Դեֆորմացիա
From Wikipedia, the free encyclopedia
Դեֆորմացիա (լատին․՝ deformatio՝ աղավաղում), արտաքին ուժերի ազդեցությամբ մարմնի ձևի կամ չափերի փոփոխություն։ Դեֆորմացիայի պարզագույն տեսակներն են ձգում-սեղմումը, սահքը, ոլորումը, ծռումը։ Պինդ մարմինների դեֆորմացիաներն ու լարումներն ուսումնասիրվում են առաձգականության և պլաստիկության տեսություններով։ Մարմնի դեֆորմացիան կարելի է որոշել, եթե հայտնի է յուրաքանչյուր կետի տեղափոխության վեկտորը։ Եթե դեֆորմացիա առաջացնող ուժերը մարմնի վրա այլևս չեն ազդում, ապա վերացող դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ պահպանվողը՝ պլաստիկ կամ մնացորդային։ Իրականում բացարձակ առաձգական մարմին գոյություն չունի և որոշակի պայմաններում են միայն մարմնի պլաստիկ հատկություններն արհամարհվում։ Արտաքին ուժի ազդեցությամբ մարմնում առաջանում է նախ առաձգական, ապա՝ պլաստիկ դեֆորմացիա։ Պլաստիկ դեֆորմացիայի մեծությունը կախված է ուժի ազդման տևողությունից (դեֆորմացիայի արագություն) և ջերմաստիճանից։ Հաստատուն լարումների ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի աճման երևույթը կոչվում է սողք։ Հաստատուն դեֆորմացիայի դեպքում լարումների նվազման երևույթը կոչվում է ռելաքսացիա, իսկ հաստատուն լարումների դեպքում դեֆորմացիայի աճման երևույթը՝ առաձգական հետազդեցություն։
Դեֆորմացիան կարող է լինել մարմնի ջերմային ընդարձակման, մագնիսական կամ էլեկտրական դաշտի ազդեցության, ինչպես նաև արտաքին մեխանիկական ուժի հետևանք։ Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան անհետանում է, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը վերականգնվում են, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են առաձգական դեֆորմացիա։ Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմնի դեֆորմացիան չի անհետանում, այսինքն՝ մարմնի սկզբնական ձևն ու չափերը չեն վերականգնվում, ապա այդպիսի դեֆորմացիան կոչվում է ոչ առաձգական կամ պլաստիկ դեֆորմացիա։