Վիտամին B9
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆոլատ, այլ կերպ ֆոլաթթու, ֆոլացին, վիտամին B9[3], B խմբի վիտամիններից[4]։ Կարելի է օգտագործել ներարկումների և ներքին ընդունման միջոցով[4]։ ԱՄՆ-ում չափահաս մարդու ֆոլատի օրական պահանջը 400 միկրոգրամ է։ Ֆոլատն օգտագործվում է դրա անբավարարության պատճառով առաջացած սակավարյունության բուժման[4], ինչպես նաև հղիության ժամանակ որպես հավելում պտղի նյարդային խողովակի արատների ռիսկը նվազեցնելու նպատակով[4][5]։ Ավելի քան 80 երկիր օգտագործում է սննդի՝ ֆոլաթթվով հարստացման մեթոդը նյարդային խողովակի արատների ցուցանիշները նվազեցնելու համար։
Կողմնակի ազդեցություններ հայտնի չեն[4]։ Կարծիքներ կան, որ ֆոլաթթվի մեծ քանակությունները կարող են լրացնել վիտամին B12-ի անբավարարությունը։ Ֆոլատն անհրաժեշտ է ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի սինթեզի, ամինաթթուների նյութափոխանակության համար, որոնք պարտադիր են բջջի կիսման համար։ Ֆոլաթթուն անփոխարինելի է և չի սինթեզվում օրգանիզմում, այդ իսկ պատճառով էլ այն պետք է ստանալ սննդի միջոցով[6]։
Բավարար քանակով ֆոլատ չընդունելը կարող է հանգեցնել դրա անբավարարությանը, հատկապես երեխաների մոտ դա կարող է զարգանալ մեկ ամսվա ընթացքում աղքատ սննդակարգի պատճառով։ Ախտանշաններն են հոգնածության զգացումը, սրտի պալպիտացիան (սրտամկանի կծկման խանգարում), շնչառության խանգարումները, մաշկի, մազերի գույնի փոփոխությունները և լեզվի բաց վերքերը։
Ֆոլաթթուն հայտնաբերվել է 1931-1943թթ-ներին[7]։ Այն ընդգրկվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության հիմնական դեղամիջոցների ցանկում (առողջապահության համակարգում ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցները)[8]։ 2014թ-ի տվյալներով հավելումների 1 չափաբաժնի արժեքը 0.001-0.005 ԱՄՆ դոլար է[9]։ «Ֆոլատ» բառն առաջացել է լատիներեն «ֆոլիում» (տերև) բառից, քանի որ այն հայտնաբերվել է տերևների մուգ կանաչ գունավորում ունեցող բանջարեղենի մեջ[10]։ 2016թ-ին ԱՄՆ-ում այն 96-րդ ամենանշանակված դեղամիջոցն էր՝ ավելի քան 8մլն նշանակմամբ[11]։
Remove ads
Նկարագրություն
«Ֆոլատ» եզրույթն օգտագործվում է վիտամինի տարբեր ձևերն անվանելու համար՝ տետրահիդրոֆոլաթթու (վիտամինի ակտիվ ձևը), մեթիլտետրահիդրոֆոլատ (շիճուկում հայտնաբերված նախնական ձևը), մեթենիլտետրահիդրոֆոլատ, ֆոլինաթթու և ֆոլացին[12][13][14]։ Այլ անուններն են վիտամին B9, վիտամին Bc[15], վիտամին M[16] և պտերոիլ-Լ-գլուտամատ։
Առողջարար ազդեցություններ
Ֆոլատն անհրաժեշտ է նոր բջիջների առաջացման, մեթիլացման միջոցով ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի սինթեզի, ինչպես նաև ԴՆԹ-ում փոփոխությունների կանխման համար[17]։ Այն հատկապես կարևոր է այնպիսի գործընթացներում, երբ անհրաժեշտ է բջիջների հաճախակի կիսում և աճ (հղիություն, վաղ մանկություն)։ Ֆոլատի անբավարարությունը սահմանափակում է ԴՆԹ-ի սինթեզն ու բջիջների բաժանումը, ախտահարելով արյունաստեղծ հյուսվածքները, քանի որ դրանց բջիջներն ամենահաճախն են կիսվում։ ՌՆԹ-ի տրանսկրիպցիան համեմատաբար քիչ է տուժում, քանի որ ինֆորմացիոն ՌՆԹ-ն կարող է վերականգնվել և նորից օգտագործվել։
Ֆոլատի անբավարարությունը ճնշում է էրիթրոպոեզը, առաջացնում մեգալոբլաստիկ սակավարյունություն, որին բնորոշ են մեծ և անհաս էրիթրոցիտները։ Այս հիվանդության հետևանքով խախտվում են ԴՆԹ–ի ռեպլիկացիան և ռեպարացիան, բջիջների բաժանումը, և առաջանում են ոչ նորմալ, մեծ էրիթրոցիտներ՝ մեգալոբլաստներ (և հիպերսեգմենտավորված նեյտրոֆիլներ), որոնք թեև ունակ են ՌՆԹ–ի և սպիտակուցների սինթեզի, բայց ունեն ֆրագմենտավորված կորիզային քրոմատին։ Այս բջիջներից որոշները՝ անհաս ռետիկուլոցիտներն սակավարյունությունը չեզոքացնելու համար ոսկրածուծից ավելի վաղ են դուրս գալիս և անցնում արյան հուն[18]։ Ե՛վ չափահաս մարդկանց, և՛ երեխաներին ֆոլատն անհրաժեշտ է էրիթրոցիտների և լեյկոցիտների նորմալ առաջացման, ինչպես նաև սակավարյունության զարգացումը կանխելու համար[19]։ Հղիների մոտ ֆոլատի անբավարարությունը դառնում է նյարդային խողովակի արատի պատճառ, և ներկայումս որոշ զարգացած երկրներ հարստացնում են հացահատիկը ֆոլաթթվով։ Քանի որ նյարդային խողովակի արատն ի հայտ է գալիս հղիության վաղ շրջաններում (առաջին ամսում), հղիները պետք է ունենան ֆոլաթթվի մեծ պաշար։
Հղիություն
Ֆոլատի ընդունումը հղիության ընթացքում նվազեցնում է նյարդային խողովակի արատների ռիսկը, այդ իսկ պատճառով հղիանալ պատրաստվող կանանց խորհուրդ է տրվում պահել ֆոլաթթվային դիետա հղիությունից առաջ և դրա ընթացքում[20]։ Չնայած սրան՝ շատ կանայք հղիանում են առանց պլանավորելու կամ չեն գիտակցում, որ հղի են մինչև առաջին եռամսյակը, ինչն էլ կրիտիկական ժամանակահատված է նյարդային խողովակի արատների ռիսկը նվազեցնելու համար։ Կան երկրներ, որոնք հացահատիկի մեջ օգտագործում են ֆոլաթթվային հավելումներ։ Համաշխարհային ծնունդների մետաանալիզը ցույց է տալիս, որ ֆոլաթթվային հավելումներ օգտագործող երկրներում սպինա բիֆիդայի առաջացումը 30 տոկոսով ավելի քիչ է, քան այնտեղ, որտեղ հավելումներ չեն օգտագործում[21]։
Բեղմնավորում
Ֆոլատն անհրաժեշտ է կանանց և տղամարդկանց բեղմնավորման համար։ Խթանում է սպերմատոգենեզը։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է ստանալ ֆոլատի բավարար քանակություն ցածր բեղունությունը կանխելու համար[22]։ Ֆոլատի նյութափոխանակության մեջ օգտագործվող ֆերմենտների գեների պոլիմորֆիզմը նույնպես կարող է լինել որոշ կանանց անբացատրելի անպտղության պատճառներից[23]։
Սրտային հիվանդություններ
Տարիների ընթացքում ֆոլաթթվի ընդունումը նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդությունները 4 տոկոսով, մինչդեռ մեկ այլ հետազոտության տվյալներով այն չի ազդում սիրտանոթային համակարգի վրա՝ նույնիսկ հոմոցիստեինի քանակը նվազեցնելով[24]։ Որոշ հետազոտությունների նախնական տվյալներով ֆոլատով հարուստ դիետաները նվազեցնում են սիրտանոթային հիվանդությունների ռիսկը, քանի որ իջեցնում են հոմոցիստեինի քանակն արյան մեջ։
Կաթված
Ֆոլաթթվի երկար օգտագործումը նվազեցրել է կաթվածի ռիսկը 10 տոկոսով, որի պատճառը, հավանաբար, ֆոլատի մասնակցությունն է հոմոցիստեինի կոնցենտրացիայի կարգավորմանը։ Մետաանալիզը ցույց է տալիս, որ կաթվածի հավանականությունը նվազել է միայն որոշ անհատների մոտ, հետևաբար հավելումների օգտագործման վերաբերյալ հստակ առաջարկներ չկան[25]։ Ասիայի բնակչությունն ավելի «պաշտպանված է» կաթվածից, քան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ժողովուրդը։
Կաթվածի կանխումը փոխկապված է արյան ճնշման՝ օրական 5մգ ֆոլատային հավելումների միջոցով նվազեցման հետ, քանի որ հիպերտենզիան կաթվածի գլխավոր պատճառներից է։ Ֆոլատային հավելումները էժան և անվտանգ են, և կաթված տարած կամ հիպերհոմոցիստեինեմիայով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել B խմբի վիտամիններ[26]։
Քաղցկեղ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ սննդի և հավելումների միջոցով ֆոլաթթվի միայն շարունակական օգտագործումը կարող է նվազեցնել քացկեղի ռիսկը։ Ֆոլատի քիչ քանակության շարունակական օգտագործումը կարող է բարձրացնել կոլոռեկտալ (խթաղիքուղիղաղիքային), կրծքագեղձի, ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, ուղեղի, թոքերի, արգանդի վզիկի և շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը[27][28]։ Այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆոլաթթվի չափազանց մեծ քանակության օգտագործումն է հանգեցնում տարբեր քաղցկեղների, որոնցից նշանակալի է շագանակագեղձի քաղցկեղը[29][30]։ Որոշ մետաանալիզներ ոչ մի կապ չեն գտնում ֆոլաթթվի ընդունման քանակության և տարբեր տեսակի քաղցկեղների առաջացման մեջ[31]։
Հակաֆոլատային քիմիոթերապիա
Ֆոլատն անհրաժեշտ է արագ և հաճախ կիսվող բջիջներին։ Քաղցկեղային բջիջներն արագ են բաժանվում, և ֆոլատի մետաբոլիզմն ընկճող դեղանյութերն օգտագործվում են քաղցկեղի բուժման նպատակով։ Հակաֆոլատային դեղամիջոցներից մետոտրեքսատը (methotrexate) հաճախ կիրառվում է քաղցկեղի բուժման համար, քանի որ այն խոչընդոտում է ինակտիվ դիհիդրոֆոլատից (dihydrofolate, DHF) ակտիվ տետրահիդրոֆոլատի (tetrahydrofolate, THF) առաջացումը։ Սակայն մետոտրեքսատը կարող է լինել թունավոր[32][33][34] և առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են ստամոքսաղիքային ուղու բորբոքումները, որոնք էլ առաջացնում են սնվելու խնդիրներ։ Հայտնի են նաև ոսկրածուծի գործառույթի ընկճումը (լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա), երիկամային և լյարդային սուր անբավարարությունները։
Ֆոլինաթթուն, որը որպես դեղամիջոց հայտնի է լեյկովորին (leucovorin) անունով, ֆոլատի տեսակներից մեկն է՝ ֆորմիլ-տետրահիդրոֆոլատը, օգտագործվում է մետոտրեքսանի թունավոր ազդեցությունները վերացնելու համար[35]։ Ֆոլինաթթուն և ֆոլաթթուն նույնը չեն։ Ֆոլաթթվային հավելումներն իրենց ուրույն տեղն ունեն քիմիոթերապիայի մեջ[36][37]։ Որոշ դեպքեր են նկարագրվել, երբ ֆոլաթթուն սխալմամբ օգտագործվել է ֆոլինաթթվի փոխարեն քաղցկեղով հիվանդ այն մարդկանց մոտ, որոնք ստանում էին մետոտրեքսատ։ Մետոտրեքսատ օգտագործող մարդիկ պետք է հետևեն բժշկի ցուցումներին ֆոլաթթվի կամ ֆոլինաթթվի օգտագործման համար։ Մետոտրեքսատային բուժում ստացող հիվանդներին նշանակում են ֆոլինաթթու՝ բջիջների նորմալ կիսումն ապահովելու համար։
Նյարդային ազդեցություն
Որոշ վկայություններ ֆոլատի անբավարարությունը կապում են կլինիկական դեպրեսիայի հետ[38]։ Քիչ քանակությամբ հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆոլաթթվի օգտագործումը սերոտոնինի ընտրողական հետզավթման ինհիբիտորների հետ կարող է ունենալ առավելություններ[39]։ Հետազոտությունները կապում են ընկճախտը և ֆոլատի քիչ քանակությունը[40][41]։ Ֆոլատը կարող է նվազեցնել հոմոցիստեինի քանակը, ինչն էլ կապված է ճանաչողական գործընթացների հետ։
Ընկճախտի և շիզոֆրենիայի առաջացման մեխանիզմները դեռ ամբողջովին բացահայտված չեն, բայց կենսաբանորեն ակտիվ ֆոլատը՝ մեթիլտետրահիդրոֆոլատ (5-MTHF), որը համարվում է մեթիլ դոնորների, օրինակ S-ադենոզիլմեթիոնինի (SAM) հիմնական թիրախը, վերափոխում է ինակտիվ դիհիդրոբիոպտերինը (BH2) տետրահիդրաբիոպտերինի (BH4), որն էլ շատ կարևոր է մոնոամինների՝ հատկապես դոֆամինի սինթեզում։ BH4-ը կարգավորիչ նշանակություն ունի մոնոամինների նեյրոտրանսմիսիայում և պարտադիր է շատ հակադեպրեսանտների գործառույթների իրականացման համար։ 5-MTHF-ը ուղղակի և անուղղակի կերպով ազդում է ԴՆԹ-ի մեթիլացման, NO2-ի սինթեզի գործընթացներում[42]։
Տարիքային մակուլոդեգեներացիա
2009թ–ին տպագրված Կանանց հակաօքսիդանտային և ֆոլաթթվային սիրտանոթային հետազոտության ենթահոդվածում նշվում էր, որ սննդային հավելումների օգտագործումը, որոնք պարունակում են ֆոլաթթու 2,500 մգ/օր, պիրիդօքսին 50 մգ/օր և վիտամին B12 1,000 մգ/օր, նվազեցնում է տարիքային մակուլոդեգեներացիայի առաջացումը 34.7 տոկոսով։ Այս փորձում օգտագործված ֆոլատի քանակը՝ 2,500 մգ/օր, ավելի շատ էր, քան նորմայում օգտագործվող 1,000 մգ–ն[43]։
Ֆոլաթթու, B12 և երկաթ
Վիտամին B12-ը, երկաթը և ֆոլաթթուն խիստ փոխկապակցված են։ Մեկի անբավարարությունը կարող է քողարկվել մյուսի շատ քանակով, հետևաբար երեքն էլ միշտ պետք է պահվեն հավասարակշռության մեջ[44][45][46]։
Ֆոլատի անբավարարություն
Ֆոլատի անբավարարության պատճառներից են անառողջ սնունդը, որը չի պարունակում բավարար քանակով բանջարեղեն և ֆոլատով հարուստ մթերքներ, նաև այնպիսի հիվանդությունններ, որի դեպքում ֆոլատը լավ չի ներծծվում ստամոքսաղիքային ուղում (Կրոնի և ընդերային հիվանդություններ), ժառանգական որոշ խանգարումներ, որոնք ազդում են ֆոլատի քանակի վրա, նաև մի շարք դեղանյութեր (ֆենիտոին, սուլֆասալազին, տրիմետոպրիմ-սուլֆամեթօքսազոլ)[47]։ Ֆոլատի անբավարարությանը նպաստում է նաև ալկոհոլը[48]։
Ֆոլատի անբավարարությունը կարող է հանգեցնել գլոսսիտի, փորլուծության, ընկճախտի, սակավարյունության, սաղմի նյարդային խողովակի և ուղեղի խանգարումների։
Այլ ախտանշաններից են հյուծվածությունը, մոխրագույն մազերը, բերանի վերքերը, այտուցված լեզուն[47]։ Ֆոլատի անբավարարությունն ախտորոշվում է արյան ընդհանուր, պլազմայի B12 վիտամինի և ֆոլատի հետազոտություններով։ Շիճուկի ֆոլատի 3մգ/լ կամ ավելի քիչ քանակը համարվում է անբավարարություն։ Շճային ֆոլատի մակարդակը ցույց է տալիս ֆոլատի, իսկ էրիթրոցիտային ֆոլատի մակարդակը՝ հյուսվածքային ֆոլատի քանակը հետզավթումից հետո։ Էրիթրոցիտային ֆոլատի մակարդակի 140 մգ/լ և քիչ քանակությունը հուշում է ֆոլատի ոչ նորմալ քանակի մասին։ Շճային ֆոլատն ավելի արագ է արձագանքում ֆոլատի հետզավթմանը, քան էրիթրոցիտայինը[49]։
Հոմոցիստեինի բարձր քանակները ենթադրում են հյուսվածքային ֆոլատի անբավարարություն, բայց հոմոցիստեինի վրա ազդում են նաև ժառանգական գործոնները, վիտամիններ B12 և B6–ը, երիկամները։ Ֆոլատի (վիտամին B9) անբավարարությունը վիտամին B12–ի անբավարարությունից տարբերելու համար անհրաժեշտ է ստուգել մեթիլմալոնաթթվի (MMA) քանակը։ MMA–ի նորմալ քանակը ֆոլատի, իսկ բարձրը՝ վիտամին B12–ի անբավարարության նշան է։ Ֆոլատի անբավարարությունը բուժվում է օրական 400–1000գ ներքին ընդունման հավելումներով։ Այս բուժումը հաջող է ընթանում նաև աճող և զարգացող հյուսվածքների դեպքում, նույնիսկ եթե անբավարարության պատճառը մալաբսորբցիան՝ վատ ներծծումն է։ Մեգալոբլաստիկ սակավարյունությամբ տառապողները ֆոլաթթվային բուժումից առաջ պետք է անպայման հետազոտվեն վիտամին B12–ի անբավարարության համար, այլապես ֆոլաթթուն կքողարկի սակավարյունությունն և կվատթարացնի նյարդաբանական խնդիրները։ Կոբալամինի անբավարարությունը կարող է հանգեցնել ֆոլատի անբավարարության, ինչն էլ բարձրացնում է հոմոցիստեինի քանակը և կարող է հանգեցնել սիրտանոթային համակարգի ախտահարումների կամ բնածին արատների[50]։
Մալարիա
Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երկաթ - ֆոլաթթու հավելումը հինգ տարեկանից ցածր երեխաների մոտ կարող է բարձրացնել մալարիայի պատճառով մահացությունների թիվը. սա դրդել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը փոխել երկաթ-ֆոլաթթվային հավելումների քաղաքականությունը մալարիայի հակված երկրներում, օրինակ Հնդկաստանում[51]։
Remove ads
Սննդային առաջարկներ
Սննդային ֆոլատի համարժեքի (dietary folate equivalent, DFE) համակարգում 1մկգ սննդային ֆոլատը հավասար է մեկ DFE–ի։ Մեկ մկգ ֆոլաթթվային հավելումը համարժեք է 1.7 մկգ DFE–ի։
Անվտանգություն
Ֆոլաթթվով թունավորման ռիսկը շատ ցածր է, քանի որ այն ջրալույծ վիտամին է և պարբերաբար դուրս է գալիս օրգանիզմից մեզի միջոցով։ Ֆոլաթթվի բարձր քանակի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ քողարկում է դեֆիցիտային (չարորակ) սակավարյունությունն (վիտամին B12–ի անբավարարություն)։ Այլ խնդիրներից է վիտամին B12–ի անբավարարության և ֆոլաթթվի բարձր քանակի ընդունման զուգակցումը, քանի որ դա թուլացնում է ճանաչողական գործընթացները։
Աղբյուրներ
Ֆոլաթթուն զգալի քանակությամբ պարունակվում է կենդանական ծագում ունեցող մթերքներում՝ լյարդում, երիկամներում, մսում և այլն, բույսերի կանաչ տերևներում, մաղադանոսում, բրոկկոլիում, սպանախում, լոբազգիներում։ Սինթեզվում է աղիքների միկրոֆլորայում։
ԱՄՆ–ի գյուղդեպարտմենտը, Գյուղատնտեսական հետազոտության ծառայությունը կազմել են սննդի բաղադրության տվյալների բազա։ Վերջին կարևոր վերանայումը եղել է 2015թ–ի սեպտեմբերի 28–ին։ Բացի սյունակներում նշված աղբյուրներից[52], Սննդի հարստացման նախաձեռնությունը ցուցակագրում է աշխարհի բոլոր երկրները, որոնք վարում են սննդի հարստացման ծրագրեր[53], այն, թե որ երկրներում ինչ նյութեր են ավելացվել սննդին, ինչպես նաև այդ ծրագրերը լիազորված են, թե կամավոր։ ԱՄՆ–ում սննդի լիազորված հարստացումը սկսվել է 1998թ–ի հունվարից։ Կատարում են 0.4–5.1 մգ/100 գ չափաքանակով ավելացումներ, սակայն հիմնականում ընտրում են ավելի նեղ սահմաններ՝ 1.5–2.5 մգ/100 գ[54]։ Բնական մթերքներում պարունակվող ֆոլատը կարող է ոչնչանալ բարձր ջերմային մշակումից, հատկապես թթվային ուտելիքների առկայությամբ։ Այն ջրում լուծելի է, հետևաբար կարող է քայքայվել եռացնելիս[55]։
Remove ads
Կենսաբանական դեր
Տետրահիդրոֆոլատի (FH4, THF) առաջացումը տեղի է ունենում, երբ ֆոլաթթուն (F) վերականգնվում է մինչև դիհիդրոֆոլատի (DHF, FH2), որն էլ հետագայում վերականգնվում է THF-ի և ռեակցիան կատալիզվում է դիհիդրոֆոլատ ռեդուկտազայով[56]։ Վիտամին B3-ը որպես NADPH համարվում է երկու ռեակցիաների կոֆերմենտ։ Այսպիսով, NADPH-ից ջրածինն անցնում է պտերիդինային օղակի վեցերորդ դիրքի ածխածնին[57]։
Ֆոլատի C1 ածանցյալներ
Ֆոլատը համարվում է C1 խմբերի փոխադրող (մեթիլ, մեթիլեն, ֆորմիլ)։ Մեթիլեն-տետրահիդրոֆոլատը (CH2FH4) ձևավորվում է տետրահիդրոֆոլատից մեթիլենային կամրջակների ավելացմամբ, որոնք գալիս են ածխածնի երեք դոնորներից՝ ֆորմիատ, սերին, գլիցին։ Օրինակ, սերին հիդրօքսիմեթիլտրանսֆերազան կատալիզում է տետրահիդրոֆոլատի փոխակերպումը մեթիլեն-տետրահիդրոֆոլատի՝ L-սերինից անջատելով C1 միավորը և տալով գլիցինին։ Մեթիլ-տետրահիդրոֆոլատը (CH3-THF կամ մեթիլ-THF) առաջանում է NADPH-ով մեթիլեն-տետրահիդրոֆոլատի վերականգնումից։ Հիստիդինը կարող է տալ մեկ ածխածնի ատոմ տետրահիդրոֆոլատին, և կառաջանա մեթենիլ-տետրահիդրոֆոլատ։ 10-ֆորմիլ-THF-ն առաջանում է երկու ճանապարհով․ մեթիլեն-THF-ի օքսիդացումից և ֆորմիատի՝ ֆորմիլ խմբի փոխանցմամբ THF-ին։
ԴՆԹ-ի սինթեզ
Ֆոլատի ածանցյալները մասնակցում են պիրիմիդինների և պուրինների կենսասինթեզին։ Ֆորմիլ ֆոլատն անհրաժեշտ է ինոզին մոնոֆոսֆատի (ԳՄՖ-ի և ԱՄՖ-ի պրեկուրսորը) կենսասինթեզի երկու փուլերում։ Մեթիլենտետրահիդրոֆոլատը տալիս է իր C1 կենտրոնը, որն անհրաժեշտ է dUMP–ից (2′-դեօքսիուրիդին-5′-ֆոսֆատ) dTMP–ի (2′-դեօքսիթիմիդին-5′-ֆոսֆատ) կենսասինթեզի համար։ Փոխարկումը կատալիզվում է թիմիդիլատ սինթազայով։
Ամինաթթուների առաջացում
Մեթիլ–THF–ը վիտամին B12–ը դարձնում է մեթիլ-B12 (մեթիլկոբալամին)։ Մեթիլկոբալամինը հոմոցիստեինը փոխարկում է մեթիոնինի, և ռեակցիայի ֆերմենտն է հոմոցիստեին մեթիլտրանսֆերազան։ Հոմոցիստեին մեթիլտրանսֆերազայի կամ վիտամին B12–ի անբավարարությունն առաջացնում են THF–ի «մեթիլ–ծուղակ», որի դեպքում THF–ը փոխարկվում է մեթիլ–THF–ի՝ առաջացնելով ֆոլատի անբավարարություն։ Այսինքն, B12–ի անբավարարությունը կարող է առաջացնել մեթիլ–THF–ի կուտակում։ Մեթիոնիլ–փՌՆԹ ֆորմիլտրանսֆերազան կատալիզում է Լ–մեթիոնիլ–փՌՆԹ–ի փոխարկումը N–ֆորմիլմեթիոնիլ–փՌՆԹ–ի։
Փոխարկում կենսաբանորեն ակտիվ ածանցյալների
Ֆոլաթթվի կենսաբանական բոլոր ռեակցիաներն իրականացվում են տետրահիդրոֆոլաթթվի և նրա ածանցյալների միջոցով։ Նրանց կենսաբանական հասանելիությունը կախված է լյարդում դիհիդրոֆոլատ ռեդուկտազայի գործողություններից։ Այս գործընթացը մարդկանց մոտ շատ դանդաղ է, կազմում է առնետների մոտ նույն գործընթացի մոտ 2 տոկոսը, ինչն էլ հանգեցնում է նյութափոխանակության մեջ չմտած ֆոլատի կուտակմանը[58]։ Ենթադրվում է, որ նման ցածր ակտիվությունը սահմանափակում է ֆոլաթթվի փոխարկումը կենսաբանորեն ակտիվ ձևերի[58]։
Remove ads
Ֆոլատային ռեակցիաները խոչընդոտող դեղեր
Որոշ դեղանյութեր խոչընդոտում են ֆոլաթթվի և տետրահիդրոֆոլաթթվի կենսասինթեզին։ Դրանց թվին են պատկանում դիհիդրոֆոլատ ռեդուկտազայի արգելակողները (տրիմետրոպրիմ, պիրիմետամին, մետոտրեքսատ), սուլֆոնամիդները (դիհիդրոպտերոատ սինթետազայի ռեակցիաներում 4–ամինաբենզոյաթթվի մրցակցային արգելակողներ)։ Վալպրոյաթթուն, ամենահաճախ նշանակվող հակակոնվուլսանտներից(հակաէպիլեպտիկ մեկը, նույնպես հանդիսանում է ֆոլաթթվի արգելակող և կարող է առաջացնել նյարդային խողովակի խանգարումներ, սպինա բիֆիդա, ճանաչողական բարդություններ նորածնի մոտ։ Հետևաբար այն մայրերը, որոնք իրենց հիվանդությունները կարգավորելու նպատակով օգտագործում են վալպրոյաթթու կամ դրա ածանցյաները հղիության ընթացքում, պետք է բժշկի հսկողությամբ ընդունեն ֆոլաթթվային հավելումներ։
Remove ads
Սննդային հավելումներ
Ֆոլաթթվային հարստացումների ժամանակ ֆոլաթթուն ավելացվում է ալյուրին․ այս գործընթացը միտված է բարձրացնելու արյան ֆոլաթթվի քանակությունը բնակչության շրջանակներում։ Նյարդային խողովակի արատների և ֆոլաթթվի անբավարարության կապը հատնաբերելուց հետո, առողջապահական կազմակերպությունները սկսեցին առաջարկել հղիանալ պատրաստվող կանանց կողմից ֆոլաթթվային հավելումների օգտագործումը։ Քանի որ նյարդային խողովակը փակվում է հղիության առաջին չորս շաբաթների ընթացքում և շատ կանայք չեն գիտակցում իրենց հղի լինելու փաստը, շատ երկրներ ընդունեցին սնունդը ֆոլաթթվով հարստացնելու մասին ծրագիր։ Համաշխարհային ծնունդների սպինա բիֆիդայի գերակշռության մետաանալիզը ցույց է տալիս, որ սպինա բիֆիդայով ծնունդները 30 տոկոսով նվազել են այն երկրներում, որտեղ կիրառվել է ֆոլաթթվային հարստացումների ծրագիրը։ Ավելի քան 80 երկրներում ֆոլաթթուն ավելացվում է հացահատիկին և այդ հարստացված սնունդը բնակչության ֆոլատի ընդունման նշանակալի մասն է կազմում[59]։ Անհատական ազատության, ինչպես նաև առողջական խնդիրների (ներկայացված են Թունավոր ազդեցությունների մեջ) պատճառով հարստացումները վիճելի են։ ԱՄՆ–ում կառավարությունը լիազորում է սննդային հարստացումները, սակայն չի վերահսկում դրանից առաջացած անցանկալի հետևանքները[60]։ Սննդային հարստացումների նախաձեռնությունը ցուցակագրում է այն բոլոր երկրները, որոնք վարում են հարստացումների ծրագրեր, ինչպես նաև այն, թե յուրաքանչյուր երկրում որ նյութերը որ սննդամթերքներին են ավելացվում։ 2018թ–ի դեկտեմբերի 21–ից 81 երկրներ կատարում են մեկ կամ ավելի վիտամիններով սննդային հարստացումներ։ Այդ գործընթացում ամենաշատ օգտագործվող (62 երկրում) վիտամինը ֆոլատն է, իսկ ամենաշատ հարստացվող սննդամթերքը՝ սպիտակ ալյուրը։
Ավստրալիա և Նոր Զելանդիա
Ավստրալիան և Նոր Զելանդիան համաձայնել են սպիտակ ալյուրի հարստացմանը 2007թ–ին։ Չափաբաժինը կազմում էր 135մգ ֆոլատ 100գ հացին։ Ավստրալիան սկսեց ծրագիրը կիրառել 2009թ–ին[61]։ Նոր Զելանդիան նույնպես պատրաստվում էր կիրառել ծրագիրը 2009թ–ին, սակայն որոշեց սպասել նոր հետազոտությունների իրականացմանը։ Հացթուխների ասոցիացիան և Կանաչ կուսակցությունը հակառակվեցին հարստացումների ծրագրին՝ նկարագրելով այն որպես «զանգվածի միջնորդություն»[62][63]։
Կանադա
Կանադական ուսումնասիրությունների համաձայն՝ կանանց 58 տոկոսն ընդունել է ֆոլաթթու պարունակող մուլտիվիտամինային կամ ֆոլաթթվային հավելումներ հղիությունից երեք ամիս առաջ։ 25ից բարձր տարիք և կրթվածության բարձր մակարդակ ունեցող կանայք, ավելի հավանական է, որ օգտագործել են ֆոլաթթվային հավելումներ հղիությունից առաջ, քանի որ դրանք եղել են պլանավորված։ Կանադական հանրային առողջության նախաձեռնությունը ուղղված է կենտրոնացնելու ծննդկանների ուշադրությունը ֆոլաթթվային հավելումների օգտագործման և սոցիո–էկոնոմիկ անհավասարությունների վրա պարբերաբար տալով «ֆոլաթթվային օգնություն» կանանց խոցելի խմբերին[64]։ Ֆոլաթթվային հավելումները լիազորվել են 1998թ–ին՝ 150մգ ֆոլատ 100գ հարստացված ալյուրին և հացահատիկին[65]։ Ֆոլաթթվային հավելումների արդույունքները Կանադայում դրական են՝ նյարդային խողովակի արատի առկայության նվազում 46 տոկոսով[66]։
Միացյալ Թագավորություն
Մինչ Սննդի չափանիշների կազմակերպությունը առաջարկում էր ֆոլաթթվային հարստացումները[67][68][69], և սպիտակ ալյուրը հարստացվում էր երկաթով[70], ֆոլաթթվով սպիտակ ալյուրի հարստացումը դարձավ կամայական, ոչ թե պարտադիր։ 2018թ–ին Միացյալ Թագավորությունում որոշ գիտնականներ առաջարկեցին վերանայել հարստացումների մասին լիազորագիրը, քանի որ սննդային հարստացումներն նպաստում են նյարդային խողովակի արատների քանակի նվազեցմանը[71]։
ԱՄՆ

1996թ–ին ԱՄՆ–ի Սննդի և դեղորայքի ադմինիստրացիան (FDA) հրատարակեց հարստացված հացամթերքին, հացահատկին, ալյուրին, բրնձին, այլ հատիկային մթերքներին ֆոլաթթվի ավելացման կանոնադրություն[72][73]։ Այս օրինագիծը կիրառվեց 1998թ–ի հունվարի 1–ից սկսած և նպատակաուղղված էր նորածինների մոտ նյարդային խողովակի արատի քանակի նվազեցմանը[74]։



Remove ads
Պատմություն
1920–ներին գիտնականները կարծում էին, որ ֆոլատի անբավարարությունն ու սակավարյունությունը նույն հիվանդությունն են[75]։ 1931թ–ին Լյուսի Ուիլլսի կատարած հետազոտությամբ հաստատվեց, որ ֆոլատը հղիության ժամանակ կանխում է սակավարյունությունը։ Ուիլլսը ցույց տվեց, որ սակավարյունությունը կարելի է կարգավորել խմորասնկերով[76]։ 1930–ականներին ֆոլատը ճանաչվեց որպես խմորասնկերում գտնվող կարգավորիչ գործոն։ Այն առաջին անգամ առանձնացվել է սպանախի տերևների հանուկից Միտչելի, Էսմոնդի, Սնելլի և Ուիլիամսի կողմից 1941թ–ին[77]։ Բոբ Սթոքսթեդը առանձնացրել է մաքուր բյուրեղային ձևը 1943թ-ին և կարողացել է որոշել դրա քիմիական կառուցվածքը, երբ աշխատում էր Ամերիկյան Ցիանամիդ ընկերության Լեդերլի լաբորատորիայում[78]։ 1945թ-ին ֆոլաթթվի մաքուր բյուրեղային ձևի ստացումը իրականացվել է «ֆոլաթթվի տղաներ» խմբի կողմից հետազոտության տնօրեն Յելլապրագադա Սուբբարոուի հսկողությամբ և գլխավորությամբ Լեդերլի լաբորատորիայում, Նյու Յորք[79]։
Այս հետազոտությունը հանգեցրեց ամենաառաջին հակաքաղցկեղային դեղանյութի՝ հակաֆոլատային ամինապրոտեինի սինթեզին, որի կլինիկական արդյունավետությունը փորձվել է Սիդնի Ֆարբերի կողմից 1948թ-ին։ 1950-1960թթ-ներին գիտնականները սկսեցին բացահայտել ֆոլատի ազդեցության մեխանիզմը[75]։ 1960թ-ին փորձագետները առաջին անգամ կապեցինսպինա բիֆիդան և ֆոլատի անբավարարությունը[75]։ 1990-ականների վերջերին ԱՄՆ-ի գիտնականները պարզեցին, որ թեև սննդի մեջ պարունակվում է ֆոլատ, այնուամենայնիվ, մարդիկ կարիք ունեն լրացնելու իրենց ամենօրյա չափաբաժինը, և հենց այդ ժամանակ էլ ԱՄՆ-ը ընդունեց ֆոլատային հավելումների ծրագիրը[75]։
Ֆոլաթթուն (վիտամին B9 կամ վիտամին Bc) կազմված է երեք կառուցվածքային միավորներից՝ պտերիդինից (I), պարաամինաբենզոյաթթու (II) և գլուտամինաթթվից (III)։ Ֆոլաթթուն 1941-ին անջատվել է բույսերի կանաչ տերևներից, որտեղից էլ առաջացել է դրա անունը։


Remove ads
Օրվա պահանջ
Ֆոլաթթվի օրվա պահանջը տատանվում է 50մկգ-ից մինչև 200 մկգ, սակայն այս վիտամինը վատ ներծծվելու. պատճառով խորհուրդ է տրվում օրվա չափաբաժինը հասցնել մինչև 400 մկգ։ 10-2 մգ պահեստավորվում է լյարդում և սովորաբար բավարարում է 2-3 ամիս։
Վիտամինի կենսաբանական դեր
Ֆոլաթթուն մասնակցում է տարբեր օքսիդացման աստիճանով մեկածխածնային ռադիկալների փոխադրման ռեակցիաներին (մեթիլ, օքսիմեթիլ, ֆորմիլ և այլն)`
- ամինաթթուների սինթեզին (սերինից գլիցինի առաջացմանը N5, N10-մեթիլեն FH4—ի մասնակցությամμ,)
- խոլինի փոխանակությանը (խոլինից գլիցինի և մեթիոնինի առաջացմանը),
- հոմոցիստեինից մեթիոնինի առաջացմանը տրանսմեթիլացման ռեակցիայով,
- պուրինների սինթեզին (պուրինային օղակի 2-րդ և 8-րդ ածխածինները սինթեզվում են N5, N10-մեթիլեն FH4-ից),
- պիրիմիդինային հիմքի սինթեզին (dUMP-ից dTMP-ի սինթեզին)։
Վիտամինային անբավարարության կլինիկական արտահայտություն
Ֆոլաթթվի անբավարարությունը հանգեցնում է՝
- արյունաստեղծման պրոցեսների խանգարման և դրա հետ կապված` տարբեր սակավարյունության ձևերի առաջացման,
- մակրոցիտար կամ մեգալոբլաստիկ, հիպոքրոմ սակավարյունությունների, լեյկոպենիայի, թրոմբոցիտոպենիայի,
- աճի դանդաղեցման,
- ֆոլաթթվի հիպովիտամինոզի ժամանակ դիտվում է էպիթելի ռեգեներացիայի խանգարում, հատկապես ԱՍՏ-ում (աղեստամոքսային տրակտում), որը պայմանավորված է լորձաթաղանթում ԴՆԹ սինթեզող, մշտապես կիսվող բջիջներում պուրինների և պիրիմիդինների անբավարար քանակով՝
- գաստրիտ (ատրոֆիկ և էրոզիվ)
- էնտերիտ (աքլորհիդրիա, լուծ, ստեատորեա՝ չմարսված ճարպի հեռացում կղանքով),
- խեյլոզ,
- հունտերյան գլոսիտ (լաքապատած լեզու),
- իմունադեֆիցիտ։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads