The Beatles
From Wikipedia, the free encyclopedia
Բիթլզ (անգլերեն՝ The Beatles; խմբի առանձին անդամներն անվանվում են «բիթլ»), բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբ՝ կազմավորված Լիվերպուլում, 1960 թվականին։ Խմբի անդամներն են Ջոն Լենոննը, Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնը և Ռինգո Սթարը։ Կարճ ժամանակում Բիթլզը լայն ճանաչում ձեռք բերեց՝ դառնալով Մեծ Բրիտանիայի և ամբողջ աշխարհի կարևորագույն և ազդեցիկ երաժշտական խումբը։ Սկզբնավորվելով սքիֆֆլից, բիթից և 1950-ականների ռոքնռոլից՝ Բիթլզը հետագայում տարբեր երաժշտական ժանրեր փորձարկեց․ փոփ-բալլադներից և հնդակական երաժշտությունից մինչև փսիխոդելիկ ու ծանր ռոք՝ հաճախ նորարական եղանակներով ներմուծելով դասական և ոչ ավանդական երաժշտական տարրեր։ 1963 թվականին սկսվեց խմբի հսկայական տարածումը՝ «բիթլամանիան»։ Երգահաններ Լենոնի և ՄաքՔարթնիի գլխավորությամբ խմբի երաժշտությունը աճեց, զարգացավ և դարձավ փոփ երաժշտության էվոլյուցիայի և 1960-ականների հակամշակութային զարգացման անբաժանելի մասը[4]։ Քանի որ խմբի անդամները շարունակում էին ազդեցություններ կրել զանազան մշակութային աղբյուրներից, նրանց երաժշտական և լիրիկական կենսափորձը աճեց, և նրանց ընդունում էին որպես դարի հասարակամշակութային շարժման մարմնացումներ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ The Beatles (այլ կիրառումներ)
The Beatles | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լիվերպուլ, Անգլիա |
Ժանրեր | Ռոք, Ռոքնռոլ, Փսիխոդելիկ ռոք, Մյորսիբիթ, Ֆոլք |
Գործունեություն | 1960–1970 (Մասնակի վերամիավորում։ 1994–1995) |
Լեյբլ | Parlophone Capitol Apple Vee-Jay Polydor Swan Tollie United Artists |
Կապված | Թոնի Շերիդեն, The Quarrymen, Plastic Ono Band, The Dirty Mac, Wings, Traveling Wilburys, Rory Storm and the Hurricanes, Ringo Starr All-Starr Band, Բիլլի Փրեստոն |
Պարգևներ | |
Կայք | thebeatles.com |
Անդամներ | |
Ջոն Լենոն Փոլ Մաքքարթնի Ջորջ Հարրիսոն Ռինգո Սթար | |
Նախկին անդամներ | |
Ստյուարտ Սաթքլիֆ (1959—1961) Փիթ Բեստ (1960—1962) Ջիմի Նիկոլ (1964)[3] | |
The Beatles Վիքիպահեստում |
Բիթլզն իր հեղինակությունը ստեղծեց 1960 թվականից սկսած՝ երեք տարի շարունակ Լիվերպուլի և Համբուրգի ակումբներում ելույթներ ունենալով։ Այդ ժամանակ խմբի բաս-կիթառահարը Սթյուարթ Սաթքլիֆն էր։
1962 թվականին խմբի հիմնական եռյակը՝ Լենոնը, ՄաքՔարթնին ու Հարրիսոնը առաջարկեցին Ռինգո Սթարին միանալ իրենց՝ որպես հարվածային գործիք նվագող։ Խմբի պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ մեծ ներդրում են ունեցել մենեջեր Բրայան Ափշտայնը և Ջորջ Մարտինը, որոնք ուղղորդել և զարգացրել են նրանց ձայնագրությունները, մեծապես ընդլայնել խմբի հայտնիությունը Անգլիայում՝ 1962 թվականին թողարկված "Love Me Do" հիթից հետո։
Հաջորդ տարում նրանք արդեն ստացան «հրաշալի քառյակ» անվանումը, իսկ արդեն 1964 թվականին դարձան միջազգային աստղեր՝ գլխավորելով ամերկյան փոփ-շուկան։ 1965 թվականից սկսած՝ Բիթլզն ավելի նորարարական ձայնագրություններ սկսեց թողարկել․ Rubber Soul (1965), Revolver (1966), Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (1967), The Beatles (նաև հայտնի որպես White Album, 1968) և Abbey Road (1969): 1970 թվականի փլուզումից հետո խմբի անդամներից յուրաքանչյուրը հաջողության հասավ որպես մենակատար։ Լենոնը սպանվեց 1980 թվականի դեկտեմբերին, իսկ Հարրիսոնը մահացավ 2001 թվականի նոյեմբերին՝ թոքերի քաղցկեղից։ ՄաքՔարթնին և Սթարը դեռ երաժշտական ակտիվ գործունեություն են ծավալում։
Ողջ աշխարհում շուրջ 800 միլիոն ֆիզիկական և թվային ալբոմների վաճառքով Բիթլզը պատմության մեջ լավագույն վաճառք ապահոված երաժշտական խումբն է։ Այն ավելի շատ է գլխավորել բրիտանական չարտերը և Անգլիայում ավելի շատ սինգլներ վաճառել, քան մեկ այլ արտիստ։ Բիթլզի անդամները նաև ԱՄՆ-ի լավագույն վաճառք ունեցող արտիստներն են՝ 178 միլիոն սերտիֆիկացված միավորներով։ 2008 թվականին խումբը գլխավորեց Բիլբորդ ամսագրի՝ բոլոր ժամանակների ամենահաջողակ արտիստների ցուցակը։ Իսկ 2017 թվականից ի վեր, Բիթլզը Hot 100 չարտի ռեկորդակիր է՝ ամենաշատ առաջին հորիզոնականը զբաղեցրած հիթերով (20 սինգլ)։ Խումբը ստացել է յոթ Գրեմմի մրցանակ, մեկ Academy մրցանակ՝ Լավագույն օրիգինալ երգի համար, և տասնհինգ Ivor Novello մրցանակ։ 1988 թվականին խումբը ներառվել է Ռոքնռոլի Փառքի սրահում, իսկ 1994-2015 թվականներին խմբի անդամներն անհատական աստղեր են ստացել։ Նրանք նաև միասին ընդգրկվել են Թայմս ամսագրի՝ 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։