Ջերմաստիճան
From Wikipedia, the free encyclopedia
Ջերմաստիճանը տաքի և սառի կամ ջերմության[1] չափողական մեծություն է։ Սառը մարմինները ունեն ցածր ջերմաստիճան, տաք մարմինները ունեն ավելի բարձր ջերմաստիճան։ Ջերմությունը բարձր ջերմաստիճան ունեցող մարմնից ինքնաբերաբար անցնում է ցածր ջերմաստիճան ունեցող մարմնին, ինչի հետևանքով ջերմաստիճանների տարբերությունը փոքրանում է, և վերջիվերջո, վերանում։ Այս դեպքում ասում են, որ մարմինները գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում։
Որևէ մարմնի ջերմաստիճանը քառակուսային օրենքով կախված է այդ մարմինը կազմող մասնիկների միջին արագությունից, այսինքն՝ համեմատական է մասնիկների միջին կինետիկ էներգիային։ Ձևականորեն ջերմաստիճանը որոշվում է որպես ներքին էներգիայի ածանցյալ ըստ էնտրոպիայի։
Ջերմաստիճանը չափվում է ջերմաչափերով, որոնք կարող են սանդղավորված լինել տարբեր ջերմաստիճանային սանդղակներով։
Ջերմաստիճանը կարևոր դեր է խաղում բնական գիտությունների մի շարք բնագավառներում, որոնցից են ֆիզիկան, աշխարհագրությունը, քիմիան, կենսաբանությունը և մթնոլորտային գիտությունները։ )