Ֆուզիե

From Wikipedia, the free encyclopedia

Ֆուզիե
Remove ads

Ֆուզիե (պարսկերեն արտասանությամբ, պարս.՝ فوزیه) կամ Ֆավզիա Ֆուադ (արաբերեն արտասանությամբ, արաբ․՝ فوزية ابنة فؤاد, նոյեմբերի 5, 1921(1921-11-05)[1][2], Ras el-Tin Palace, Ալեքսանդրիա, Եգիպտոս - հուլիսի 2, 2013(2013-07-02)[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[3]), եգիպտացի արքայադուստր, դառնալով Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի առաջին կինը՝ ստացել է Իրանի թագուհու տիտղոս։

Արագ փաստեր Ֆուզիե արաբ․՝ فوزية ابنة فؤاد‎‎, Ծնվել է ...

1949 թվականին երկրորդ անգամ ամուսնանալուց հետո նա հայտնի է եղել նաև որպես Ֆավզիա Շիրին։ 1952 թվականի եգիպտական հեղափոխությունից հետո նրա թագավորական տիտղոսները կառավարության կողմից չեն ճանաչվել, սակայն, համաձայն միջազգային արձանագրության, նախկինում իշխող թագավորական ընտանիքի ներկայացուցիչները (ինչպես միապետերը, այնպես էլ անդամները) առաջվա պես պահպանել են իրենց տիտղոսները, որոնք ստացել էին այն ժամանակ, երբ իշխող էր իրենց տունը։ Ֆավզիա Ֆուադը Մուհամմադ Ալիի կործանված դինաստիայի ամենահին ներկայացուցիչն էր, ով ուներ ալբանական ծագում և ապրում էր Եգիպտոսում։ Նրա զարմիկ Ֆուադը, որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում և Սուդանում թագավոր է հռչակվել որպես Ֆուադ II, այժմ բնակվում է Շվեյցարիայում։

Remove ads

Երիտասարդություն և կրթություն

Արքայադուստր Ֆավզիան ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 5-ին Ալեքսանդրիայի Ռաս-էլ-Թին պալատում, ի ծնե ստացել է Ֆավզիա իբն Ֆուադ անունը և սկսել է կոչվել «Նորին սուլթանական մեծություն»։ Եգիպտոսի և Սուդանի սուլթան Ֆուադ I-ի (հետագայում թագավոր Ֆուադ I) և նրա կին Նազլի Սաբրիի ավագ դուստրն էր։ Նրա նախապապը եղել է վարչապետ և արտաքին գործերի նախարար գեներալ-մայոր Մուհամմադ Շարիֆ-փաշան, որն ուներ թուրքական ծագում[4]։ Նրա նախապապերից մեկը ֆրանսիացի սպա Սուլեյման փաշան էր, որն սկզբում ծառայել է Նապոլեոնի մոտ, իսլամ ընդունելուց հետո վերահսկել է եգիպտական բանակի վերակազմավորումը։

Ի լրումն երեք քույրերի՝ Ֆայզայի, Ֆաիկայի ու Ֆաթխայի և եղբոր՝ Ֆարուկի[5]՝ Ֆավզիան ուներ նաև երկու խորթ ազգական, որոնք ծնվել էին իր հոր և արքայադուստր Շվիկար Խանում Էֆֆենդիի ամուսնությունից։ Ֆավզիա արքայադուստրը կրթություն է ստացել Շվեյցարիայում[6] և մայրենի արաբերենի հետ միաժամանակ սահուն խոսում էր անգլերենով ու ֆրանսերենով[7]։

Նրա հայացքը հաճախ համեմատվում է կինոաստղեր Հեյդի Լամարի և Վիվիեն Լիի հետ[8]։

Remove ads

Ամուսնություններ և երեխաներ

Առաջին ամուսնություն

Thumb
Արքայադուստր Ֆավզիան և Մոհամմադ Ռեզա Փահլավին հարսանեկան արարողության ժամանակ

Արքայադուստր Ֆավզիայի ամուսնությունն Իրանի գահաժառանգ արքայազն Մոհամմադ Ռեզա Փահլավիի հետ պլանավորված էր վերջինիս հոր՝ Ռեզա շահի կողմից[9][10]։ 1972 թվականի նայիսին գաղտնազերծված ԿՀՎ փաստաթղթում այդ միությունը ներկայացված է որպես քաղաքական քայլ[11]։ Մյուս կողմից ամուսնությունը նշանակալից էր նրանով, որ ամուսնական կապով իրար էր կապում սուննի արքայադստերը և շիա թագաժառանգ արքայազնին[12]։

Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիայի և Մոհամմադ Ռեզա Փահլավիի նշանադրությունը տեղի է ունեցել 1938 թվականի մայիսին[13][14]։ Մինչև հարսանիքը նրանք միմյանց տեսել էին միայն մեկ անգամ[15]։ Նրանք ամուսնացան 1939 թվականի մարտի 15-ին Կահիրեի Աբդին պալատում[12][16]։ Երբ վերադարձան Իրան, հարսանեկան արարողությունը կրկնվեց Թեհրանի Մարմարյա պալատում, որն էլ հետագայում դարձավ նրանց բնակության վայրը[7][15]։

Ամուսնությունից հետո արքայադուստրն ստացավ Իրանի քաղաքացիություն[17]։ Երկու տարի անց թագաժառանգը փոխարինեց իր աքսորյալ հորը (խորհրդային և բրիտանական զորքերի կողմից Իրանն օկուպացնելուց հետո) և պետք է դառնար Իրանի շահը։ Ամուսնու գահ բարձրանալուց քիչ հետո Ֆավզիա թագուհին հայտնվեց Life ամսագրի 1942 թվականի սեպտեմբերի 21-ի համարի շապիկին, լուսանկարում Սեսիլ Բիտոնի հետ էր, որը Ֆավզիային նկարագրում էր որպես «ասիական Վեներա» «կատարյալ, սրտաձև դեմքով և տարօրինակ գունատ, բայց թափանցող կապույտ աչքերով»[16]։ Ֆավզիան գլխավորում էր Հղի կանանց և երեխաների պաշտպանության ասոցիացիան (APPWC), որն Իրանում ստեղծվել էր ոչ շուտ (այդ ժամանակից)[18]։

Մոհամմադ Ռեզա Փահլավիի հետ ամուսնությունից Ֆավզիան ունեցավ մեկ աղջիկ[19].

  • Արքայադուստր Շահնազ Փահլավի (ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 27-ին)[20]։

Փահլավիի հետ ամուսնությունը Ֆավզիայի համար հաջող չեղավ։ Ֆավզիա թագուհին («կայսրուհի» տիտղոսն այդ ժամանակ Իրանում չէր գործածվում) 1945 թվականի մայիսին մեկնեց Կահիրե[21] և եգիպտական դատարանի կողմից ստացավ ամուսնալուծության վավերացումը։ Նրա վերադարձի պատճառն այն էր, որ, ի տարբերություն ժամանակակից, կոսմոպոլիտական Կահիրեի, Թեհրանը համարում էր հետամնաց քաղաք[22][23]։ Բացի այդ, նա շահի դավաճանության պատճառով դժվարին ժամանականեր էր ապրում և տառապում էր մալարիայով և դեպրեսիայով[24]։ Հայտնի է, որ նա Թեհրանից մեկնելուց հետո իր խնդիրների շուրջ Բաղդադում խորհրդակցում էր ամերիկացի հոգեբույժի հետ[21]։ Մյուս կողմից ԿՀՎ զեկույցը պնդում է, որ արքայադուստր Ֆավզիան շահին ծաղրում և նվաստացնում էր նրա իմպոտենցիայի համար, ինչն էլ հանգեցրեց նրանց ամուսնալուծությանը[23]։ Շահի երկվորյակ քույրը՝ Աշրաֆ Փահլավին, իր գրքում գրում է, որ ամուսնալուծությունը պահանջել է թագուհին և ոչ թե շահը[15]։

Thumb
Ֆավզիա թագուհին Մոհամմադ Ռեզա Փահլավիի և արքայադուստր Շահնազի հետ Թեհրանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Սկզբում այդ ամուսնալուծությունն Իրանում մի քանի տարի չճանաչվեց, բայց ի վերջո այդ երկրում պաշտոնապես ստացվեց 1948 թվականի նոյեմբերի 17-ին, որի արդյունքում նախկին թագուհին նորից ստացավ իր հին՝ Եգիպտոսի արքայադստեր տիտղոսը։ Ամուսնալուծության ամենակարևոր պայմանն այն էր, որ նրա դուստրը մնար Իրանում, որտեղ էլ պետք է դաստիարակություն ստանար[25]։ 1948 թվականի նոյեմբերին Ֆավզիա թագուհու եղբայրը՝ Ֆարուկ թագավորը, նույնպես բաժանվեց իր առաջին կնոջից՝ Ֆարիդա թագուհուց[25][26]։

Ամուսնալուծության մասին պաշտոնապես հայտարարվեց, որ «պարսկական կլիման վտանգում է Ֆավզիա թագուհու առողջությունը, այդ պատճառով էլ որոշվեց, որ Եգիպտոսի թագավորի քույրն ամուսնալուծվի»։ Պաշտոնական մեկ այլ հայտարարության մեջ շահն ասում էր, որ ամուսնալուծությունը «չի կարող ինչ-որ կերպ ազդել Եգիպտոսի և Իրանի միջև առկա բարեկամական հարաբերությունների վրա»[27]։ Ամուսնալուծությունից հետո արքայադուստր Ֆավզիան դարձավ Եգիպտոսի գահի ժառանգորդը[22]։

Երկրորդ ամուսնություն

Thumb
Ֆավզիան իր երկրորդ ամուսնու՝ Իսմայիլ Շիրինի հետ

1949 թվականի մարտի 28-ին Կահիրեի Կոուբա պալատում արքայադուստր Ֆավզիան ամուսնացավ գնդապետ Իսմայիլ Շիրինի (1919-1994) հետ, վերջինս Հուսեյն Շիրին Բեյի և արքայադուստր Ամինա Բիհրուզ Խանում Էֆենդիի ավագ որդին էր[28][29]։ Իսմայիլ Շիրինն ավարտել էր Քեմբրիջի Տրինիտի քոլեջը և միևնույն ժամանակ Եգիպտոսի ռազմական և ռազմա-ծովային նախարարն էր։ Հարսանիքից հետո նրանք ապրում էին արքայադստերը պատկանող Մաադի կալվածքում (Կահիրե)[29][30]։ Նրանք նաև ապրել են Սեմուհայի վիլլայում (Ալեքսանդրիա)[31]։

Նրանք ունեին երկու երեխա՝ մեկ աղջիկ և մեկ տղա[32].

  • Նադյա Խանում (դեկտեմբերի 19, 1950, Կահիրե[33] − հոկտեմբեր, 2009)։ Սկզբում ամուսնացել է եգիպտացի դերասան Յուսուֆ Շաբաանի հետ[31], այնուհետև նրանից բաժանվել և ամուսնացել է Մուստաֆա Ռաշիդի հետ։ Ուներ 2 աղջիկ՝ մեկն առաջին ամուսնությունից, մյուսը՝ երկրորդ.
    • Սինայ Շաբաան (ծնվել է 1973 թվականի հոկտեմբերին)[31],
    • Ֆավզիա Ռաշիդ։
  • Հուսեյն Շիրին Էֆենդի (ծնվել է 1955 թվականին Գիզայում
Remove ads

Հետագա կյանք

1952 թվականի հեղափոխությունից հետո, որի արդյունքում տապալվեց Ֆարուկ թագավորը, Ֆավզիան ապրել է Եգիպտոսում[34]։ Արքայադուստր Ֆավզիայի մահվան մասին սխալմամբ հաղորդվել է 2005 թվականի հունվարին. լրագրողները նրան շփոթել էին զարմուհու՝ արքայադուստր Ֆավզիա Ֆարուկի (1940-2005)՝ Ֆարուկ թագավորի 3 դուստրերից մեկի հետ։ Արքայադուստր Ֆավզիայի կյանքի վերջին տարիներն անցել են Ալեքսանդրիայում, որտեղ էլ 2013 թվականի հուլիսի 2-ին մահացել է (91 տարեկան հասակում)[6][35]։ Հուղարկավորության արարողությունը կատարվել է հուլիսի 3-ին Կահիրեում՝ Սայեդ Նաֆիսի մզկիթում կեսօրի աղոթքից հետո[36]։ Թաղված է Կահիրեում՝ իր երկրորդ ամուսնու կողքին[16]։

Տիտղոսներ և պարգևներ

Տիտղոսներ

  • Նորին սուլթանական մեծություն Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիա (1921-1922),
  • Նորին թագավորական մեծություն Եգիպտոսի արքայադուստր Ֆավզիա (1922-1939, 1949-1952),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Եգիպտոսի և Իրանի արքայադուստր Ֆավզիա (մարտի 15-16, 1939) (իր առաջին ամուսնությունից մեկ օր առաջ Ֆավզիան ստացավ շախդոկխտի (արքայադուստր) և «կայսերական մեծություն» կոչում),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Իրանի թագաժառանգ, Եգիպտոսի արքայադուստր (1939-1941),
  • Նորին կայսերական մեծություն Իրանի թագուհի (1941-1948),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Եգիպտոսի և Իրանի արքայադուստր Ֆավզիա (1948-1949),
  • Նորին կայսերական և թագավորական մեծություն Եգիպտոսի և Իրանի արքայադուստր Ֆավզիա, տիկին Շիրին (1952-2013)։

Պարգևներ

  • Ալ-Քեմալի ադամանդներով զարդ (Եգիպտոս, մայիսի 16, 1939),
  • Խորշիդի (Արևի) շքանշանի մեծ ժապավեն (Իրան, հոկտեմբերի 27, 1940)։
Remove ads

Հիշատակ

Եգիպտական Ֆավզիաբադ քաղաքը 1939 թվականին անվանվել է ի պատիվ արքայադուստր Ֆավզիայի[7]։ Մաադիի (Կահիրե) փողոցներից մեկը 1950 թվականին անվանվել է նրա անունով՝ Ամիրա Ֆավզիայի փողոց, բայց 1956 թվականին փողոցը վերանվանվել է Մուստաֆա Քյամիլի փողոց[37]։

Ծագում

Արքայադուստր Ֆավզիան ուներ ալբանական, չերքեզական և ֆրանսիական արմատներ. Եգիպտոսի արքայական ընտանիքի անդամները էթնիկապես եգիպտացիներ չէին։ Արքայադուստր Ֆավզիան սերում է ալբանական ծագմամբ Մուհամմադ Ալիի դինաստիայից[38][39]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads