Ազատ ծրագրային ապահովում
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ ծրագրակազմը (free software կամ software libre) այն ծրագրակազմն է, որը կարելի է առանց սահմանափակման օգտագործել, հետազոտել ու ձևափոխել, որը կարելի է պատճենել և տարածել ձևափոխված կամ չձևափոխված վիճակում առանց սահմանափակման կամ նվազագույն սահմանափակմամբ, որի միակ նպատակն է նույն հնարավորությունն ապահովել հետագա օգտվողներին և թույլ չտալ սարքակազմ արտադրողներին զրկելու գործածողներին իրենց սարքակազմը ձևափոխության ենթարկելու հնարավորութունից։ Ազատ ծրագրակազմը հիմնականում լինում է անվճար։
Գործնականում՝ ծրագրակազմն ազատ կերպով տարածելու համար օգտվողը պետք է ստանա նաև ծրագրի՝ մարդու համար ընթերցելի տարբերակը (ելակոդը)՝ վերոհիշյալ թույլտվությունը տրամադրող ծանուցման հետ միասին։ Ծանուցումը կարող է ունենալ «ազատ ծրագրակազմի արտոնագիր» տեսքը, կամ էլ այնտեղ նշվի, որ ելակետային կոդը տեղադրված է հանրային տիրույթում (public domain)։
Ազատ ծրագրակազմի շարժումը 1983 թ. նախաձեռնել է Ռիչարդ Սթոլմանը՝ համակարգիչ գործածողների «ծրագրակազմային ազատության» պահանջը բավարարելու և նրանց այդ արտոնությունից օգտվելու հնարավորություն տալու նպատակով[1]։ 1985 թ. հիմնվել է Ազատ ծրագրակազմի հիմնադրամը՝ ապահովելու այն կազմակերպական կառույցը, որը, Սթոլմանի իրականացած կանխատեսմամբ՝ անհրաժեշտ էր լինելու ազատ ծրագրակազմի նրա գաղափարներն առաջ տանելու համար։
1998 թվականից կիրառվում են ազատ ծրագրակազմի այլընտրանքային կանոնները։ Առավել տարածված են «ազատ ծրագրակազմի» ("software libre"), «ազատ և բաց աղբյուրի ծրագրակազմի» ("free and open source software" ("FOSS")) and «ազատ, ձրի և բաց աղբյուրի ծրագրակազմի» ("free, libre and open source software" ("FLOSS")) համակարգերը։ 2005 թ. հիմնվել է Ազատ ծրագրակազմի իրավական կենտրոնը՝ FLOSS-ը պաշտպանելու և առաջ տանելու նպատակով[2]։ Ազատ ծրագրակազմի հականիշը «արտոնագրված ծրագրակազմ» ("proprietary software") կամ «անազատ ծրագրակազմն» է։
Ազատ ծրագրակազմը, որը կարող է տարածվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով, տարբերվում է «ձրի ծրագրակազմից» ("freeware"), որն իր սահմանմամբ օգտագործման համար վճար չի ենթադրում։ Ձրի ծրագրակազմի հեղինակները կամ սեփականատերերը, որպես կանոն, բոլոր այլ իրավունքները վերապահում են ծրագրակազմին։ Ձրի ծրագրակազմ գործածողները, ընդհանուր առմամբ, չեն կարող հետազոտել, ձևափոխել կամ վերաբաշխել այն[3][4]։
Քանի որ ազատ ծրագրակազմը կարելի է ազատորեն վերաբաշխել, այն, ընդհանուր առմամբ, մատչելի է փոքր վճարով կամ անվճար։ Ազատ ծրագրակազմի բիզնես մոդելները հիմնվում են այնպիսի ավելացված արժեքների վրա, ինչպիսին են աշխատածրագրերը (applications), աջակցումը, վերապատրաստումը, ընտրակայումը (customization), ինտեգրումը կամ արտոնագրումը։ Միաժամանակ որոշ բիզնես մոդելներ, որոնք գործ ունեն «արտոնագրված ծրագրակազմի» հետ, անհամատեղելի են ազատ ծրագրակազմի հետ։ Այդպիսին են այն մոդելները, որոնց պարագայում գործածողը պետք է վճարի արտոնագրի համար, որպեսզի կարողանա օրինականորեն օգտվել ծրագրակազմից։