Դարեհ I Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Դարեհ I Մեծ (հայկական աղբյուրներում՝ Դարեհ Վշտասպյան[7], հին պարսկերեն՝ Dārayavahuš, աքադերեն՝ Dariamuš, էլամերեն՝ Dariyamauiš, արամ.՝ Dryhwš, հին հունարեն՝ Δαρεῖος , լատին․՝ Darius), Աքեմենյան Պարսկաստանի արքա (մ.թ.ա. 522-486 թվականներ), Աքեմենյան կայսրության ներկայացուցիչ, Վշտասպի որդի։ Արքա է հռչակվել 28 տարեկան հասակում՝ պալատական հեղաշրջման արդյունքում մոգ Գաումատայի սպանությունից հետո։ Գահի նկատմամբ իր իրավունքները ամրապնդելու համար ամուսնացել է Կյուրոս II Մեծի դուստր Աթոսայի հետ։

Ճնշել է Կամբյուսեսի մահից հետո պարսկական տերության ներսում սկսված երկպառակություններն ու նվաճված մարզերում ( այդ թվում նաև Հայաստանում) բռնկված ապստամբությունները՝ վերականգնելով պետության միասնականությունը։ Վերսկսել է զավթողական պատերազմները՝ նվաճելով Եգիպտոսից արևմուտք ընկած Կիրենե և Բարկե հյուսիսաֆրիկյան հունական գաղութները։
Հաստատեց պարսկական տիրապետությունը Բոսֆորի և Հելլեսպոնտոս նեղուցների վրա։ Մ.թ.ա. 512 թվականին արշավել է Սկյութիա (Սև ծովի հյուսիս ընկած տարածքներ)՝անցնելով Իստրոս (Դանուբ) գետը, սակայն ճակատամարտերից խուսափելու և հյուծելու սկյութական մարտավարության հետևանքով արշավանքը ձախողվել է և Դարեհը նահանջել է՝ հազիվ կարողանալով խուսափել գերությունից։
Ձգտելով ամբողջությամբ իրեն ենթարկել Հունաստանը՝ մ.թ.ա. 491 թվականին Դարեհը դեսպաններ է ուղարկում հունական բոլոր խոշոր քաղաք-պետություններ (պոլիսներ)։ Հունաստանի քաղաքներից շատերը ճանաչում են Պարսկաստանի գերիշխանությունը և միայն Աթենքն ու Սպարտան են հրաժարվում հնազանդվել։ Մ.թ.ա. 490 թվականին Դարեհը մեծ արշավանք է կազմակերպում Հունաստան։ Պարսկական նավատորմը, անցնելով Էգեյան ծովով և նվաճելով ու թալանելով իր ճանապարհին ընկած փոքր հունական առափնյա քաղաքներն ու կղզիները, հասնում է Ատտիկա։ Պարսկական զորքերը ափ են իջնում և ճամբար գցում Մարաթոն գյուղի մոտ։ Այդտեղ նրանց դիմավորում է աթենացիների զորքը Միլտիադեսի գլխավորությամբ։ Մարաթոնի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական զորքը պարտություն է կրում։ Մարտի դաշտում են մնում 6400 պարսկական զինվորներ և 192 հունական հոպլիտներ։ Պարսկական նավատորմը զորքի մնացորդով ստիպված է լինում նահանջել։
Դարեհը չի հաշտվում պարտության հետ և նախապատրաստվում էր նոր լայնածավալ արշավանքի Հունաստանի դեմ։ Սակայն մ.թ.ա. 486 թ. նա մահանում է՝ չհասցնելով կյանքի կոչել իր այդ ծրագիրը։
Remove ads
Աղբյուրներ
Տես նաև
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads