From Wikipedia, the free encyclopedia
Ամենհոտեպ II (անգլ.՝ Amenhotep II, երբեմն անվանվում է Ամենոֆիս II, որը նշանակում է «Ամոնը գոհ է», մ.թ.ա. 15-րդ դար - մ. թ. ա. 1401, Թեբե), եգիպտական տասնութերորդ արքայատոհմի յոթերորդ փարավոն։ Ամենհոտեպն իր հորից՝ Թութմոս III-ից ժառանգել է հսկայական թագավորություն և այն պահել դեպի Սիրիա կատարած մի քանի ռազմական արշավանքների միջոցով։ Այդուհանդերձ նա կռվել է ավելի քիչ, քան իր հայրը, և նրա գահակալության օրոք տեղի է ունեցել Եգիպտոսի և Միտաննիի միջև ռազմական գործողությունների արդյունավետ դադարեցումը․ հիմնական թագավորություններ, որոնք պայքարում էին Սիրիայում իշխանության համար։ Ամենհոտեպ II-ի գահակալությունը սովորաբար թվագրվում է մ․թ․ա 1427-1401 թվականներով։ Նրա կինը Տիաան էր, որին ամուսինը զրկել էր մեծ թագուհու տիտղոսից, սակայն որդու՝ Թութմոս IV-ի գահ բարձրանալուց հետո այն վերադարձվել է նրան։
Ամենհոտեպ II | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 15-րդ դար |
Մահացել է՝ | մ. թ. ա. 1401 |
Վախճանի վայր | Թեբե |
Արքաների հովիտ | |
Երկիր | Հին Եգիպտոս |
Տոհմ | Տասնութերորդ արքայատոհմ |
գերիշխան | |
Հայր | Թութմոս III |
Մայր | Մերիտրա-Հատշեպսուտ |
Երեխաներ | Iaret?, Nefertari?, Թութմոս IV, Ahmose?, Amenemopet?, Amenhotep?, Webensenu? և Nedjem? |
Ամենհոտեպ II-ը Թութմոս III-ի ու թագուհի Մերիտրա-Հատշեպսուտի որդին էր։ Սակայն նա չի եղել փարավոնի ավագ որդին, քանի որ մեծ թագուհի Սաթիայի որդի Ամենեմհատն է համարվել գահի հավանական ժառանգորդը[1]։ Դժբախտաբար Թութմոս III-ի գահակալության 24-րդ և 35-րդ տարիների միջև ինչ որ ժամանակահատվածում և՛ թագուհի Սաթիան, և՛ արքայազն Ամենեմհատը մահացել են, որի պատճառով փարավոնն ստիպված է եղել ամուսնանալ արքայական ծագում չունեցող Մերիտրա-Հատշեպսուտի հետ[2], որը նրա համար մի քանի երեխա է լույս աշխարհ բերել, այդ թվում՝ ապագա փարավոն Ամենհոտեպ II-ին։ Վերջինս ծնվել ու մեծացել է Մեմփիսում, ավանդական մայրաքաղաք Թեբեի փոխարեն[3]։ Ամենհոտեպը մի քանի արձանագրություն է թողել, որոնցում նկարագրված են մինչև իր թագադրումը բանակի առաջնորդ եղած ժամանակ իր մարզական հմտությունները․ նա հորից պակաս մարզիկ չի եղել։ Արձանագրություններում նա պնդել է, որ ի վիճակի է եղել նետ արձակել մեկ ափի հաստությամբ պղնձե թիրախի միջով, և որ կարողացել է իր նավն ավելի արագ և ավելի հեռու թիավարել, քան նավատորմի երկու հարյուր անդամները[3]։ Այս պնդումների ճշմարտացիության վերաբերյալ որոշակի թերահավատություն է արտահայտվել եգիպտագետների շրջանում[3]։
Ամենհոտեպը գահ է բարձրացել Ախեթի չորրորդ ամսվա առաջին օրը, իսկ նրա հայրը մահացել է Փերեթի երրորդ ամսվա երեսուներորդ օրը[4]։ Եթե Եգիպտոսի թագաժառանգը թագավոր էր հռչակվում, բայց գահ չէր բարձրանում հոր մահվան հաջորդ օրը, դա նշանակում էր, որ նա իր հոր օրոք ծառայել է որպես կրտսեր համառեգենտ։ Ենթադրվում է, որ Թութմոս III-ի և Ամենհոտեպ II-ի համառեգենտությունը տևել է երկու տարի և չորս ամիս[5]։
Երբ նա ստանձնել է իշխանությունը, Ամենհոտեպ II-ը 18 տարեկան էր, համաձայն իր մեծ Սֆինքսի ստելայի գրության.
