From Wikipedia, the free encyclopedia
Ագրոնոմիա (հուն․ agros` դաշտ և nomos` օրենք), գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետ օգտագործման, հողերի բերրիության և բերքատվության բարձրացման, բույսերի մշակման մասին գիտությունների համալիր[1]։
Ժամանակակից ագրոնոմիան բաժանվում է մի շարք ինքնուրույն գիտությունների (երկրագործություն, ագրոքիմիա, ագրոֆիզիկա, բուսաբանություն, գյուղատնտեսական, միջատաբանություն, սերմնաընտրում, սերմնաբուծություն, գյուղատնտեսական օդերևութաբանություն և այլն)։ Բուսաբանություն, բույսերի ֆիզիոլոգիա, ծագումնաբանություն, կենսաքիմիա, մանրէաբանություն, հողագիտություն բնական գիտություններն ընկած են ագրոնոմիայի հիմքում[1]։
Ագրոնոմիան սաղմնավորվել է դեռևս հին աշխարհում՝ Հռոմում (Կատոն, Վառոն, Կոլումելա, Պլինիոս Ավագ), Եգիպտոսում, Հունաստանում (Արիստոտել)։ 17-18-րդ դարերում, երբ գյուղատնտեսական մթերքների նկատմամբ առաջացել է մեծ պահանջարկ և զարգացել բնական գիտությունները, ձևավորվել են ագրոնոմիա գիտության հիմունքները։ Ագրոնոմիական միտքը 18-րդ դարի երկրորդ կեսին ուղղորդված էր երկրագործության արտադրողականության բարձրացմանը[1]։
Սկզբում Անգլիայում (Ա․ Յունգ), ապա այլ երկրներում Արևմտյան Եվրոպայում այդ ժամանակ գերիշխող երկրագործության ցելային՝ եռադաշտային, համակարգը փոխարինվել է ինտենսիվ պտղափոխային համակարգով, որի հիմնավորման գործում մեծ ավանդ է ունեցել գերմանացի գիտնական, գյուղատնտես, բույսերի սննդառության հումուսային տեսության հեղինակ Ա․ Թևերը․ նրա աշխատությունները առաջադեմ դեր են կատարել ագրոնոմիայի զարգացման մեջ (նա է ապացուցել հողի բերրիության բարձրացման մեջ օրգանական նյութերի դերակատարության կարևորությունը)։ 17-18-րդ դարերում ռուս գիտնականներ Մ․ Լոմոնոսովը, Ա․ Բոլոտովը, Մ․ Աֆոնինը, Վ․ Լեշինը, Ի․ Կոմովը և 1765 թվականին ստեղծված Անկախ տնտեսական ընկերությունը ագրոնոմիայի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել։ Ագրոնոմիան համալիր գիտություն է դարձել 19-րդ դարի կեսին և նրանից առանձնացել են ագրոքիմիան և գյուղատնտեսական մանրէաբանությունը։ Բույսերի հանքային սննդառության տեսությունը առաջ քաշած գերմանացի քիմիկոս Յու․ Լիբիխնը նպաստել է երկրագործության մեջ պարարտանյութերի լայն կիրառմանը։ Ագրոնոմիայի հետագա զարգացմանըը խթանել են 19-րդ դարում հայտնագործված էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, օրգանական աշխարհի էվոլուցիայի մասին ուսմունքը (Դարվինիզմ) և ժառանգականության տեսության հիմունքների ձևակերպումները[1]։
Հայաստանում ագրոնոմիաի սաղմերը վերաբերում են մարդու՝ դիտողականությամբ ձեռք բերած փորձառությունը բույսերի մշակման և կենդանիների ընտելացման համար օգտագործելու ժամանակներին։ Այդ գիտելիքները, ինչպես նաև բնաշխարհիկ բույսերի և կենդանիների նկարագրությունները, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման մասին տեղեկությունները աստիճանաբար ընդգրկվել են պատմաշխարհագրական ու եկեղեցափիլիսոփայական աշխատություններում (Բարսեղ Կեսարացի, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի, Գրիգոր Մագիստրոս)[1]։
19-րդ դարի երկրորդ կեսից« Բազմավեպ», «Մշակ», «Մուրճ», «Գյուղատնտես» և այլ պարբերականներում լուսաբանվել են երկրագործության, անասնապահության և նրա առանձին ճյուղերի տնտեսավարմանը վերաբերող տարբեր հարցեր։
Հայաստանում ագրոնոմիան նկատելիորեն զարգացել է խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ ստեղծվել են բուհեր և գիտափորձակայաններ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.