Երազ
From Wikipedia, the free encyclopedia
Երազ, պատկերների, մտքերի, զգացմունքների և զգացումների հաջորդականություն, որը անկախ մեր կամքից տեղի է ունենում քնի որոշակի փուլերում[1]։ Երազների նպատակն ու բովանդակությունը ամբողջովին բացահայտված չէ, չնայած այն եղել է գիտական, փիլիսոփայական և կրոնական ուսումնասիրության առարկա մարդկության պատմության ընթացքում։ Երազի մեկնաբանումը դա երազներից ինչ-որ իմաստ քաղելու փորձ է։ Երազների գիտական ուսումնասիրությունը կոչվում է օնեիրոլոգիա (հունարեն՝ oneiron - «երազ» և հունարեն՝ logia- «ուսումնասիրություն»)[2]։
Երազները հիմնականում տեղի են ունենում քնի արագ աչքի շարժման (REM) փուլում, երբ ուղեղի ակտիվությունը մեծ է և նման է արթուն լինելուն։ REM քնի փուլի ընթացքում տեղի է ունենում աչքերի անընդհատ շարժում։ Երբեմն երազ կարելի է տեսնել նաև քնի այլ փուլերում, սակայն այս երազները ավելի աղոտ են և լավ չեն հիշվում[3]։ Երազների երկարությունը տարբեր է. դրանք կարող են տևել մի քանի վայրկյանից մինչև մոտ 20-30 րոպե[3]։ Ավելի հավանական է հիշել երազը, եթե մարդուն արթնացնում են երազի REM փուլում։ Միջին հաշվարկով մարդը մի գիշերվա ընթացքում կարող է տեսնել 3-5 երազ, բայց երբեմն դրանց թիվը կարող է հասնել 7-ի[4]. այնուամենայնիվ շատ երազներ անմիջապես կամ արագ մոռացվում են[5]։ Երազները ավելի երկար են տևում խորը քնելու ընթացքում։ 8 ժամ քնելու դեպքում հիմնականում երազ տեսնում ենք REM փուլի ընթացքում[6]։
Երազի նշանակության մասին կարծիքները տարբերվել են մշակույթից մշակույթ և փոխվել ժամանակի ընթացքում։ Շատերը հաստատում են Զիգմունդ Ֆրոյդի երազների տեսությունը - երազները բացահայտում են թաքնված ցանկություններն ու զգացմունքները։ Կան նաև այլ հայտնի տեսություններ այն մասին, որ երազները օգնում են հիշողության ձևավորմանն ու խնդիրներ լուծելուն, կամ դրանք ուղեղի հանկարծակի ակտիվացման արդյուք են[7]։
Զիգմունդ Ֆրոյդը, ով զարգացրել է հոգեվերլուծության հոգեբանական սկզբունքի տեսությունը, գրել է երազների տեսության և դրանց մեկնաբանությունների մասին վաղ դեռևս 1900-ականներին[8]։ Նա բացատրել է երազը որպես մարդու ցանկությունների և անհանգստությունների արտահայտում, որը հիմնականում կապված է մանկության տարիների ճնշված հիշողությունների ու սևեռուն մտքերի հետ։ Նա նաև ասում էր, որ ամեն երազ, անկախ իր բովանդակությունից, իրենից ներկայացնում է սեռական լարվածության թուլացում[9]։ Իր «Երազների մեկնաբանություն» (1899) աշխատության մեջ Ֆրոյդը զարգացրել է երազներ մեկանաբանելու հոգեբանական տեխնիկան և մշակել է մի շարք ուղեցույցներ հասկանալու երազների մեջ հանդիպող սիմվոլները։ Մեր ժամանակներում երազները կապվում են անգիտակցական մտքի հետ։ Դրանք կարող են տարբերվել սովորականից մինչև սյուրռեալիստական և տարօրինակ։ Երազները կարող են լինել վախ առաջացնող, հուզիչ, կախարդական, մելանխոլիկ, արկածային և սեռական բնույթի։ Երազում տեղի ունեցող իրադարձությունները երազը տեսնողի հսկողությունից դուրս են։ Սա չի վերաբերում միայն գիտակցված երազատեսությանը, որտեղ մարդը գիտակցում է, որ երազ է տեսնում[10]։ Երազները կարող են երբեմն ստեղծագործական միտք պարգևել մարդուն կամ ոգեշնչել վեջինիս[11]։