Ակտաու
քաղաք Ղազախստանում / From Wikipedia, the free encyclopedia
Ակտաու (ղազ.՝ Aqtau, Ақтау, ռուս.՝ Актау), նավահանգստային քաղաք Ղազախստանում՝ Կասպից ծովի արևելյան ափին, Մանղշլակ թերակղզում։ Թաղամասերի մեծ մասն ընկած է ծովի մակերևույթից ցած՝ Կասպյան իջվածքում։ Բնակավայրի ներկայիս անվանումը ղազախերենից բառացի թարգմանած՝ նշանակում է «սպիտակ սար». այդ անվան համար հավանաբար հիմք են հանդիսացել քաղաքի մերձակայքում՝ Կասպից ծովի ափին բարձրացող կրաքարե սպիտակ ժայռերը։ 1964-ից 1991 թվականներին քաղաքը ուկրաինացի նշանավոր բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին կոչվել է Շևչենկո՝ նկատի առնելով, որ վերջինս այս վայրերում է անցկացրել իր աքսորի տարիները[2]։ Քաղաքը Ղազախստանի Մանղստաու մարզի վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2016 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 190 հազար[3]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ակտաու | |||||
ղազ.՝ Ақтау | |||||
| |||||
Երկիր | Ղազախստան | ||||
Հիմնադրված է | 1961 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1961 | ||||
Մակերես | 140 000 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | −8 մետր | ||||
Բնակչություն | ▲261 907 մարդ (2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 7292 | ||||
Փոստային դասիչ | 130000 | ||||
Պաշտոնական կայք | aktau.gov.kz | ||||
| |||||
Ակտաուում փողոցները, որպես կանոն, անվանումներ չունեն, հասցեները հիմնականում բաղկացած են երեք թվանշանից, որոնցից առաջինը նշում է թաղամասի կամ միկրոշրջանի համարը, երկրորդը՝ շենքի համարը, երրորդը՝ բնակարանի համարը։ Պատճառն այն է, որ բնակավայրն սկզբնապես պլանավորվել և կազմավորվել է որպես նավթարդյունաբերության աշխատողների ճամբար[4]։