From Wikipedia, the free encyclopedia
Գոնդոլ (իտալ.՝ góndola), վենետիկյան ավանդական թիավարական նավակ[1]։ Վենետիկի խորհրդանիշերից մեկն է։
Պատմականորեն եղել է քաղաքի ջրանցքներով փոխադրման գլխավոր եղանակը։ Ներկայումս զբոսաշրջիկների զվարճանքի ձև է։ Վենետիկի հանրապետության անկման շրջանում հաշվվել է մի քանի հազար գոնդոլ։ Գոնդոլավարի աշխատանքի արտոնագիրը հիմնականում փոխանցվում է հորից որդուն, ինչի հետևանքով գրեթե անհնար է կողմնակի մարդու` գոնդոլավար դառնալը։
Գոնդոլի չափերն ու կառուցվածքը կանոնադրությամբ սահմանվել են 18-րդ դարի վերջին։
Նավակի երկարությունը 11.05 մ է, լայնությունը` 140 սմ, հատակը հարթ է, առանց ողնափայտի։ Դատարկ գոնդոլի քաշը մոտ 900 ֆունտ է (մոտ 400 կգ)։ Գոնդոլն անհամաչափ ձև ունի. ձախ թևի եզրագծի երկարությունը աջից 24 սմ-ով մեծ է։ Նավակի կմախքը կլորավուն է, քիթը վեր է ցցված, որպեսզի ջրի հետ շփման մակերեսը առավելագույնս փոքր լինի, և թիավարը գոնդոլի ուղղությունը հեշտ կարգավորի։
Գոնդոլը պատրաստում են ութ տեսակի փայտից։ Նավի կմախքի պատրաստ լինելուց հետո այն պատվում է մի քանի շերտ սև ստվերաներկով։
Գոնդոլը միայն մեկ թի ունի։ Պատմականորեն դա պայմանավորված է եղել ջրանցքի նեղ լինելու հանգամանքով, քանի որ երկու թիերով նավակը շրջվել չէր կարող։ Թին նավակին ամրացված է կողպեքով, որ կոչվում է ֆորկոլա (իտալ.՝ fórcola): Ֆորկոլան բարդ կառուցվածք ունի, որը թույլ է տալիս թին մի քանի դիրքով օգտագործել, ինչը հարմարավետ է դարձնում նավակի կառավարումը շրջադարձերին և հետ թիավարմանը` արագ և դանդաղ կարգավորում ապահովելով։
Գոնդոլի քթին ամրացվում է երկաթյա հատուկ սարք` ֆերո (իտալ.՝ ferro): Ֆերոյի տեղադրումը մի քանի նպատակ է հետապնդում. այն պահպանում է նավի քիթը հարվածներից, ապահովում է գոնդոլի վերջում կանգնած գանդոլավարի հավասարակշռությունը։ Դրանով նավավարը կարողանում է որոշել կամրջի բարձրությունը` ճիշտ գնահատելով նրա տակով անցնելու հնարավորությունը։ Ֆերոյի վրա կան վեց ելուստներ, որոնք խորհրդանշում են քաղաքի վեց շրջանները։
Գոնդոլով կարող են տեղափոխվել առավելագույնը վեց մարդ։ Թույլատրվում է փոքր նավախցիկի առկայություն արևից ու անձրևից պաշտպանվելու համար։ Նավակի կառուցվածքի առանձնահատկություններով պայմանավորված` գոնդոլավարը գրեթե միշտ նույն ջանքերն է կիրառում ինչպես դատարկ, այնպես էլ ուղևորներով լեցուն գոնդոլի թիավարման դեպքում։
Գոնդոլի կառուցվածքային շեղումներ թույլատրվում են միայն հատուկ կամ տոնական գոնդոլների դեպքում։ Այդպիսին են, օրինակ, գոնդոլ դե ռիգատան (իտալ.՝ gondola di regatta), որ նախատեսված է մրցությունների համար, ինչպես նաև թեթև զբոսանավերը` տրագետոները (իտալ.՝ traghetto), որտեղ կարող են տեղավորվել 15 մարդ։
Վենետիկի Բուչինտորո դոժի գոնդոլը տարբերվել է մնացած բոլոր գոնդոլներից. այն ունեցել է 12 թիավար[2]։
Նավակի անհամաչափ ձևը թույլ է տալիս գոնդոլավարին նավակը կառավարել մեկ թիով` գտնվելով նավակի վերջում։ Թիավարը, կանգնած թիավարելով նավակը, դրա ուղղությամբ առաջ նայելու լավ հնարավորություն է ունենում։ Թին նաև ղեկի դեր է կատարում։
Գոնդոլի կառավարման ձևը ավելի շուտ ոչ թե թիավարումն է, այլ հրումը։ Գոնդոլավարը տատանում է նավակը և թիով հատուկ հետագծով շարժումներ է կատարում։
Ի տարբերություն Շանհայի` Վենետիկում նավավարությունը բացառապես տղամարդու մասնագիտություն է, որ մեծ վարպետություն է պահանջում։ Մասնագիտությունը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում հորից որդուն։ Մասնագիտությունը ռոմանտիկ է. գոնդոլավարները նույնիսկ հատուկ երգ ունեն նավավարի` բարկարոլայի (իտալ.՝ barca, բառացի` նավակ) մասին։
2009 թվականին Վենետիկում հայտնվել է գոնդոլավարի արտոնագիր ունեցող առաջին կին նավավարը[3]։
Ամեն տարի սեպտեմբերի առաջին կիրակի օրը Վենետիկում կազմակերպվում է պատմական ռեգատա (իտալ.՝ Regata Storica): Մրցությունից առաջ անցկացվում է գոնդոլների շքերթ, որից հետո` գոնդոլավարների մրցություն։ Մրցության երկարությունը 7 կմ է։ Ամեն կղզի կամ շրջան իր պարտքն է համարում գոնդոլ ներկայացնել մրցույթում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.