Փարավոն դառնալուց հետո Ամենհոտեպն ամուսնացել է անհասկանալի ծագմամբ Տիաա անունով մի կնոջ հետ[7]։ Ենթադրվում է, որ նա ունեցել է առնվազն տաս որդի և մեկ դուստր։ Ամենհոտեպի ամենակարևոր որդին Թութմոս IV-ն էր, որն էլ հաջորդել է նրան։ Արքայազններ Ամենհոտեպը, Վեբենսենուն, Ամենեմոպետը և Նեդջեմը բոլորն էլ հստակորեն հիմնավորված զավակներն են, իսկ Ամենեմհատը, Խայեմվասեթը և Աախեպերուրեն, ինչպես նաև դուստրը՝ Իարեթը, նույնպես հնարավոր երեխաներ են։
Ամենհոտեպի թագադրումը կարող է թվագրվել առանց մեծ դժվարության, քանի որ նրա հոր՝ Թութմոս III-ի օրոք տեղի են ունեցել մի շարք լուսնային երևույթներ, որոնք սահմանափակում են վերջինիս գահակալությունը մ․թ․ա․ 1504 կամ 1479 թվականներով[8]։ Թութմոսը մահացել է 54 տարի գահակալելուց հետո[9], որի ընթացքում Ամենհոտեպը կարող էր գահ բարձրացած լինել որպես համառեգենտ՝ երկու տարի ու չորս ամիս առաջ[5]։ Ցածր ժամանակագրությամբ դա մ․թ․ա․ 1427 թվականն էր[10], իսկ բարձր ժամանակագրությամբ՝ մ․թ․ա․ 1454 թվականը։ Նրա գահակալության տևողության մասին վկայում է Թեբեում նրա մահվան տաճարում հայտնավերված մի գինու կարաս, որը թվագրված է փարավոնի ամենահայտնի տարով՝ գահակալության 26-րդ տարով[11]։ Մահվան տաճարները, որպես կանոն, չէին կահավորվում մինչև թագավորի մահը կամ մահվան մոտ լինելը. հետևաբար, Ամենհոտեպը չէր կարող ապրել ավելի երկար, քան իր գահակալության 26-րդ տարին[11]։ Կան այլընտրանքային տեսություններ, որոնք փորձում են նրան վերագրել մինչև 35 տարվա թագավորություն, ինչը բացարձակ առավելագույն ժամանակահատվածն է, որը նա կարող էր թագավորել։ Այս ժամանակագրության համաձայն՝ Ամենհոտեպը գահակալել է մ․թ․ա․ 1454 - 1419 թվականներին[5]։ Այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնց ծառացած են այս տեսությունների առջև և որոնք հնարավոր չէ լուծել[12]։ Մասնավորապես, սա կնշանակի, որ Ամենհոտեպը մահացել է 52 տարեկանում, սակայն նրա մումիայի ռենտգենյան ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա մոտ 40 տարեկան էր, երբ մահացել է[13]։ Հետևաբար Ամենհոտեպին վերագրվում է 26 տարի թագավորություն և ասում են, որ նա թագավորել է մ.թ.ա. 1427-ից մինչև 1401 թվականը[10]։
Ամենհոտեպի առաջին արշավանքը տեղի է ունեցել իր գահակալության երրորդ տարում[14]։ Հայտնի է, որ Քաթնայի տերը հարձակվել է փարավոնի վրա Օրոնտես գետն անցնելիս, բայց վերջինիս հաջողվել է հաղթանակած դուրս գալ ու ձեռք բերել հարուստ ավար, որի թվում հիշատակվում է նույնիսկ Միտաննի մարտակառքի մի սարքավորում։ Փարավոնը հայտնի էր իր ֆիզիկական ուժով ու ասում են, որ Կադեշում միայնակ սպանել է 7 ապստամբ արքայազնների, որով հաջողությամբ ավարտել է իր առաջին սիրիական արշավը հաղթական նոտայով[15]։ Արշավից հետո թագավորը հրամայել է յոթ արքայազների մարմինները գլխիվայր կախել իր նավի վրա[15] ու Թեբե հասնելով բացի մեկից բոլորի մարմինները կախել է տվել քաղաքային պարիսպներից[15]։ Յոթերորդ մարմինը տարվել է Նուբիայի հաճախ ապստամբ տարածքը և կախվել Նապատա քաղաքի պարիսպից՝ որպես փարավոնի դեմ ոտքի կանգնելու հետևանքների օրինակ և այնտեղ եգիպտական իշխանության հակառակորդներին բարոյալքելու համար[15]։
Իր գահակալության յոթերորդ տարում Ամենհոտեպը բախվել է Սիրիայում մեծ ապստամբության՝ Նահարինի վասալ պետությունների կողմից ու իր բանակն ուղարկել Լևանտ՝ այն ճնշելու համար։ Այս ապստամբությունը, հավանաբար, հրահրվել է Եգիպտոսի գլխավոր մերձավորարևելյան հակառակորդ Միտաննիի կողմից[16]։ Արշավանքից հետո կանգնեցված հաղթական ստելայում խոշոր ճակատամարտեր չեն արձանագրվել։ Ամենհոտեպի վերջին արշավանքը տեղի է ունեցել իր գահակալության իններորդ տարում, որը սակայն Գալիլեայի ծովից այն կողմ չի տարածվել[17]։ Ըստ այս արշավի կողոպուտի ցուցակի՝ Ամենհոտեպը պնդել է, որ 101,128 ստրուկ է վերցրել[18]։
Ամենհոտեպի գահակալության իններորդ տարվա արշավից հետո Միտաննին ձգտել է հաշտություն հաստատել Եգիպտոսի հետ, և այդ ժամանակվանից ի վեր նրանց բանակները այլևս չեն կռվել։ Ամենհոտեպն արձանագրել է, որ իններորդ տարուց հետո Բաբելոնի թագավորները, խեթերը և Միտաննին եկել են հաշտություն կնքելու իր հետ և իրեն տուրք տալու[20]։ Խեթերի աճող հզորությունը ի վերջո Միտաննիին դրդել է դաշնակից փնտրել ու ամեն անգամ, երբ պաշտոնական խաղաղություն էր հաստատվում, ոչ պաշտոնական խաղաղություն էր պահպանվում Ամենհոտեպի և Միտաննիի թագավորի միջև։ Երկու երկրների միջև խաղաղության նոր կապերը ձեռնտու էին երկու ժողովուրդներին։
Քանի որ Թութմոս III-ն այդքան էներգիա էր նվիրել Կառնակի ընդլայնմանը, Ամենհոտեպի շինարարական ծրագրերը հիմնականում ուղղված էին ավելի փոքր տաճարների ընդլայնմանը ողջ Եգիպտոսում։ Դելտայում, նրա հոր գործերի վերահսկիչ Մինմոզի մասին վկայում է Տուրայի մի արձանագրություն, որից երևում է, որ նա վերահսկում է ավելի շատ տաճարների շինարարությունը[3]։ Վերին Եգիպտոսում փոքր սրբավայրերի կառուցման մասին վկայություններ կան Մեդամուդում, Էլ-Տոդում և Արմանտում։ Կառնակը, թեև հոր չափ ուշադրության չէր արժանանում, ամբողջովին մոռացված չէր[21]։ Նա հանձնարարել է մի սյուն կանգնեցնել բակում չորրորդ և հինգերորդ սյուների միջև՝ ի հիշատակ Միտաննիից հարգանքի տուրք ստանալուն։ Նուբիայում Ամենհոտեպը կառույցներ է կանգնեցրել Քասր Իբրիմում ու Սեմնայում և պատվիրել է զարդարել Կալաբշայի տաճարը[22]։ Այնուամենայնիվ, նուբիական նրա ամենահայտնի տաճարը Ամադայում էր[23]։ Թութմոս III-ը սկսել էր կառուցել տաճար, որը տեխնիկապես նվիրված էր Հորուսին, թեև Ռե-Հարախտիի և Ամուն-Ռեի առկայությունը հեշտությամբ նկատելի է[23]։ Ամենհոտեպն ավարտել է այն և դրել իր 3-րդ տարվա արշավի արձանագրությունը մի ստելայի վրա, որը մինչև 1942 թվականը Ամենհոտեպի պատերազմների մասին ամենաշատ տեղեկատվության աղբյուրն էր[24]։
Թեբեյան նեկրոպոլիսում կառուցել է տվել մահվան տաճար, որը հետագայում ավերվել է։
Այս փարավոնի վերջին տարիների մի ստելա ընդգծում է նրա բացահայտ արհամարհական վերաբերմունքը ոչ եգիպտացիների նկատմամբ։
Ամենհոտեպ II-ը բացահայտորեն չի արձանագրել իր թագուհիների անունները։ Որոշ եգիպտագետներ ենթադրում են, որ նա կարծում էր, որ կանայք չափազանց հզոր են դարձել այնպիսի տիտղոսների ներքո, ինչպիսին է «Ամոն Աստծո կինը»։ Նրանք մատնանշում են այն փաստը, որ Ամենհոտեպը մասնակցել է Հատշեպսուտի անունը վերջինիս հուշարձաններից հեռացնելուն և նրա կերպարի ոչնչացմանը։
Հատշեպսուտի պատկերների ոչնչացումն սկսվել է Ամենհոտեպի համագահակալության ժամանակ, երբ նրա հայրը շատ ծեր էր, բայց դադարել է իր օրոք։ Այնուամենայնիվ, թագավորը, հավանաբար, կիսել է իր հոր մտահոգությունը, թե գահին մեկ այլ կին է բազմելու։ Չնայած նրա ջանքերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Ախենատենի մի կին համառեգենտ իշխած լինի որպես փարավոն 18-րդ արքայատոհմի ավարտից առաջ։
Ամենհոտեպ II-ը եգիպտական պանթեոն է ընդունել մեծ թվով քանանացի աստվածների, այդ թվում՝ Ռեշեֆին, Հաուրոնին, Բաալին, Աստարտեին, Քեթեշին և մի քանի այլոց[25]։
Ամենհոտեպ II-ը հուղարկավորվել է արքաների հովտի KV35 դամբարանում։ Նրա մումիան հայտնաբերվել է այնտեղ իր սկզբնական սարկոֆագի մեջ 1898 թվականի մարտին Վիկտոր Լորեի կողմից։ Դամբարանում հայտնաբերվել է նաև մումիաների գաղտնարան, որտեղ պահպանվում էին նոր թագավորության փարավոնների մի քանի այլ մումիաներ, այդ թվում՝ Թութմոս IV, Սեթի II, Ռամզես III, Ռամզես IV և Ռամզես VI-ը։ Նրանք Ամենհոտեպի դամբարանում վերահուղարկավորվել են 21-րդ արքայատոհմի վեցերորդ փարավոն Սիամոնի օրոք՝ դամբարանագողերից պաշտպանելու նպատակով։
Փարավոնի մումիան առաջին անգամ հետազոտվել, նկարագրվել և լուսանկարվել է 1902 թվականի հունվարին Գաստոն Մասպերոյի կողմից՝ Հովարդ Քարթերի, Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսինգի և Պիեռ Լակոյի ընկերակցությամբ[26]։ 1907 թվականին ավտրալիացի անատոմիստ Գրաֆթոն Էլիոթ Սմիթը հետազոտել է Ամենհոտեպի մումիան։ Այս հետազոտության ընթացքում դեմքին դեռ կպած քաթանները հեռացվել են՝ անխոչընդոտ ուսումնասիրություն ապահովելու համար։ Նա պարզել է, որ փարավոնն ունեցել է 1․67 մ․ հասակ ու դեմքի ուժեղ նմանություն իր որդու՝ Թութմոս IV-ի հետ։ Նրա գլխին առկա ալիքավոր շագանակագույն մազերը «առատորեն խառնված են սպիտակներով»[27]։ Բազուկները կրծքավանդակի վրա ցածր խաչած են, աջ ձեռքը ամուր սեղմված է, իսկ ձախն՝ ավելի քիչ։ Տարօրինակ կերպով, ամբողջ մարմնի մաշկը ծածկված է մանր պալարիկներով, սակայն Սմիթը չի կարող ասել՝ դրանք բալզամացման գործընթացի թե հիվանդության արդյունք են։ Խեժը մարմնի վրա պահպանել է զարդերի հետքերը․ մեջքի վերին մասում առկա էին ուլունքավոր օձիքի մի քանի շարքեր, իսկ կոնքերի հետևի մասում՝ ադամանդաձև երկրաչափական նախշ։ Սմիթը հաշվարկել է, որ նա մահացել է քառասունից հիսուն տարեկանում՝ հիմնվելով նրա մաշված ատամների և սպիտակող մազերի վրա[27]։ Մահվան պատճառն անհայտ է։ Մումիան կրում է CG 61069 գույքագրման համարը[28]։
«Փարավոնների ոսկե շքերթ» միջացառման շրջանակներում 2021 թվականի ապրիլին նրա մումիան Եգիպտոսի հնությունների թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.