և Թիմ Դանքանը (2000 թվական), ինչպես նաև Բրայանտը և Օ'Նիլը (2009 թվական) մրցանակը կիսել են միմյանց միջև։ Շաքիլ Օ'Նիլը միակ խաղացողն է, որը երկու անգամ տիտղոսը կիսել է ուրիշ հավակնորդի հետ։ Ակումբներից տիտղոսների քանակով առաջատար է «Լոս Անջելես Լեյքերսը», որի խաղացողները 10 անգամ նվաճել են տիտղոսը։ Միևնույն ժամանակ «Բոստոն Սելտիքսի» խաղացողները պարգևը նվաճել են 8 անգամ։ Թիմ Դանքանը միակ խաղացողն է, որը ծնվել է ԱՄՆ-ի սահմաններից դուրս (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ), սակայն արժանացել է տիտղոսին[5]։ Տիտղոսը ներկայումս պատկանում է Քևին Դյուրանտին (2019)։