Սպիտակի երկրաշարժ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8[2]-7,2[3] մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։
Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս է եկել Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Երկրաշարժի արդյունքում լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն և 58 գյուղ, մասամբ ավերվել են Լենինական (ներկայում՝ Գյումրի), Ստեփանավան, Կիրովական (ներկայում՝ Վանաձոր) քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր[4]։
Չնայած Սառը պատերազմի լարվածությանը, երկրաշարժից մի քանի օր հետո Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովը պաշտոնապես ԱՄՆ֊ից հումանիտար օգնություն է խնդրել (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ)։ 113 երկիր զգալի քանակությամբ հումանիտար օգնություն է ուղարկել Խորհրդային Միություն՝ փրկարարական սարքավորումների, որոնողական խմբերի և բժշկական պարագաների տեսքով, բայց գաղտնի նվիրատվությունը և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները նույնպես միջազգային օգնության մաս են կազմել։ Օգնություն բերելու ճանապարհին մեկ ԽՍՀՄ ինքնաթիռ, որում կային անձնակազմի 9 անդամ և 69 զինծառայող, և Հարավսլավիայից եկող մի փոխադրամիջոց կործանվել են տարբեր պատահարներում[5]։
Remove ads
Երկրաշարժ
Աղբյուրը եղել է 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող խզվածքի ճեղքվածքը Կովկասյան լեռնաշղթայից, որը ձևավորվել է Արաբական և Եվրասիական տեկտոնական սալերի մերձեցման հետևանքով։ Տարածքը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտու երկայնքով, որը ձգվում է հարավային Եվրոպայի Ալպերից մինչև Ասիայի Հիմալայներ։ Այս գոտու երկայնքով սեյսմիկությունը նշանավորվում է Էգեյան ծովից, Թուրքիայի և Իրանի միջով և դեպի Աֆղանստան հաճախակի ուժեղ երկրաշարժերով։ Թեև Հայաստանում սեյսմիկ իրադարձությունների կրկնությունը չի հասնում այն բարձր հաճախականությանը, որը նկատվում է այս գոտու մյուս հատվածներում, կեղևի արագ դեֆորմացիան կապված է ակտիվ հրաբխային խզվածքի և հրաբխային ակտիվության հետ։ Արարատ լեռը, որը 5,137 մ բարձրությամբ հանգած հրաբուխ է, գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից 100 կմ դեպի հարավ՝ Թուրքիայի տարածքում[6]։
Երկրաշարժը տեղի է ունեցել հայտնի 60 կմ երկարությամբ հրող խզվածքի երկայնքով, որը ձգվում է Կովկասյան լեռնաշղթայի հետ զուգահեռ և թեքվում դեպի հյուսիս-հյուսիսարևելք։ Սեյսմոլոգ և Կալիֆոռնիայի համալսարանի (Բերքլի) երկրաբանական ու մոլորակային գիտությունների պրոֆեսոր Բրյուս Բոլթը 1992 թվականին քայլել է խզվածքի մակերևութային ճեղքի ամբողջ երկարությամբ և պարզել, որ ուղղահայաց տեղաշարժը մեծ մասում կազմել է 1 մ, իսկ հարավարևմտյան ծայրում հասել է 1.6 մ[7]։ Երկրաշարժի ժամանակ Սպիտակի հատվածի հյուսիս-արևելյան կողմը բարձրացել է դեպի վեր և դեպի հարավ-արևմուտք[8]։
Ձայնալիքային մոդելավորումը ցույց է տվել, որ խզվածքի շարժումը սկսվել է 5 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Ալավարի հրող խզվածքի վրա՝ Փոքր Կովկասի լեռների լանջերին, Արագած լեռից հյուսիս։ Գլխավոր ցնցումը առաջացրել է մակերևութային ճեղքում և տարածվել է դեպի արևմուտք, իսկ երկու վայրկյան անց տեղի է ունեցել առանձին սահող ենթաշարժ, որը տարածվել է դեպի հարավարևելք։ Արևմուտք շարժվելիս խզվածքը բաժանվել է երկու ճյուղի՝ հյուսիս թեքվող հակադարձ խզվածք (հյուսիսային ճյուղ) և աջ ուղղաձիգ սահող խզվածք (հարավային ճյուղ), սակայն երկուսն էլ մակերևութային ճեղքում չեն առաջացրել։ Ընդհանուր առմամբ, առաջին տասնմեկ վայրկյանում տեղի է ունեցել հինգ ենթաշարժ, իսկ չորս րոպե քսան վայրկյան անց գրանցվել է 5.8 (տեղային մեծությամբ) ուժգնության հետցնցում[9][10]։
Remove ads
Սեյսմոլոգիական բնութագիր

- Ժամանակը - 1988 թ. դեկտեմբերի 7-ին‚ տեղական ժամանակով 11 անց 41 րոպե,
- Էպիկենտրոնը - Սպիտակ քաղաքի մոտ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ (φ=40,9N;λ=440, 2E),
- Ուժգնությունը - էպիկենտրոնում 10 բալ ըստ МSК - 64 սանդղակի,
- Գյումրիում - 9 բալ
- Վանաձորում - 8-9 բալ
- Ստեփանավանում - 9 բալ
- Երևանում - 6 բալ
- Մագնիտուդը- 7‚0 ըստ Ռիխտերի սանդղակի,
- Հիպոկենտրոնի խորությունը- մոտ 10 կմ,
- Գլխավոր ցնցման տևողությունը- մոտ 35-45 վրկ.,
- Երկրաշարժի ժամանակ երկրի մակերեսին առաջացած բեկվածքի երկարությունը- մոտ 37 կմ‚ ուղղաձիգ առավելագույն տեղաշարժը- մոտ 2 մ‚ հորիզոնական տեղաշարժը- 0,7-1‚0 մ։
Remove ads
Ավերման գոտու բնութագիր
- Վնասի գոտու մակերեսը - 10 000 կմ քառակուսի‚ ուր ապրում էր 1 միլիոն բնակիչ,
- Ուժեղ ավերման գոտու մակերեսը - 3000 կմ քառակուսի,
- Ավերված քաղաքների թիվը - 11,
- Ավերված գյուղերի թիվը - 58,
- Տուժած քաղաքների թիվը - 21,
- Տուժած գյուղերի թիվը - 342,
- Անօթևան մնացածների թիվը - 514000 մարդ։
Սպիտակի երկրաշարժ | Լոմա-Փրիետա երկրաշարժ | |
Թվական | դեկտեմբերի 7, 1988 | հոկտեմբերի 17, 1989 |
Ուժգնություն | 6.9 | 7.1 |
Վայր | Հայաստան | Հյուսիսային Կալիֆորնիա |
Մահացածներ | >25,000 | 67 |
Վիրավորներ | 31,000 | 2,435 |
Անօթևան մնացածներ | 514,000 | 7,362 |
Գույքային վնաս | Անհայտ | ~7.8 միլիարդ ԱՄՆ դոլար |
Փլատակներից հանվել է կենդանի - 45000 մարդ, հոսպիտալացվել է - 12500 մարդ։ Աղետի գոտուց տարահանվել է 120 հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ։
Ուղիղ նյութական կորուստների արժեքը կազմել է 10 միլիարդ ԱՄՆ դոլար։
Պատկերներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads