From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Վալենտինի Պլեխանով (ռուս.՝ Гео́ргий Валенти́нович Плеха́нов, կեղծանունները՝ Ն. Բելտով, Ա. Ս. Մաքսիմով-Դրուժբինին և այլն. նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1856[1] կամ նոյեմբերի 29, 1856[2], Գուդալովկա, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1918[3][4][5][…], Զելենոգորսկ, Terijoki, Ֆինլանդիա), ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան ու պրոպագանդիստ, ռուսական ու միջազգային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ[8][9][10]։ Եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ-ի), «Իսկրա» թերթի հիմնադիրներից, Ռուսաստանում առաջին մարքսիստներից[11][12] մեկը։
Գեորգի Պլեխանով ռուս.՝ Гео́ргий Валенти́нович Плеха́нов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1856[1] կամ նոյեմբերի 29, 1856[2] Գուդալովկա, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 30, 1918[3][4][5][…] (61 տարեկան) Զելենոգորսկ, Terijoki, Ֆինլանդիա բնական մահով |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքական գործիչ, լրագրող, գրող, պատմաբան, սոցիոլոգ, տնտեսագետ, արվեստագետ և հեղափոխական |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[6][6] և քաղաքականություն[6][6] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[7][6][6][…] |
Կուսակցություն | Զեմլյա ի վոլյա, Սև վերաբաշխում, Աշխատանքի ազատագրում և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Georgi Plekhanov Վիքիպահեստում |
Հեղինակել է փիլիսոփայության, հասարակագիտության, գեղագիտության, բարոյագիտության հիմնախնդիրների, Ռուսաստանի հասարակական մտքի պատմության վերաբերյալ աշխատություններ։ Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ և ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինը կոչ է արել առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրել հատկապես Պլեխանովի փիլիսոփայական ժառանգությունը, համարելով, որ դա «լավագույնն է մարքսիզմի միջազգային ողջ գրականության մեջ» («ибо это лучшее во всей международной литературе марксизма»)[13]:
Ծնվել է 1856 թվականի նոյեմբերի 29-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 11-ին), ռուսական կայսրության Տամբովի նահանգի Գուդալովկա գյուղում (ներկայումս՝ Լիպեցկի մարզի Գրյազիի շրջանի Պլեխանովկա գյուղ), պահեստազորի շտաբս-կապիտանի ընտանիքում։ Ոսկե մեդալով ավարտել է Վորոնեժի Միխայլովյան զինվորական գիմնազիան, այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգի յունկերական ուսումնարանում։ 1874 թվականին ընդունվել է Պետերբուրգի լեռնահանքային ինստիտուտ, գերազանց ուսման համար արժանացել եկատերինյան կրթաթոշակի, բայց 1876 թվականին հեռացվել է ինստիտուտից «վարձը չմուծելու պատճառով» («за невзнос платы»)[14]:
1876 թվականին ընդունվել է նարոդնիկական «Զեմլյա ի վոլյա» («Земля и воля») կազմակերպության շարքերը, դարձել դրա ղեկավարներից մեկը, տեսական ու հրապարակախոսական հոդվածներ գրել։ Մասնակցել է 1876 թվականի դեկտեմբերի 6-ին Պետերբուրգի Կազանյան տաճարի մոտ կազմակերպված ցույցին, որը բանվորների մասնակցությամբ առաջին խոշոր բողոքի գործողությունն էր Ռուսաստանում։
1879 թվականին՝ «Земля и воля»-ի տրոհումից հետո, կազմակերպել ու ղեկավարել է «Չյոռնի պերեդել» խմբակը։ Խուսափելով ոստիկանական հետապնդումներից՝ 1880 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։
1883 թվականին հիմնել է «Աշխատանքի ազատագրում» («Освобождение труда») խմբակը, որ ռուսական մարքսիստական առաջին խմբակն էր։
1894 թվականի վերջին — 1895 թվականի սկզբներին Պլեխանովի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արտասահմանում ռուս սոցիալ-դեմոկրատների միությունը» («Союз русских социал-демократов за границей»): 1900—1903 թվականներին նա մասնակցել է «Искра» թերթի հիմնադրման ու ղեկավարման աշխատանքներին։ 1901 թվականին դարձել է «Ռուսական սոցիալ-դեմոկրատիայի արտասահմանյան լիգա»-ի կազմակերպիչներից մեկը։ Անմիջական մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ II համագումարի նախապատրաստմանը։
ՌՍԴԲԿ II համագումարից հետո Պլեխանովը մի կարճ ժամանակ ընկերակցել է բոլշևիկներին, այնուհետև հեռացել է Լենինից և դարձել ՌՍԴԲԿ-ի մենշևիկյան խմբակցության առաջնորդներից մեկը։ 1905—1912 թվականներին Ժնևում հրատարակել է «Սոցիալ-դեմոկրատի օրագիրը» («Дневник социал-демократа») պարբերականը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է Գերմանիայի դեմ կռվող դաշնակից երկրներին, կոչ է արել մարտնչելու գերմանական իմպերիալիզմի դեմ[15]։ Եղել է «Միասնություն» («Единство») սոցիալ-դեմոկրատական խմբի հիմնադիրներից ու ղեկավարներից մեկը[16]։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Պլեխանովին հնարավորություն է ընձեռել 37 տարի տևած վտարանդությունից հետո վերջապես վերադառնալու հայրենի Ռուսաստան։ Այստեղ նա սատարել է Ժամանակավոր կառավարությանը, ընդդիմախոսել Լենինի «Ապրիլյան թեզիսներ»-ին՝ դրանք բնորոշելով որպես զառանցանք։
Հոկտեմբերյան հեղափոխության նկատմամբ բացասական վերաբերմունք է դրսևորել, քանզի գտնում էր, որ Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ սոցիալիստական հեղափոխության. «...ռուսական պատմությունը դեռ չի աղացել ցորենի այն ալյուրը, որից ժամանակի ընթացքում թխվելու է սոցիալիզմի քաղցրաբլիթը»[17][18]: Նա համարում էր, որ մեկ դասակարգի, իսկ որ առավել վատթար է՝ մեկ կուսակցության կողմից իշխանության զավթումը և պրոլետարիատի դիկտատուրայի ու միակուսակցական համակարգի հաստատումը տխուր հետևանքներ կարող է ունենալ[18]՝ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի[19]։
Պլեխանովը մահացել է 1918 թվականի մայիսի 30-ին ֆիննական Պիտկա Յարվի մասնավոր առողջարանում (ներկայումս՝ Լենինգրադի մարզի Իլյիչյովո ավան), ուր մեկնել էր դեռև 1887 թվականից իրեն տանջող տուբերկուլյոզից բուժվելու նպատակով[20]։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Վոլկովյան գերեզմանատանը՝ Վիսարիոն Բելինսկու և Նիկոլայ Դոբրոլյուբովի շիրիմների կողքին։ Թեև նա եղել է Լենինի ու վերջինիս ղեկավարած կուսակցության եռանդուն ու անկեղծ ընդդիմախոսը, ԽՍՀՄ կոմկուսը բարձր է գնահատել նրան՝ համարելով ռուսական մարքսիզմի հիմնադիր հայր, խոշոր փիլիսոփա-մտածող[21]։
Պլեխանովին միջազգային համբավ են բերևել[22] «Սոցիալիզմը և քաղաքական պայքարը» («Социализм и политическая борьба»)[23] ( 1883 թ. ), «Պատմության նկատմամբ մոնոստիկ հայացքի զարգացման հարցի մասին» («К вопросу о развитии монистического взгляда на историю»), «Պատմության մատերիալիստական ըմբռնման մասին» («О материалистическом понимании истории»), «Պատմության մեջ անհատի դերի մասին» («К вопросу о роли личности в истории»), «Մարքսիզմի հիմնական հարցերը» («Основные вопросы марксизма») և այլ աշխատություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.