Բրոնզ
From Wikipedia, the free encyclopedia
Բրոնզ, պղնձի համաձուլվածք է տարբեր քիմիական տարրերի, գլխավորապես մետաղների հետ (անագ, ալյումին, բերիլիում, կապար, կադմիում, քրոմ և այլ)։ Համապատասխանաբար բրոնզն անվանում են անագե, ալյումինե և այլն։ Բացառություն է կազմում ցինկի համաձուլվածքը, որն անվանում են արույր (դասական հայերեն՝ գրաբար՝ «արոյր»[1], լատին․՝ օրիխալկում, la:orichalcum, անգլ.՝ բրաս, en:brass, ռուս.՝ լատուն, ru:латунь), և նիկելինը՝ մելքիոր (պղնձի և նիկելի համաձուլվածք)։
Մեզ հասած հայ գրականության մեջ արույրն առաջին անգամ հիշատակված է հայերեն թարգմանված Աստվածաշնչում[2]։
Պղնձի մեջ տարբեր տարրեր մտցնելուց (լեգիրել, որակավորել), մտցվող նյութի ատոմները մեծացնում են դեֆորմացիան և ատոմների բյուրեղացանցի դեֆեկտների քանակությունը։ Բացի այդ, խառնուրդի ատոմները փոխազդում են տեղաշարժվող մասնիկների հետ և դժվարացնում դրանց շարժողականությունը՝ կարծրացնելով պղինձը։ Այդ պատճառով բրոնզների տեսակարար դիմադրությունն ավելի մեծ է, քան մաքուր պղնձինը։ Մեծ է նաև պայթյունի նկատմամբ պնդության սահմանը և կարծրությունը, փոքր է պայթյունից առաջ հարաբերական երկարացումը։ Բրոնզներն ավելի լավ են ձևափոխվում մետաղահատ հաստոցներով և ունեն ավելի լավ ձուլման հատկություններ, քան պղինձը։
Անագե բրոնզը մարդու պատրաստած հնագույն համաձուլվածքներից է։ Ըստ որոշ կարծիքների՝ բրոնզն առաջինը հայտնաբերել են հին եգիպտացիները, որոնք նաև որոշ ժամանակ անց հայտնաբերել են երկաթը, ոսկին և այլն[3]։