From Wikipedia, the free encyclopedia
Էֆրայիմ Մոշե Լիլիեն (լեհ.՝ Ephraim Moses (Moshe, Maurycy) Lilien, եբրայերեն՝ אפרים משה ליליין, մայիսի 23, 1874[1][2] կամ մարտի 23, 1874[3], Դրոգոբիչ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - հուլիսի 18, 1925[1], Բադենվայլեր[4]), լեհ, հրեա, գերմանացի նկարիչ, գրաֆիկ, դիզայներ, լուսանկարիչ, գրքերի նկարազարդող, սիոնական շարժման ներկայացուցիչ։ Արվեստում նոր ոճի` մոդեռնի կամ սեցեսիայի (Գերմանիայում` յուգենդ-շտիլ) հիմնադիրներից։
Էֆրայիմ Մոշե Լիլիեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 23, 1874[1][2] կամ մարտի 23, 1874[3] |
Ծննդավայր | Դրոգոբիչ, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հուլիսի 18, 1925[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Բադենվայլեր[4] |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ, հրատարակիչ, փորագրիչ, նկարիչ, նկարազարդող և գծանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | |
Ամուսին | Helene Lilien? |
ստորագրություն | |
Ephraim Moses Lilien Վիքիպահեստում |
Ծնվել է 1874 թվականին Դրոգոբիչում, հրեական արհեստավորի ընտանիքում, ով եղել է օրթոդոքս[5]։ Նյութական միջոցներից զուրկ ընտանիքն ի վիճակի չի եղել վճարելու գիմնազիայում նրա կրթության համար։ Երիտասարդ տարիքում աշխատել է լվովցի նկարչի վարպետանոցում։
Ռեալական դպրոցն ավարտելուց հետո ուսում ստանալու նպատակով մեկնել է Կրակով` Կիրառական արվեստի դպրոց, որը գլխավորում էր Յան Մատեյկոն։ Ուսումնառությունը տևել է 1889-1893 թվականներին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով Լիլիենը ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը և վերադառնալ Դրոգոբիչ։ Աշխատելով 50 ոսկե գուլդեն` նա դրանք ծախսել է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում նկարչության կուրս անցնելու վրա։ 1894-1898 թվականներին սովորել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։
Հաջողությունն այցելել է նկարչին, երբ նա իր գրաֆիկական աշխատանքները` «Կախարդական սրինգ», «Սիրեցյալը» և մի քանի այլ գործեր ուղարկել է «Յուգենդ» (արվեստի նոր ուղղության` մոդեռնի կամ սեցեսիայի առաջատար) գրական-գեղարվեստական ամսագրին և ստացել համագործակցության առաջարկ։ «Յուգենդի» համար նախատեսված աշխատանքների շնորհիվ նա դարձել է «նորաձև» նկարիչ, իսկ ֆինանսական վիճակը բարելավվել է։
1898 թվականին տեղափոխվել է Բեռլին, աշխատակցել «Գրացիա», «Օստ ունդ Վեստ» «Սիմպլիցիսիմուս», «Գոսպոդին», «Վալտշպիգել» ամսագրերին, նկարազարդել է «Մաքսավորը Կլաուզենից» գիրքը։
1900 թվականին ծանոթացել է գերմանացի ազնվական (բարոն), բանաստեղծ, բանահավաք Բյորիս ֆոն Մյունհաուզենի հետ։ Վերջինս հրավիրել է Լիլիենին իրագործել իր նախագիծը` նկարազարդել իդիշ բանաստեղծ Մորիս Ռոզենֆելդի «Գետտոյի երգը» գիրքը, որը բարոնը թարգմանել էր գերմաներեն։ Դրա համար նկարիչը նույնիսկ մեկ ամբողջ տարի հաստատվել է բարոնի` Թյուրինգիայում գտնվող ամրոցում։ Այնտեղ նա նաև նկարազարդումներ է արել բանաստեղծական թարգմանությունների գրքի համար, որը հետագայում բազմիցս վերահրատարակվել է։ Դրանից հետո Լիլիենը գիրք ձևավորողի մեծ համբավ է ձեռք բերել և նկարազարդել եռահատոր «Աստվածաշունչը», «Երգ երգոցը» և այլ գրքեր։
Որպես սիոնիստական շարժման ակտիվ ներկայացուցիչ` Լիլիենը 1906-1918 թվականներին մի քանի անգամ այցելել է Պաղեստին[6]։ Նա օգնել է Բորիս Շացին Երուսաղեմում Արվեստների ու արհեստների դպրոց հիմնելու (ներկայումս` Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա)։ 1906 թվականին դասավանդել է նոր դպրոցում` իր անջնջելի հետքը թողնելով հրեական արվեստի վրա։ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներին Լիլիենի աշխատանքները օրինակ էին հանդիսանում նկարիչների համար, որոնք հավաքվել էին Բեցալելում։
Լիլիենը սիոնիզմի հայր Թեոդոր Հերցլի հայտնի լուսանկարի հեղինակն է (Հերցլն ընդհանրապես եղել է Լիլիենի սիրած ֆոտոմոդելներից մեկը, ով հանձին նրա տեսնում էր «նոր հրեայի» կերպարը)[7]։
1902 թվականին դարձել է հրեական ազգային Jüdischen Verlags հրատարակչության հիմնադիրներից մեկը, որտեղ եղել է և' նկարիչ, և' խմբագիր, և' տնօրինել է տնտեսական հարցերը։ Նույն թվականին մեկնել է Ռուսաստան` հրեական գրականության ժողովածու նախապատրաստելու, որը, սակայն, չի տպագրվել` պայմանավորված 1905 թվականի իրադարձություններով։
1914 թվականին Լիլիենը կրկին այցելել է Պաղեստին, սակայն այս անգամ որպես ավստրո-հունգարական բանակի զինվոր, որտեղ հրավիրվել էր որպես ռազմական լուսանկարիչ և նկարիչ։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Բեռլին, որտեղ ակտիվորեն շարունակել է գիրք նկարազարդել։ 1922 թվականին «Benjamin Harz» հրատարակչությունում լույս է տեսել Լոտար Բրեյգերի «Եֆրայիմ Մոշե լիլիեն» գիրք-ալբոմը` նկարչի կենսագրությամբ ու նրա 226 աշխատանքների վերատպությամբ։ Լիլիենի նկարներով պատրաստվել են Էսսենի հին սինագոգի մուտքի հսկայական դռները։ Նա նաև թողարկել է փոստային նամականիշների մեծ շարք և նկարել նամականիշների համար, իսկ նրա էքսլիբրիսները գրաֆիկական աշխատանքի լավագույն օրինակներ են։
1923 թվականին Նյու Յորքում բացվել է Լիլիենի աշխատանքների` առաջին հերթին գրքերի նկարազարդումների ցուցահանդես։
Նա համարվում է հրեա այն նշանավոր նկարիչներից, որոնք իրենց ստեղծագործություններով լուսաբանել են սիոնիստական թեման։ Լիլիենը հրեական միջավայրում հայտնի է որպես «սիոնիստ առաջին նկարիչ»։
Լիլիենը մահացել է ինֆարկտից Բադենվայլեր առողջարանային քաղաքում, թաղված է Բրաունշվայգում (կնոջ` Ելենայի հայրենիքում)։
Լիլիենի անունով փողոցներ կան Թել Ավիվում, Նայոտիում (Երուսաղեմի մերձակայք)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.