Դիոն Կասսիոս
From Wikipedia, the free encyclopedia
Դիոն Կասսիոս Կոկցեանոս (հուն․՝ Δίων Κάσσιος, լատին․՝ Lucius Claudius Cassius Dio Cocceianus; մ.թ. 155 — 235 թթ.), հռոմեական պատմիչ, ծագումով հույն։ Ծնվել է Բութանիայի Նիկեա քաղաքում, Կիլիկիա և Դալմատիա նահանգների կառավարիչ Կասսիոս Ապրոնիանոսի ընտանիքում։ Մարկոս Ավրելիոսի գահակալման վերջին տարիներին տեղափոխվել է Հռոմ, իսկ Կոմմոդոս կայսեր օրոք դարձել Հռոմի Ծերակույտի անդամ։ Զբաղեցրել է բարձրաստիճան պետական պաշտոններ, մասնավորապես եղել է հռոմեական կոնսուլ։ Կյանքի վերջին տառիներին ապրել է ծննդավայրում։ Գրական գործնեությունն սկսել է «Երազների և նախագուշակումների մասին» գրքով։
Դիոն Կասսիոս հին հունարեն՝ Δίων ὁ Κάσσιος | |
---|---|
Ծննդյան անուն | լատին․՝ Lucius Claudius Cassius Dio Cocceianus |
Ծնվել է | ոչ վաղ քան 155 և ոչ ուշ քան 164 |
Ծննդավայր | Նիկեա, Bithynia et Pontus, Հին Հռոմ[1][2][3][…] |
Վախճանվել է | ոչ վաղ քան 229 և ոչ ուշ քան 235 |
Վախճանի վայր | Նիկեա, Bithynia et Pontus[3][4][5][…] |
Մասնագիտություն | պատմաբան, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Լեզու | հին հունարեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Roman History? |
Cassius Dio Վիքիպահեստում |
Գլխավոր ստեղծագործությունն է 80 գրքից բաղկացած «Հռոմեական պատմություն»ը (հունարեն՝ «Роμαικη», լատին․՝ «Historia Romana»), որտեղ ներկայացվում է Հռոմեական կայսրության պատմությունը՝ Հռոմ քաղաքի հիմնադրումից մինչը Ալեքսանդր Սևերոսի գահակալության տարիները (երկը պահպանվել է հատվածաբար), նյութերի հավաքումը տևել է 10, շարադրումը՝ 12 տարի։ Արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի մ.թ.ա. I - մ.թ.II դդ. և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ։ Հայաստանին վերաբերող տեղեկությունները թարգմանվել են հայերեն Սիմոն Կրկյաշարյանի կողմից։ Երկը պահպանվել է հատվածաբար, այդ թվում քաղվածքների ձևով Բյուզանդիայի պատմիչներ Հովհաննես Քսիփիլինոսի և Հովհաննես Զոնարասի աշխատություններում։
Հռոմեական պատմիչներին հետևելով՝ Դիոն Կասսիոսը պատմությունը շարադրել է տարեգրությունների ձևով։ Գրել է հին ատտիկյան լեզվով՝ հետևելով իր սիրած պատմիչ Փուկիտիդեսի գրելաոճին։ Դիոն Կասսիոսը ջանացել է հետազոտել դեպքերի պատմական ընթացքը, դրանց ներքին կապը՝ փորձելով արդարամտորեն գնահատել պատմական անհատներին, կուսակցությունները, ռազմական գործողությունները[6]։