Զինված ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Զինված ուժերը (ԶՈւ), պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ[1][2]։ Զինված ուժերը օգտագործվել են որպես արտաքին թշնամիներից պաշտպանվելու, այլ պետություններ զավթելու, գաղութային ժողովուրդներ ստրկացնելու և հարստահարելու միջոց, նաև արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր հենարան և այլն[1][3]։ Հաճախ «զինված ուժեր» տերմինի փոխարեն լայն իմաստով կիրառվում է «բանակ» տերմինը։ Օրինակ՝ Չինաստանի զինված ուժերը կոչվում են Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակ։ Խորհրդային Միության զինված ուժերը կոչվում էին պարզապես Կարմիր բանակ, իսկ 20-րդ դարի կեսից՝ ավելի հաճախ և պաշտոնապես՝ Խորհրդային բանակ։ Սակայն բանակը նեղ իմաստով նշանակում է ընդամենը ցամաքային զորքեր։ Իսկ առավել նեղ նշանակությամբ «բանակ» տերմինը նշանակում է մի քանի կորպուսից կամ դիվիզիաներից, բրիգադներից բաղկացած զորային միավորում։