Անոթային այտուց
From Wikipedia, the free encyclopedia
Անոթային այտուց կամ անգիոէդեմա (Կվինկեի այտուց, անգիոնևրոտիկ այտուց, անոթանյարդային այտուց), մաշկի ստորին շերտի և անմիջապես մաշկի տակ գտնվող հյուսվածքի կամ լորձաթաղանթի այտուց[1][2]։ Կարող է այտուցվել դեմքը, լեզուն, կոկորդը, որովայնը, ձեռքերը կամ ոտքերը[1]։ Հաճախ անոթային այտուցը կապված է եղնջացանի հետ, որը հանդիսանում է մաշկի վերին շերտերի այտուց[1][2]։ Սկիզբը դրսևորվում է մի քանի րոպեից մի քանի ժամում[1]։
Կվինկեի այտուց | |
---|---|
Կվինկեի այտուց։ Երեխան չի կարողանում բացել աչքերը այտուցի պատճառով։ | |
Տեսակ | Հիստամին միջնորդված, բրադիկինին միջնորդված |
Հիվանդության ախտանշաններ | Այտուցվածություն |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
Հոմանիշներ | Կվինկեի այտուց, անոթանյարդային այտուց |
Ռիսկի գործոններ | Ընտանեկան պատմություն |
Ախտորոշում | Հիմնված է ախտանիշների վրա |
Տարբերակիչ ախտորոշում | Անաֆիլաքսիա, թարախակույտ, կոնտակտային դերմատիտ |
Բուժում | Ստացիոնար |
Angioedema Վիքիպահեստում |
Այս ախտաբանական վիճակի զարգացման մեխանիզմի հիմքում ընկած են հիստամինը և բրադիկինինը[1]։ Հիստամինով պայմանավորված տարբերակը տարբեր միջատների խայթոցի, սննդամթերքի և դեղամիջոցների հանդեպ ալերգիկ ռեակցիայի արդյունք է[1]։ Բրադիկինինով պայմանավորված տարբերակը կարող է պայմանավորված լինել ժառանգական խնդրով՝ С1-էսթերազի պաշարիչի անբավարարությամբ, դեղորայքով՝ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներով (ԱՓՖ պաշարիչ), լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումով[1]։
Շնչուղիների անցանելիությունը վերականգնելու համար կատարվում է ինտուբացիա կամ կրիկոթիրոիդոտոմիա (վահանակորճային մկանի հատում)[1]։ Հիստամին ասոցացված անոթային այտուցը կարող է բուժվել հակահիստամինային, կորտիկոստերոիդային դեղամիջոցներով և էպինեֆրինով[1], իսկ բրադիկինին կախյալ անոթային այտուցի դեպքում նշանակվում են C1 էսթերազի պաշարիչներ, էկալանտիդ, իկատիբանտ[1] կամ կարելի է որպես փոխարինիչ օգտագործել թարմ սառեցված պլազմա[1]։ ԱՄՆ-ում տարեկան 100,000 մարդ ունենում է անոթային այտուց[1]։