NBA բոլոր աստղերի պաշտպանության հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
NBA բոլոր աստղերի պաշտպանության հավաքական (անգլ.՝ NBA All-Defensive Team), սիմվոլիկ հավաքական, որը կազմված է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լավագույն պաշտպանողական խաղացողներից։ Ընտրվում է 1968/1969 մրցաշրջանից։ Հավաքականի կազմը որոշվում է ասոցիացիայի գլխավոր մարզիչների քվեարկությամբ, որոնց չի թույլատրվում քվեարկել իր ակումբի խաղացողների օգտին[1][2]։ Հավաքականը կազմված է երկու հնգյակ խաղացողներից՝ առաջին և երկրորդ։ Քվեարկությունը ընթանում է հետևյալ կերպ․ յուրաքանչյուր քվեարկողը հայտարարում է իր նախընտրած 10 բասկետբոլիստից կազմված հավաքականը։ Առաջին հնգյակի մեջ ընդգրկվելու համար խաղացողը վաստակում է 2 միավոր, իսկ երկրորդ հնգյակի մեջ՝ 1 միավոր։ Ըստ իրենց հավաքած միավորների քանակի բասկետբոլիստները ընդգրկվում են առաջին կամ երկրորդ հավաքականի մեջ։ 5-րդ տեղի համար հավակնորդների միավորների հավասարության դեպքում, երկուսն էլ ընդգրկվում են առաջին կամ երկրորդ հավաքականի մեջ։ Բոլոր աստղերի հավաքականի նման այս քվեարկության ժամանակ դիրքերում բաշխում տեղի չի ունենում։
Հավաքականի մեջ ընդգրկումների քանակով առաջինը համարվում է Թիմ Դանքանը։ Նա ընտրվել է 13 անգամ, սկսած NBA-ում իր առաջին տարվանից (1998)[3]։ Քարիմ Աբդուլ-Ջաբարը ընտրվել է 11 անգամ, իսկ Քևին Գառնեթը, Սկոտի Պիպենը և Կոբի Բրայանտը ընտրվել են 10 անգամ։ Մայքլ Ջորդանը և Գերի Փեյթոնը բաժանում են առաջին հնգյակի մեջ ընդգրկումների քանակով ռեկորդը։ Նրանք առաջին հնգյակի մեջ ընտրվել են 9 անգամ։ Պիպենը, Բոբի Ջոնսը, Գառնեթը և Բրայանտը առաջին հնգյակի մեջ ընդգրկվել են 8 անգամ, իսկ Ուոլթ Ֆրեյզերը և Դենիս Ռոդմանը՝ 7 անգամ[3]։ Ընդմանեը 6 օտաերկրյա խաղացողներ են ընդգրկվել հավաքականի մեջ՝ Հակիմ Օլաջուվոնը Նիգերիայից, Պատրիկ Յուինգը Յամայկայից, Դիկեմբե Մուտոմբոն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, Անդրեյ Կիրիլենկոն Ռուսաստանից, Թիմ Դանքանը և Ռաջա Բելը Ամերիկյան Վիրջինյան կղզիներից։ Չնայած դրան, որ Դանքանը և Բելը ԱՄՆ-ի քաղաքացիներ են, նրանք NBA-ում այնուամենայնիվ համարվում են օտարերկրյա խաղացողներ[4]։