Մոդեստ Մուսորգսկի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մոդեստ Պետրովիչ Մուսորգսկի (ռուս.՝ Модест Петрович Мусоргский, մարտի 9 (21), 1839[1], Karevo, Տորոպեցկիի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - մարտի 16 (28), 1881[3][2][1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][2][…]), ռուս նշանավոր կոմպոզիտոր, «Հզոր խմբակի» անդամ, «Բորիս Գոդունով» (1869, 2-րդ խմբագրում 1872), «Խովանշչինա» (1872-1880, ավարտել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, 1883), «Սորոչինյան տոնավաճառ» (1874-1880, ավարտել է Ցեզար Կյուին, 1916) օպերաների, «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պոեմի, «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային շարքի[5] (1874), «Մահվան երգերն ու պարերը» վոկալ շարքի (1877) հեղինակ։
Remove ads
Կենսագրություն

Մոդեստ Մուսորգսկին 6 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել մոր ղեկավարությամբ։ 1849 թվականին ընդունվել է Պետերբուրգի Պետրոպավլովյան դպրոցը, 1852-1856 թվականներին սովորել գվարդիական ենթասպաների դպրոցում։ Միաժամանակ երաժշտության դասեր է առել դաշնակահար Անտոն Գերկեից։
1852 թվականին հրատարակվել է Մուսորգսկու առաջին ստեղծագործությունը՝ «Ենթասպա» պոլկան դաշնամուրի համար։ Մուսորգսկու ընդհանուր և երաժշտական զարգացման վրա վճռական ազդեցություն է գործել ծանոթությունը Ալեքսանդր Դարգոմիժսկու, Վլադիմիր Ստասովի, Միլի Բալակիրևի հետ (1856-1857)։
Բալակիրևի ղեկավարությամբ Մուսորգսկին սկսել է լրջորեն պարապել կոմպոզիցիա, 1858 թվականին թողել է զինվորական ծառայությունը։ 1863-1866 թվականներին աշխատել է «Սալամբո» օպերայի վրա (ըստ Գյուստավ Ֆլոբերի համանուն վեպի, անավարտ է), որն աչքի է ընկնում ժողովրդական-մասսայական տեսարանների դրամատիզմով։

1860-ական թվականների կեսերին ձևավորվել է Մուսորգսկու՝ ռեալիստ արվեստագետի աշխարհայացքը։ Անդրադառնալով ժողովրդի կյանքից վերցված սուր սոցիալական թեմաների՝ ստեղծել է Նիկոլայ Նեկրասովի, Տարաս Շևչենկոյի, Ալեքսանդր Օստրովսկու և սեփական տեքստերով երգեր ու ռոմանսներ («Կալիստրատ», «Երյոմուշկայի օրորոցայինը», «Որբուկը», «Սեմինարիստ» և այլն), որոնցում կերտել է վառ բնութագրական մարդկային կերպարներ։
Հնչյունային գույների հյութեղությամբ առանձնանում է «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պատկերը (1867)։ Օպերային դեկլամացիայի բնագավառում համարձակ փորձ էր Մուսորգսկու «Ամուսնություն» (Նիկոլայ Գոգոլի կատակերգության չփոփոխված տեքստով, 1868) անավարտ օպերան։
Կոմպոզիտորի մեծագույն ստեղծագործությունը «Բորիս Գոդունով» օպերան է (ըստ Ալեքսանդր Պուշկինի ողբերգության, 1868-1869, բեմ. Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1874), որի գլխավոր անձը ժողովուրդն է։ Առաջին անգամ էր, որ օպերայում հնչում էին ժողովրդական երգերի մեղեդիներ։
1870-ական թվականներին աշխատել է «Խովանշչինա» «ժողովրդական երաժշտական դրամա»-ի (լիբրետոն Մուսորգսկու, 1872-1880, անավարտ է) և քնարական-կատակերգական «Սորոչինյան տոնավաճառ» (ըստ Գոգոլի վիպակի, 1874-1880) օպերայի վրա։ «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» երաժշտական դրամաներում դինամիկական վառ ժողովրդական մասսայական տեսարանները զուգակցված են առանձին կերպարների խոր հոգեբանական, վառ անհատական բնութագրերի հետ։
Միաժամանակ ստեղծել է «Առանց արևի» (1874), «Մահվան երգերն ու պարերը» (1875-77) վոկալ շարքերը (դրանցում բնութագրման հիմնական միջոցը մարդկային խոսքի կենդանի ինտոնացիան է), «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային սյուիտը (1874) և այլն։ «Խովանշչինան» կոմպոզիտորի մահից հետո ավարտել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, «Սորոչինյան տոնավաճառի» վրա աշխատել են Ալեքսանդր Լյադովը, Ցեզար Կյուին։

1896 թվականին Ռիմսկի-Կորսակովը կատարել է «Բորիս Գոդունովի» նոր խմբագրություն։ 1959 թվականին «Բորիս Գոդունով» և «Խովանշչինա» օպերաները վերախմբագրել և գործիքավորել է Դմիտրի Շոստակովիչը։
Մուսորգսկին XIX դարի մեծագույն ռեալիստ-կոմպոզիտորներից է։ Երաժշտության մեջ ձգտել է հասնել կենսական ճշմարտացիության, կերպարների հոգեբանական և կենցաղային կոնկրետության։ Հերքելով ավանդական ակադեմիական նորմերն ու պատկերացումները՝ Մուսորգսկին համարձակորեն որոնել, փորձարկել է երաժշտաարտահայտչական նոր միջոցներ։ Հիմնվելով խոսակցական լեզվի ինտոնացիաների և ռուսական ժողովրդական երգերի մեղեդիների վրա՝ ստեղծել է ինքնատիպ, արտահայտիչ երաժշտական լեզու։
Մուսորգսկու երաժշտությունը մեծ ազդեցություն է գործել հետագա կոմպոզիտորների՝ Սերգեյ Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի, Լեոշ Յանաչեկի, Կլոդ Դեբյուսիի ստեղծագործության վրա։
Remove ads
Երկեր
- Литературное наследие, сост. А. А. Орлова и М. С. Пекелис, [кн. 1–2], М., 1971-72
Գրականություն
- Туманина Н., М. П. Мусоргский, М.–Л., 1939
- Асафьев Б. В., Избр. труды, т. 3, М., 1954
- Орлова А., Труды и дни М. П. Мусоргского. Летопись жизни и творчества, М., 1963
- Xубов Г., Мусоргский, М., 1969
- Шлифштейн С., Мусоргский. Художник. Время. Судьба, М., 1975
- Hoffmann R., Moussorgski, P., 1952
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads