Գալինա Կուլակովա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Գալինա Ալեքսեևնա Կուլակովա (ռուս.՝ Галина Алексеевна Кулакова, ապրիլի 29, 1942[1][2]), խորհրդային դահուկորդուհի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, աշխարհի իննակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, 39 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1970), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։ Հանդես է եկել «Труд» միությունում։
Remove ads
Կենսագրություն
Գալինա Կուլակովան ծնվել է 1942 թվականի ապրիլի 29-ին Ուդմուրտական ԻԽՍՀ Վոտկինսկի շրջանի Լոգաչի գյուղում, բազմազավակ ընտանիքում (2 եղբայր և 7 քույր)։ Ազգությամբ ուդմուրտ է[3]։ Հայրը զոհվել է ռազմաճակատում։ Գալինա Կուլակովան պատանեկան տարիքում որպես կթվորուհի աշխատել է «Վոտկինսկի» սովխոզում։ Դահուկավազքով լրջորեն զբաղվել սկսել է Պյոտր Նայմուշինի ղեկավարությամբ։ 1962 թվականին ավարտել է Իժևսկի մանկավարժական ուսումնարանը։ Սովորել է նաև Պրոկոպևսկի ֆիզկուլտուրայի տեխնիկումում[4]։
ԽՍՀՄ հավաքականի կազմում Գալինա Կուլակովան սկսել է հանդես գալ 1967 թվականից։
- 1972 թվականին Սապորոյում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Գալինա Կուլակովան նվաճել է բոլոր հնարավոր ոսկե մեդալները (10 կմ, 5 կմ և փոխանցավազք 3х5 կմ)։
- 1976 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ Գալինա Կուլակովան ոսկե մեդալի է արժանացել 3х5 կմ փոխանցավազքում։
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալների է արժանացել 1968 (5 կմ, Գալինա Կուլակովան ընկել է վերջնագծից 500 մ հեռավորության վրա, ինչի պատճառով շվեդուհի Տոյնի Գուստաֆսոնը նրանից առաջ է անցել) և 1980 թվականներին (փոխանցավազք 4х5 կմ),
- Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալների է արժանացել 1968 (փոխանցավազք 3х5 կմ) և 1976 թվականներին (5 կմ),
- 1974 թվականին Ֆալունում անցկազված Օլիմպիական խաղերի ժամանակ նույնպես Գալինա Կուլակովան վաստակել է բոլոր հնարավոր ոսկե մեդալները (10 կմ, 5 կմ և 4х5 կմ),
- 1970 թվականին Գալինա Կուլակովան աշխարհի չեմպիոն է դարձել 5 կմ դահուկավազքում և 3х5 կմ փոխանցավազքում,
- 39 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն 5 կմ (1969, 1973, 1974, 1975, 1977, 1979), 10 կմ (1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1977, 1978, 1979, 1982), 20 կմ (1977, 1978, 1979, 1980, 1981), 30 կմ (1975, 1976, 1977, 1979, 1980), փոխանցավազք 4х5 կմ (1967, 1969, 1970, 1971, 1972, 1973, 1974, 1975, 1976, 1978, 1979, 1981),
- Աշխարհի գավաթի առաջին առաջնության հաղթող 1978/79:
1970 թվականի աշխարհ առաջնությունից առաջ ենթադրվում էր, որ Գալինա Կուլակովան կվաստակի բոլոր հնարավոր ոսկե մեդալները, սակայն տեղի է ունեցել անկանխատեսելին։ ԽՍՀՄ գավաթի առաջնության ժամանակ Գալինա Կուլակովային հենց վազքուղուց տարել են Սվերդլովսկի հիվանդանոցներից մեկը, որտեղ նրան վիրահատել են, որից հետո բավական երկար ժամանակ է պահանջվել ապաքինվելու և նորից քայլել սովորելու համար։ Այդ վիրահատությունից հետո պահանջվում էր երեք ամիս պահպանել անկողնային ռեժիմ, սակայն Գալինա Կուլակովան, հակառակ բոլոր կանխատեսումներին ու զգուշացումներին, վիրահատությունից ընդամենը մի քանի շաբաթ անց վերսկսում է մարզումները։ Չեխոսլովակիայում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Գալինա Կուլակովան հաղթում է փոխանցավազքի իր հատվածում։
1976 թվականին Ինսբրուքում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ երրորդ տեղն է գրավել 5 կմ մրցատարածությունում, սակայն էֆեդրինի օգտագործման պատճառով (Միջազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ նա դա կաթեցրել է քթին որպես դեղամիջոց գրիպի դեմ) զրկվել է բրոնզե մեդալից։ Այդ մրցանակը բաժին է հասել խորհրդային դահուկորդուհի Նինա Բալդիչյովային, ով վերջնագծին էր հասել չորրորդը։ Այնուամենայնիվ, Կուլակովան չի զրկվել մյուս մրցություններին (10 կմ և փոխանցավազք) մասնակցելու իրավունքից։
Գալինա Կուլակովան իր մարզական կարիերան ավարտել է 1982 թվականին։
1984 թվականին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը Գալինա Կուլակովային պարգևատրել է արծաթե Օլիմպիական շքանշանով։
Ներկայում Գալինա Կուլակովան բնակվում է Իտալմաս գյուղում, որտեղ գործում է նրա տուն-թանգարանը[5][6]։ 2007 թվականին Իժևսկում՝ Յակ-Բոդինսկի ճանապարհի 14-րդ կիլոմետրի վրա բացվել է «Գալինա Կուլակովայի անվան մարզական-առողջարարային դահուկավազքի կենտրոնը»[7]։
Պետական պարգևներ

- Լենինի շքանշան (1972)
- «Պատվո նշան» 3 շքանշան (1970, 1976)
- Մեդալ «Աշխատանքային գերազանցության համար» (1968)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (1997)
- Ռուսաստանի Դաշնության ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող (2008)
Այլ պարգևներ և կոչումներ
- Արծաթե Օլիմպիական շքանշան[8]
- Իժևսկի պատվավոր քաղաքացի (1988)[9]
- Ուդմուրթական հանրապետության պատվավոր քաղաքացի
- Ուդմուրթական հանրապետության ֆիզկուլտուրայի վաստակավոր աշխատող
- «Ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար» նշան (1992)
- Ուդմուրտիայի XX դարի լավագույն մարզուհի[10]
Remove ads
Հետաքրքիր փաստեր

- Իժևսկում՝ Իժևսկի լճակի ափին, տեղադրվել է «Ժողովուրդների բարեկամության» հուշարձան, որը ժողովուրդը կոչում է «Կուլակովայի դահուկներ»[11],
- Լոգաչի գյուղը, որտեղ ծնվել է Գալինա Կուլակովան, Վոտկինսկի հէկի կառուցումից հետո անցել է ջրի տակ, սակայն այն վայրը, որտեղ եղել է Կուլակովայի հայրական տունը, մնացել է ջրից դուրս՝ ձևավորելով փոքրիկ կղզի[12],
- Սպորտով ակտիվորեն զբաղվելու տարիներին Գալինա Կուլակովայի պուլսը րոպեում զարկել է 36 անգամ։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads