From Wikipedia, the free encyclopedia
Ինքնորոշման իրավունք, ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից։ Հիմնվում է ՄԱԿ-ի բանաձևով[1][2] նախատեսված նորմերի վրա։ Ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ ժողովուրդը, հենվելով հավասար իրավունքի և հնարավորության հավասարության սկզբունքով նախատեսվող արդարության վրա, ունի իրավունք ազատորեն ընտրելու իր ինքնիշխանությունն ու միջազգային քաղաքական կարգավիճակը՝ առանց արտաքին միջամտության[3]։
Ինքնորոշման իրավունքը կապված է կայսերականության գաղափարախոսության անկման և քաղաքական ինքնիշխանության հետ, որի ձևավորումը գալիս է 1648 թվականին կնքված Վեստֆալիայի պայմանագրից։ Արդյունաբերական հեղափոխության ընթացքում և դրանից հետո մարդկանց տարբեր խմբեր ճանաչեցին իրենց ընդհանուր պատմությունը, աշխարհագրությունը, լեզուն և ավանդույթները։ Ազգայնականությունը առաջ մղվեց որպես միավորող գաղափարախոսություն ոչ միայն մրցակցող ուժերի, այլ նաև այն խմբերի համար, որոնք ստորադաս կամ իրավազուրկ կարգավիճակ ունեին պետության ներսում։ Այս պայմաններում ինքնորոշումը կարող է դիտարկվել որպես կայսերականության նկատմամբ ռեակցիա։ Այսպիսի խմբերը սովորաբար հետապնդում են անկախություն և ինքնիշխանություն իրենց տարածքում, սակայն երբեմն նկատվել են ինքնավարության ձգտման և ձեռքբերման օրինակներ։
Առաջին անգամ այս կոնցեպտն իր արտահայտությունն է գտել 1860-ականներին և այդուհետ արագորեն տարածվել[4][5]։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո այն խրախուսվել է Վլադիմիր Լենինի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից։ Վերջինս, մասնավորապես, նշել է․ «Ազգային ձգտումները պետք է հարգվեն, մարդիկ պետք է կառավարվեն իրենց համաձայնությամբ։ Ինքնորոշումը սոսկ եզր չէ, այն գործողությունների հրամայական սկզբունք է»[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացում, այն ընդգրկվեց Ատլանտյան Հռչակագրում, որը կնքվեց 1941 թվականի օգոստոսի 14-ին ԱՄՆ նախագահ Ֆ․ Դ․ Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու․ Չերչիլի կողմից[7]։ Առավել ուշ շրջանում ինքնորոշման իրավունքը որպես միջազգային իրավունքի սկզբունք իր ճանաչումը գտավ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հռչակվեց որպես իրավունք[8]։
Ինքնորոշման իրավունքը չի նախատեսում որոշումների կայացման գործիքակազմը։ Պարզ չէ, թե ինչ արդյունքների դրա կիրարկումը կարող է հանգեցնել՝ անկախության, դաշնության, պրոտեկտորատի, ինքնավարության, թե ամբողջական ուծացման։
1990-ականներից ի վեր,ազգային ինքնորոշման լեգիտիմացումը հանգեցրել է պետությունների ներսում մի շարք հակամարտությունների, քանի որ ենթախմբերը սկսեցին ձգտել ավելի լայն ինքնորոշման՝ ընդհուպ մինչև անջատում։ Սրան զուգընթաց առաջնորդության համար պայքարը ինչպես խմբերի ներսում և միմյանց հետ, այնպես էլ գերիշխող պետության հետ սկսեց առավել բռնի երանգ ստանալ[9]։ Այս շարժումների նկատմամբ միջազգային արձագանքը համասեռ չէր և սովորաբար թելադրված քաղաքական նկատառումներով, քան սկզբունքով։ 2000 թվականի Հազարամյակի հռչակագրում չհաջողվեց լուծում գտնել այս նոր իրողությունների համար՝ շեշտադրելով միայն «ինքնորոշման իրավունք այն ժողովուրդների համար, ովքեր մնում են գաղութատիրության ճիրաններում և կամ օտար տիրապետության տակ»[10][11]։ Ինքնորոշման իրավունքի շուրջ ժամանակակից դիսկուրսը տարածվում է հետևյալ իրավական և քաղաքական ասպեկտների շուրջ։
Միջազգային իրավունքը չի տրամադրում «ժողովուրդ» եզրի իրավական սահմանում[10]։ Ժամանակակից միջազգային իրավունքը չի ճանաչում էթնիկ կամ այլ փոքրամասնությունները որպես առանձին ժողովուրդ։ Բացառություններ են կազմում այն դեպքերը, երբ նման խմբերը կազմակերպված ճնշումների են ենթարկվում այն պետության կառավարության կողմից, որտեղ իրենք բնակվում են[12][13]։
Առավել պարզ տերմինաբանությամբ «Ժողովուրդն» անհատների մի խումբ է, ով անանուն ընտրում է առանձին պետություն։ Եթե ժողովուրդն անանուն է իր այս պահանջում, ապա վերջինը դառնում է ավելի ուժեղ։ Օրինակ՝ Հարավսլավիայի դաշնային միավորների բնակչությունները համարվում էին ժողովուրդ դրա լուծարման ժամանակ, թեև որոշ միավորներ աչքի էին ընկնում խայտաբղետ բնակչությամբ[14]։
Թեև «ժողովրդի» համընդհանուր ընդունված սահմանում չկա, հիմնականում հղվում է ՄԱԿ-ի Հատուկ զեկուցող Մարտինես Կոբոի կողմից առաջարկվող սահմանմանը բնիկ բնակչության մասին իրականացված իր հետազոտությունում[15]։ Ժողովրդավարական և արդար միջազգային կարգի խթանման հարցերով ՄԱԿ-ի անկախ փորձագետ Ալֆրեդ դե Զայասը հենվելով «Քիրբիի սահմանման» վրա[16] 2014 թվականին Գլխավոր Ասամբլեային ուղղված իր զեկույցում (A/69/272) «ընդհանուր պատմական ավանդույթներ, ռասսայական և գաղափարախոսական ինքնություն, մշակութային հոմոգենություն, լեզվական ընդհանրություն, տարածքային և տնտեսական ընդհանուր կյանք։ Սրան հարկ է ավելացնել սունյեկտիվ բաղադրիչ․ կամքը ճանաչվելու որպես ժողովուրդ և գիտակցությունը ժողովուրդ լինելու»[17]։
Ժողովրդի՝ ինքնորոշման իրավունք ունենալու ասպեկտը առաջ է մղվել 2010 թվականի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Կոսովոյի վերաբերյալ որոշման մեջ, համաձայն որի դրա բնութագրիչ գծերն են՝ 1) ավանդույթներ և մշակույթ, 2) Էթնիկություն, 3) պատմական կապեր և ժառանգություն, 4) լեզու, 5) կրոն, 6) ինքնության զգացում/նմանություն, 7) որպես ժողովուրդ հանդես գալու կամք, 8) նդհանուր տառապանք[18]։
Ազգերի ինքնորոշման իրավունքը, թվում է, թե մարտահրավեր է նետում պետությունների տարածքային ամբողջականությանը՝ լեգիտիմիացնելով ժողովրդի կամքը։ Սա ենթադրում է, որ ժողովուրդը պետք է ազատ լինի՝ ընտրելու անկախության կամ որևէ պետության կազմում գտնվելու կարգավիճակների միջև։ 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտի, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և միջազգային իրավունքի դոկտրինի համաձայն՝ տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի միջև հակասություններ չկան[19][20][21][22]։ Մասնավորապես, նշվում է, որ ՄԱԿ-ի դատարանն իր խորհրդատվական եզրակացության 80-րդ կետում անդրադարձել է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների հարաբերակցությանը՝ համաձայն որի տարածքային ամբողջականությունը դիտարկվում է միջպետական հարաբերությունների համատեքստում։ Այդպիսով՝ ՄԱԿ-ի դատարանը չեղարկել է ինքնորոշվող ազգային հանրույթի սեցեսիոն գործողությունների վիճարկման մյուս հիմքը՝ ազգերի ինքնորոշման և պետությունների տարածքային ամբողջականության ենթադրյալ հակասության ու տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության թեզը՝ փաստելով ազգերի ինքնորոշման սկզբունքի ինքնաբավ բնույթը[23]։
Շուրջ 30 տարի ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը հենվում է միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի չկիրառման վրա։ Ի տարբերություն, օրինակ՝ Կոսովոյի՝ Լեռնային Ղարաբաղը, իրացնելով իր ազատ ինքնորոշման իրավունքը, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հռչակեց անկախություն բնակչության ուղղակի կամարտահայտման՝ պլեբիսցիտի միջոցով՝ որպես ժողովրդավարության բարձրագույն դրսևորում։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այս ակտը գերազանցում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի սահմանած ժողովրդավարական լեգիտիմացիայի նվազագույն շեմը[24]՝ պայմանավորված լինելով նաև «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» օրենքով (ապրիլի 3, 1990 թվական)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.