![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/International_Date_Line.png/640px-International_Date_Line.png&w=640&q=50)
Ամսաթվի փոփոխման գիծ
From Wikipedia, the free encyclopedia
Ամսաթվի փոփոխման գիծ, բևեռից բևեռ ձգվող պայմանական գիծ Երկրի մակերևույթի վրա, որի տարբեր կողմերում տեղական ժամանակը տարբերվում է մեկ օրով (կամ համարյա մեկ օրով)։ Այսինքն՝ գծի տարբեր կողմերում ժամացույցները ցույց են տալիս օրվա համարյա նույն ժամը (հնարավոր է մեկից երեք ժամ տարբերություն ժամային գոտիների տեղաշարժի հետևանքով), սակայն գծի արևմտյան կողմում ամսաթիվը տեղաշարժված է մեկ օր առաջ՝ արևելյանի համեմատությամբ։ Դա կարելի է բացատրել հետևալ կերպ․ եթե ամսաթվի փոփոխման գծի վրա տվյալ պահին կեսգիշեր է, ապա նրա հակառակ կողմում՝ Գրինվիչի միջօրեականի վրա այդ պահին կեսօր է, դրա հետ մեկտեղ ամսաթվի փոփոխման գծից արևելք օրերը սկսվում են, իսկ նրանից դեպի արևմուտք այդ նույն օրերն արդեն ավարտվում են։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/International_Date_Line.png/640px-International_Date_Line.png)
Ամսաթվի փոփոխման գիծը հիմնականում համընկնում է օվկիանոսով անցնող 180 ° միջօրեականի հետ, բայց որոշ տեղերում նկատելիորեն թեքվում է նրանից։ Չկա որևէ միջազգային համաձայնություն ամսաթվի փոփոխման գծի վերաբերյալ, իրենց տարածքների և կից ջրային տարածքների տեղական ժամանակը որոշվում է պետությունների կողմից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Diomede_Islands_Bering_Sea_Jul_2006.jpg/320px-Diomede_Islands_Bering_Sea_Jul_2006.jpg)
Ամսաթվի փոփոխման գիծը, բացի Անտարկտիդայից, այլ ցամամքային տարածքներով չի անցնում, չնայած կան դեպքեր, երբ այն ընկած է իրար մոտ գտնվող կղզիների միջև, օրինակ՝ Դիոմիդի կղզիների միջև, որոնք իրարից գտնվում են ընդամենը 4 կմ հեռավորության վրա։ Ամսաթվի փոփոխման գծի հյուսիսային մասն սկսվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից, արևելքից շրջանցում է Ռուսասատանի Դաշնության արևելյան տարածքները, Բերինգի նեղուցով մտնում է Խաղաղ օվկիանոս, ավելի հարավ անցնում է 180° միջօրեականի արևմտյան կողմը՝ իրենից արևելք թողնելով Ալեուտյան կղզիները, որից հետո նորից անցնում է 180 ° միջօրեականով։ Այնուհետև գիծն անցնում է Խաղաղ օվկիանոսով մինչև Անտարկտիդա՝ մեկ անգամ ևս մեծ շեղում կատարելով Օվկիանիայում՝ դեպի արևելք (Կիրիբաթի և ուրիշներ)։
Այս տարածքի վերաբերյալ կարելի է նշել, որ Խաղաղ օվկիանոսով նավարկող նավը կարող է անտեսել մոտակա կղզիների տեղական ժամանակը (եթե այն չի մտնում նրանց նավահանգիստ) և ամսաթվի փոփոխություն կատարել 180 ° միջօրեականի վրա։
Ամսաթվի փոփոխման գիծը արևելքից արևմուտք հատելուց հետո պետք է օրացույցի թիվը մեկով ավելավնել, իսկ արևմուտքից արևելք անցնելու դեպքում, ընդհակառակը՝ մեկով պակասեցնել։Ամսաթվի փոփոխությունը պետք է իրականացվի միայն տեղական ժամանակի որևէ ձևի կիրառմամբ։ Այս փաստի չգիտակցումը հանգեցնում է «պարադոքսների»՝ երկիրը բևեռով շրջանցելու և Երկրի ուղեծրով շարժվելու դեպքում։