Մար Աբաս Կատինա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մար Աբաս Կատինա նաև Մար Աբաս Մծուրնացի, Մարաբա Մծուրնացի (ասորերեն՝ Mār Awā Qațțīnā, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), ասորի պատմագիր և փիլիսոփա։ Մար Աբաս Կատինա անվանումը թարգմանաբար նշանակում է՝ «Տեր Աբա Իմաստունն»[1]։ Մովսես Խորենացին և Սեբեոսը իրենց աշխատությունների առաջին մասերը գրելիս մեծապես օգտվել են նրա աշխատությունից։ Սեբեոսը նրան անվանում է «Մարաբայ փիլիսոփա Մծուրնացի»[2]։ Այս անվանումը ցույց է տալիս, որ նա ծնվել կամ երկար ժամանակ ապրել է Մեծ Հայքի Մծուրն քաղաքում։ Իմացել է նաև հայերեն[3]։ Մար Աբաս Կատինայի մատյանը Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» և Սեբեոսի երկին կցված՝ Անանուն պատմիչի, այսպես կոչված «Նախնական պատմության» ամենակարևոր աղբյուրներից է։ Ըստ Մովսես Խորենացու նա ապրել է մ.թ.ա. 3-րդ դարում։ Որոշ հետազոտողներ (Ն. Մառ, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան) նրան համարում են 4-րդ դարի հեղինակ, որը գրել է հունարեն։ Մար Աբասը օգտագործել է թե՛ բանավոր և թե՛ գրավոր (հունարեն մի ժամանակագրություն, որը կազմված էր հայոց արքունի դիվանի վավերագրերից) աղբյուրներ, որոնցից քաղել է հայ ժողովրդի պատմության հնագույն շերտերն արտացոլող մի շարք առասպելներ և ասքեր։ Մատյանում տեղ են գտել նաև պարթև Արշակունիների պատմության որոշ դրվագներին և հայ Արշակունիների սկզբնաշրջանին վերաբերվող տեղեկություններ[4]։
Remove ads
Մովսես Խորենացին Մար Աբաս Կատինայի և նրա «Պատմության» մասին
Մար Աբաս Կատինան հիշատակվում է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ում։ Ըստ Պատմահոր վկայության՝ մ.թ.ա. 3-րդ դարի կեսերին Հայոց թագավոր Վաղարշակը իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով «կամեցավ իմանալ, թե ովքե՞ր արդյոք և ինչպիսի՞ մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալի քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների»։ Այդ նպատակով նա գտնում է մի «ուշիմ ասորի» Մար Աբաս Կատինա անունով, «քաղդեական և հունական գրության մեջ վարժ», և նրան ուղարկում իր եղբոր՝ Արշակ Մեծի մոտ արժանավայել ընծաներով, (խնդրելով) բանալ նրա առաջ արքունական դիվանը[5]։ Արշակ Մեծն ընդունելով գրությունը Մար Աբաս Կատինայից, մեծ ուրախությամբ հրամայում է բանալ նրա առաջ արքունական դիվանը, «որ Նինվեում էր», միաժամանակ ուրախանալով, որ այսպիսի մտադրություն ունի իր եղբայրը, որին վստահել էր իր թագավորության կեսը։ Մար Աբասը աչքի անցկացնելով բոլոր մատյանները «գտնում է մի մատյան հունարեն գրված» ու այդ մատյանից հանելով միայն մեր ազգի «հավաստի պատմությունը» հույն և ասորի գրերով «բերում է Մծբին Վաղարշակ թագավորին»։ Ստանալով Մար Աբաս Կատինայի մատյանը՝ Վաղարշակը համարում է այն «առաջինն իր գանձերի մեջ, դնում է արքունական պահեստը մեծ զգուշությամբ և հրամայում է նրա բովանդակությունը դրոշմել քարե արձանի (սալաքարի) վրա»[6], որը հանդիսացավ նորմավորված ձևով Հայոց պատմության առաջին գրավոր հուշարձանը (ցավոք այդ հուշարձանը հնագետների կողմից դեռևս պեղված չէ, որը եթե պահպանվել է, ապա հավանաբար պետք է որ գտնվելիս լինի ներկայիս Թուրքիաի տարածքի Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին գտնվող Նիսիբին /նախկին՝ Մծբին/ գյուղաքաղաքի շրջակայքում)։
Remove ads
Մար Աբաս Կատինայի գոյության ժխտումը
Որոշ հայագետներ (հատկապես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի) ընդհանրապես չէին ընդունում Մար Աբաս Կատինայի գոյությունը՝ համարելով նրան Մովսես Խորենացու երևակայության արդյունք։ Սակայն ժամանակակից հայագետները[փա՞ստ] գտնում են, որ Մար Աբաս Կատինան ապրել և իր երկը գրել է մ.թ. 3 - 4 դարերի սզբներում (ըստ Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վկայության՝ մ.թ.ա. 3-րդ դարի կեսերին, Հայոց թագավոր Վաղարշակ Ա-ի իշխանության օրոք), քանի որ բացի Մովսես Խորենացուց, նրա Պատմությունից օգտվել են Անանունը (հիշատակում է նրան Մար Աբաս Մծուրնացի անունով) և 6-րդ դարի հույն պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին։
Մար Աբաս Կատինյաի կամ նրա մատյանի գոյության փաստը ժխտելու փորձերը իրենց չեն արդարացրել։ Նրա մատյանը նախամեսրոպյան շրջանի հայ պատմագիտական մտքի կարևորագույն հուշարձաններից է[7]։
Remove ads
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads