![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Illu_pancrease_%2528HY%2529.svg/langhy-640px-Illu_pancrease_%2528HY%2529.svg.png&w=640&q=50)
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում
From Wikipedia, the free encyclopedia
Ենթաստամոքսային գեղձի բորբոքում՝ պանկրեատիտ (լատ pancreatitis, հունարեն πάγκρεας ենթաստամոքսային գեղձ + -itis բորբոքում), վիճակ, որը բնութագրվում է ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ[1]։ Ենթաստամոքսային գեղձը մեծ օրգան է, որը գտնվում է ստամոքսի հետևում և արտադրում է մարսողական ֆերմենտներ, ինչպես նաև մի շարք հորմոններ[1]։ Գոյություն ունի ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական երկու տիպ՝ սուր պանկրեատիտ և խրոնիկական պանկրեատիտ[1]։ Ենթաստամոքսային գեղձի բորբոքման հիմնական նշաններն ու ախտանիշները ներառում են ցավը որովայնի վերին հատվածում, սրտխառնոցը և փսխումը[1]։ Ցավը հաճախ ճառագայթում է դեպի մեջք և սովորաբար ծանր է լինում[1]։ Սուր պանկրեատիտի ժամանակ կարող է դիտվել ջերմության բարձրացում և ախտանիշները սովորաբար մարում են մի քանի օրվա ընթացքում[1]։ Խրոնիկական պանկրեատիտին բնորոշ են քաշի կորուստը, ճարպային կղանքը և դիարեան (փորլուծություն)[1]։ Բարդությունները կարող են ներառել վարակի միացումը (ինֆեկցում), արյունահոսությունը, շաքարային դիաբետը, ինչպես նաև այլ օրգանների հետ կապված խնդիրները[1]։
Պանկրեատիտ Pancreatitis | |
---|---|
![]() Ենթաստամոքսային գեղձ և հարակից օրգաններ | |
Տեսակ | հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | Ընդհանուր լեղապարկային ծորանի քարով խցանում՝ ենթաստամոքսային գեղձի ծորանի միացմամբ, ալկոհոլի օգտագործում |
Հիվանդության ախտանշաններ | Ցավ որովայնի վերին հատվածում, սրտխառնոց և փսխում, ջերմության բարձրացում, քաշի կորուստ, ճարպային կղանք և դիարեա (փորլուծություն) |
Հետևանք | Mallet-Guy's sign? |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
ՀՄԴ-9 | 577.0 և 577.1 |
Ռիսկի գործոններ | Ծխախոտի օգտագործում |
Ախտորոշում | Արյան մեջ ամիլազի և լիպազի քանակության երեք անգամ ավելացում |
Բուժում | Ներերակային հեղուկներ, ցավազրկող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ |
Բարդություններ | Վարակի միացում (ինֆեկցում), արյունահոսություն, շաքարային դիաբետ, այլ օրգանների հետ կապված խնդիրներ |
Տևողություն | Կարճատև և երկարատև |
Հանդիպման հաճախականություն | 8,9 մլն դեպք 2015-ին |
Մահերի քանակ | 132,700 դեպք 2015-ին |
![]() |
Սուր պանկրեատիտի առաջացման երկու ամենատարածված պատճառներն են ընդհանուր լեղապարկային ծորանի քարով խցանումը, իսկ հետո նաև ենթաստամոքսային գեղձի ծորանի միացումը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը[1]։ Այլ պատճառների մեջ մտնում են գեղձի ուղղակի վնասումը, որոշակի դեղամիջոցները, այնպիսի ինֆեկցիաները, ինչպիսիք են խոզուկը (պարոտիտ), ինչպես նաև ուռուցքները[1]։ Խրոնիկական պանկրեատիտը կարող է զարգանալ սուր պանկրեատիտի արդյունքում[1]։ Դա սովորաբար պայմանավորված է ալկոհոլի ծանր և երկարատև օգտագործմամբ[1]։ Այլ պատճառների մեջ ընդգրկված է արյան մեջ ճարպի բարձր քանակությունը, կալցիումի բարձր քանակությունը, որոշ դեղամիջոցներ և որոշակի գենետիկական խանգարումներ, ինչպես օրինակ՝ ցիստիկ ֆիբրոզը[1]։ Ծխելը բարձրացնում է թե՛ սուր, և թե՛ խրոնիկական պանկրեատիտի զարգացման ռիսկը[2][3]։ Սուր պանկրեատիտի ախտորոշումը հիմնված է արյան մեջ ամիլազի և լիպազի քանակության երեք անգամ ավելացման վրա[1]։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում այս թեստերը կարող են նորմալ լինել[1]։ Բժշկական վիզուալիզացիայի այնպիսի տեսակները, ինչպիսիք են գերձայնային հետազոտությունը և համակարգչային շերտագրությունը, նույնպես օգտակար կարող են լինել[1]։
Սուր պանկրեատիտը սովորաբար բուժվում է ներերակային հեղուկներով, ցավազրկող դեղամիջոցներով և երբեմն հակաբիոտիկներով[1]։ Սովորաբար ուտելը և խմելը արգելվում է, իսկ ստամոքսի մեջ տեղադրվում է նազոգաստրալ զոնդ[1]։ Գործողությունը, որը հայտնի է էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա անունով, կիրառվում է դիստալ լեղապարկային ծորանի հետազոտման նպատակով, ինչպես նաև լեղային քարերի առկայության դեպքում՝ դրանց հեռացման նպատակով[1]։ Լեղային քարերի առկայության դեպքում սովորաբար հեռացվում է նաև լեղապարկը[1]։ Խրոնիկական պանկրեատիտի դեպքում, ի հավելումն վերը նշվածի, նազոգաստրալ զոնդով ժամանակավոր կերակրումը կարող է կիրառվել սնուցումը ապահովելու նպատակով[1]։ Հնարավոր է պահանջվի երկարատև փոփոխություններ սննդակարգում և պանկրեատիկ ֆերմենտների կիրառում[1]։ Երբեմն իրականացվում է պանկրեասի մասերի վիրահատական հեռացում[1]։
Ընդհանուր առմամբ, 2015 թվականին գրանցվել է պանկրեատիտի 8,9 մլն դեպք[4][5]։ Սա հանգեցրեց 132,700 մահվան, 83,000 մահվան դեպքով ավելի քան 1990 թվականին[6][7]։ Տարեկան 100 հազար մարդկանցից 30-ի մոտ հայտնաբերվում է սուր պանկրեատիտ[2]։ Խրոնիկական պանկրեատիտի նոր դեպքերը զարգանում են տարեկան 100 հազար մարդկանցից մոտ 8-ի մոտ և ներկայումս Միացյալ Նահանգներում 100,000 մարդուց մոտ 50-ի վրա է ազդում[4]։ Այն ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց շրջանում[1]։ Հաճախ խրոնիկական պանկրեատիտը սկսվում է 30-40 տարեկանների շրջանում, մինչդեռ հազվադեպ այն կարող է դիտվել երեխաների շրջանում[1]։ 1882 թվականին առաջին անգամ բացահայտվել է սուր պանկրեատիտը, իսկ խրոնիկական պանկրեատիտը առաջին անգամ նկարագրվել է 1946 թվականին։