Եկամուտ
From Wikipedia, the free encyclopedia
Եկամուտը որոշակի ժամանակահատվածում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կատարած սպառումն ու խնայողություններն են դրամային արտահայտությամբ[1][2][3]։ Տնային տնտեսությունների և անհատների համար եկամուտը որոշակի ժամանակահատվածում ստացած աշխատավարձերն են, փոխհատուցումները, շահույթները, վճարված տոկոսները, վարձավճարները և այլ տեսակ եկամուտները[4]։
Հանրային տնտեսագիտության մեջ ևս այս եզրույթը սահմանվում է որպես դրամական և ոչ դրամական սպառման հնարավորություն, որը հիմնականում արտահայտվում է դրամական տեսքով։
Կազմակերպության համար համախառն եկամուտը բոլոր տեսակ եկամուտների ամբողջությունն է։ Զուտ շահույթը ստացվում է` ծածկելով կատարված ծախսերը.
Զուտ շահույթ = Եկամուտ – Ծախս։
- Պետության եկամուտներ, պետության կողմից ստացվող եկամուտներ՝ հարկերի, տուրքերի, վճարումների, արտաքին առևտրի, միջազգային վարկերի, արտասահմանյան օգնության հաշվին, որոնք օգտագործվում են պետության գործառույթների իրականացման համար։
- Կազմակերպության եկամուտներ, տնտեսական շահույթի մեծացում՝ ակտիվների (դրամական միջոցների, այլ սեփականության) և (կամ) պարտականությունների մարման հաշվին, որը բերում է այդ կազմակերպության կապիտալի մեծացմանը՝ բացառությամբ մասնակիցների ներդրումների (սեփականատերերի)[5]։
- Բնակչության եկամուտներ, բնակիչների, ընտանիքների և տնային տնտեսությունների անձնական եկամուտներ, որոնք ստացվում են դրամական միջոցների տեսքով։ Դրանց են վերաբերվում.աշխատավարձը, կենսաթոշակը, կրթաթոշակը, ապրանքների վաճառքից ստացված եկամուտները, դրամական միջոցները՝ ծառայության վճարման տեսքով, հեղինակային հոնորարները, սեփականության վաճառքից գոյացած գումարները, վարձավճարները։