Բազմաստվածություն
From Wikipedia, the free encyclopedia
Բազմաստվածություն (հուն․՝ πολύς-«բազմաթիվ, շատ»+հուն․՝ θεός-«Աստված, աստվածային»-«բազմաստվածություն»[1]), հեթանոսական կրոնի ձև, որն ընդունում է մեկից ավելի աստվածների գոյությունը։ Առաջացել է տոհմային համայնքի քայքայման և դասակարգային հասարակության ձևավորման շրջանում։ Բազմաստվածությունը հանդիսանում է կրոնական համակարգ և թեիզմի տեսակ, որի շրջանակներում այն հակադրվում է միաստվածությանը (հավատքը, որ գոյություն ունի միայն մեկ Աստված) և աթեիզմին (միակ Աստծու և ընդհանրապես աստվածների գոյության ժխտումը)։ Բազմաստվածությունը մինչև այժմ պահպանվում է Հնդկաստանի (հինդուիզմ), Չինաստանի (դաոսիզմ), Ճապոնիայի (սինտոիզմ) կրոններում։ Քրիստոնեությունն ընդունելուց առաջ հայերն ունեցել են բազմաստվածային դիցարան՝ Արամազդի գլխավորությամբ։ Դիցարանի մեջ են մտել Անահիտը, Աստղիկը, Վահագնը, Տիրը և ուրիշներ։ Պատմական զարգացման ընթացքում բազմաստվածությունը իր տեղը զիջել է միաստվածությանը, որում, սակայն, պահպանվել են նրա առանձին տարրեր։