Գրաքննությունը ԽՍՀՄ-ում
From Wikipedia, the free encyclopedia
Գրաքննությունը ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ կուսակցական և այլ մարմինների կողմից տեղեկատվության բովանդակության և տարածման վերահսկումը, այդ թվում՝ տպագրվող նյութերի, երաժշտական և բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինեմատոգրաֆիական գործերի, լուսանկարների, ռադիո և հեռուստահաղորդումների՝ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվության բոլոր այլընտրանքային աղբյուրների ճնշման[1], խորհրդային տեսանկյունից վնասակար և անցանկալի համարվող գաղափարների և տվյալների տարածումը սահմանափակելու կամ թույլ չտալու նպատակով։
Քաղաքական համընդհանուր գրաքննության համակարգը ներառում էր գաղափարաբանական և քաղաքական վերահսկման տարբեր ձևեր և մեթոդներ․ ուղղակի մեթոդների հետ մեկտեղ (հրատարակման վրա արգելք, գրաքննական միջամտություն, շեղում բնագրից) կիրառվում էին ամենատարբեր անուղղակի մեթոդներ, որոնք վերաբերվում էին կադրային, հրատարակչական, հոնորարային քաղաքականությանը[1]։
Գրաքննական վերահսկման գործառույթները դրվել էին պետական հատուկ հաստատությունների վրա[2]։ Գրաքննությունը վերահսկում էր տեղեկատվության տարածման բոլոր ներքին պաշտոնական ուղիները՝ գրքերը, պարբերական հրատարակությունները, ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, թատրոնը և այլն[3], դրսից եկող տեղեկատվությունը (ԽՍՀՄ ժողովուրդների լեզվով հեռարձակվող արտասահմանյան ռադիոկայանների խլացումը, «հակախորհրդականության» թեմայով արտասահմանյան տպագիր ԶԼՄ-ների մանրակրկիտ վերահսկումը)։
Լայն տարածում ուներ նաև ինքնագրաքննությունը։
Գրաքննության հիմնական առարկաներն էին այսպես կոչված «հակախորհրդային քարոզչությունը» (որի մեջ էր մտնում այն ամենը, ինչը չէր համապատասխանում ընթացիկ գաղափարաբանական դրույթներին), ռազմական և տնտեսական գաղտնիքները (օրինակ՝ ազատազրկման վայրերի և աշխարհագրական քարտեզների մասին տեղեկատվությունը), երկրի գործերի մասին բացասական ինֆորմացիան (աղետներ, տնտեսական խնդիրներ, միջազգայնական հակամարտություններ, բացասական սոցիալական երևույթներ և այլն), ցանկացած տեղեկատվություն, որը կարող էր անցանկալի ալյուզիաներ առաջացնել։
ԽՍՀՄ-ում գրաքննությունն առաջին հերթին գաղափարաբանական բնույթ էր կրում[4][5]։ Որոշ հետազոտողներ նշում են, որ խորհրդային գրաքննությունը մասնավորապես չէր խոչընդոտում բռնի տեսարանների ցուցադրմանը, եթե դրանք համապատասխանում էին ընթացիկ գաղափարաբանական դրույթներին, օրինակ՝ ցույց էին տալիս խորհրդային իշխանության թշնամիների ոչնչացումը կամ երևան էին հանում թշնամու վայրագությունը[6][7], սակայն, այդուհանդերձ, մյուս հետազոտողները նշում են, որ խորհրդային աուդիովիզուալ ողջ պատմության ընթացքում չկար այնպիսի դեպք, երբ հեռարձակվող նյութերում առկա բռնության կերպարները բացասական ազդեցություն թողնեին[8][9]։
Հետազոտողների մեծամասնությունը նշում է խորհրդային գրաքննության ամբողջատիրական բնույթը և գրաքննական մարմինների վերահսկվելը Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կողմից[5][10][11]։ Իրավապաշտպանները պնդում էին, որ գրաքննությունը խախտում է ԽՍՀՄ միջազգային պարտավորվածությունները[12][13]։
Գիտատեխնիկական տեղեկատվության գրաքննության վերաբերյալ տարբեր կարծիքներ գոյություն ունեն։ Գլավլիտի բարձրաստիճան աշխատակից Վլադիմիր Սոլոդինը պնդում էր, որ «գրաքննությունը երբեք չի վերահսկել տեխնիկական և գիտական գրականությունը», սակայն մի շարք հետազոտողներ գրում են, որ գրաքննության և արգելքների էին ենթարկվում այնպիսի գիտական ուղղություներ, ինչպիսիք են միջուկային ֆիզիկան, հոգեբանությունը, սոցիոլոգիան, կիբեռնետիկան, կենսաբանությունը, գենետիկան[14][15][16]։ Բացի այդ, գրաքննության էին ենթարկվում առանձին հեղինակների ստեղծագործությունները՝ անկախ դրանց ձևից և բովանդակությունից[17]։