Դհարմա
From Wikipedia, the free encyclopedia
Դհարմա (սանսկրիտ՝ धर्म), հնդկական կրոններում՝ հինդուիզմում, բուդդայականությունում, սիկհիզմում և ջայնիզմում բազմաթիվ նշանակություններ ունեցող հասկացություն[9]։ Դհարմա բառի միանշանակ որևէ թարգմանություն գոյություն չունի[10][11]։
|
Հինդուիզմում դհարման նշանակում է վարքագծեր, որոնք համահունչ են իրերի բնական դասավորությանը՝ կյանքի ու տիեզերքի գոյությունը հնարավոր դարձնելու համար։ Դրանք ներառում են պարտականությունները, իրավունքները, օրենքները, վարքականոնները, առաքինությունները և «ապրելու ճիշտ ձևը»[12][13]։ Բուդդայականությունում դհարման նշանակում է «տիեզերական օրենք և կարգ», բայց այն վերաբերում է նաև Բուդդայի ուսմունքներին[12]։ Բուդդայական փիլիսոփայության մեջ դհամման կամ դհարման վերաբերում է նաև «ֆենոմեն» եզրույթին[14]։ Ջայնիզմում դհարման վերաբերում է տիրտհանկարայի (փրկիչ և հոգևոր ուսուցիչ) ուսուցմանը և մարդկային էակների մաքրման ու բարոյական վերափոխման դոկտրինի մարմնին։ Սիկհիզմում դհարմ բառը նշանակում է արդարության և պատշաճ կրոնական պրակտիկայի ուղի[15]։
Դասական սանսկրիտում դհարմա գոյականը ծագում է «դհր» արմատից, որը նշանակում է «կատարել, պահել, պահպանել»[16]։ Պատմական վեդայական կրոնում «դհարմա» բառը կիրառվել է և դրա նշանակությունն ու հայեցակարգային շրջանակը զարգացում են ապրել հազարամյակների ընթացքում[17]։ Դհարմայի հականիշը ադհարման է։