Հարք
Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի գավառ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հարքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում գավառ է, կենտրոնը՝ Կոփ։ Տարածվում էր Արածանի գետի վերին հովտում, Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք և Բզնունիք գավառների միջև։ Հարքի մասին տեղեկությունները սակավ ու կցկտուր են։
Մար Աբաս Կատինա պատմիչը Հարք և նրա Հայկաշեն դաստակերտը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնակության սկզբնատեղը։ Ըստ այդ ավանդական պատմության, Հայկը Հարքը ժառանգություն է թողել որդիներից Մանավազին, որն իր անունով հիմնել է Մանավազակերտ բերդաքաղաքը։ Մինչև IV դարը Հարքը ժառանգաբար տիրել են Մանավազյանները։ Նրանց իշխանանիստ կենտրոնն էր Մանազկերտը։
Մանավազյան նախարարության բնաջնջումից հետո Արշակունի Խոսրով Բ Կոտակ թագավորը Հարքը պարգևել է Աղբիանոսյաններին, որոնք Մանազկերտը դարձրել են եպիսկոսանիստ կենտրոն. մանազկերտցի Աղբիանոսյան եպիսկոպոսներից վեցը IV-V դարերում դարձել են կաթողիկոս։ Ներսեսի «Վարքում» հիշվում է Հարքեանք նախարարությունը։
Հարքի հնագույն բնակավայրերից է Հերյանը, որտեղ ըստ Ստեփաննոս Տարոնեցու ծնվել է հայ ականավոր իմաստասեր Դավիթ Անհաղթը։ Նույն պատմիչը Հարքի Եղեգակ գյուղը հիշատակվում է որպես Սահակ Բ կաթողիկոս (534-539) ծննդավայրը։ Արիստակես Լաստիվերցին հիշատակում է Հարքի Մանկագոմ, Գյուղք և Ագարակք ավանագյուղերը։ XI դարի սկզբին Հարքը հիշատակվում է որպես Թոնդրակյան շարժմանկենտրոն։ Այժմ Հարքը տրոհված է թուրքական Բուլանըկ և Մանազկերտ գավառների միջև։
Հարք գավառի տարածքը մոտավորապես համապատասխանում է Թուրքիայի Մուշի մարզի Բուլանիք շրջանին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 323)։ ![]() |
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads